HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Թող չհուսան, որ ժամանակը վերքերս կբուժի

Ասում է անցյալ տարվա մայիսին Արցախի N զորամասի մարտական դիրքերից մեկում սպանված Անդրանիկ Հայրապետյանի մայրը` Անահիտ Կիրակոսյանը: Պաշտոնական տվյալներով` Անդրանիկին սպանել է հակառակորդի դիպուկահարը, սակայն ծնողները վստահ են, որ զինվորին կրակել են հայկական կողմից:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագ, սերժանտ Էդգար Ավետիսյանին` «Մարտական հերթապահություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ վերաբերմունք» դրսևորելու համար, որն «առաջացրել է ծանր հետեւանքներ»:

Գործի շրջանակներում «Պաշտոնական դիրքը չարաշահելու» համար մեղադրվում է նաև հիշյալ զորամասի գումարտակներից մեկի հրամանատար Արթուր Պետրոսյանը, սակայն վերջինիս առաջադրված մեղադրանքը բուն սպանության հետ որևէ առնչություն չունի: Ի Տարբերություն սերժանտի` հրամանատար Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է «Ստորագրություն չհեռանալու մասին» որոշումը:

Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է գործի քննությունը: Բայց երկու ամբաստանյալներն էլ, լիովին ընդունելով առաջադրված մեղադրանքը, միջնորդել են դատավարությունն անցկացնել արագացված կարգով:

«Նույնիսկ մեղադրող-դատախազ Միսակյանն առարկություն ներկայացրեց և խնդրեց, որպեսզի դատավարությունը չանցկացվի արագացված կարգով: Ես ինքս ափերից դուրս եկա և ասացի, որ նրանք մարդասպաններ են, գիտեն, որ համաներմամբ ազատ են արձակվելու, դրա համար արագացված դատ են ուզում: Բայց դատավորը ոչ մի բան հաշվի չառավ»,- ասում է զինվորի մայրը:

Դատավոր Կարինե Ղազարյանը բավարարել է ամբաստանյալների միջնորդությունը` որոշելով դատավարությունն անցկացնել արագացված կարգով:

«Ես դատական նիստը կիսատ եմ թողել, գնացել եմ գլխավոր դատախազի մոտ, բայց ասացին, որ տեղում չէ: Հետո եկա նախագահի նստավայր, ու քանի որ ինձ չէին ուզում ընդունել, պառկեցի մուտքի դարպասների մոտ, որպեսզի նախագահը չկարողանա մտնել կամ դուրս գալ իր աշխատավայր»,- պատմում է Անահիտ Կիրակոսյանը:

Ի վերջո, նախագահականի իրավաբանական վարչությունում ընդունել են սպանված զինվորի ծնողներին: Նրանց ասել են, թե չեն կարող միջամտել դատարանի գործունեությանը, սակայն դատախազության միջոցով ուշի ուշով կհետևեն գործի ընթացքին:

«Ես գիտեմ` նրանք հույսը դրել են ժամանակի վրա: Բայց թող չհուսան, որ ժամանակը վերքերս կբուժի: Հակառակը` ես որդուս ավելի շատ եմ կարոտում: Նույնիսկ չեմ կարողանում նկարում նայել նրա աչքերին, ու մինչև իրական մեղավորները չպատժվեն, շարունակելու եմ պայքարել»,- ասում է Անահիտ Կիրակոսյանը:

Դատավորը հաջորդ նիստը նշանակել է հուլիսի 31-ին: Ամենայն հավանականությամբ, այդ օրը նա կհրապարակի դատավճիռը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter