HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Հետքի» թղթակցին հարցաքննել են Քննչական վարչությունում

«Երեկ ինձ հրավիրել էին քննչական վարչություն, և շուրջ 3 ժամ` 16:00-ից մինչև 19:30-ի սահմանները, քննիչ Գոռ Հովակիմյանը բացատրություններ վերցրեց Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի տնակային ավանում կատարված դեպքերի վերաբերյալ»,- պատմում է «Հետքի» Լոռու մարզի թղթակից Լարիսա Փարեմուզյանը:

Հիշեցնենք, որ վերջինս Մարդու իրավունքների պաշտպանին դիմումով հայտնել էր, որ օգոստոսի 27-ին ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները Վանաձորի Վարդանանց փողոցում տեղակայված տնակային ավանի բնակիչներին տարհանելիս դիմել են բռնությունների` միաժամանակ խոչընդոտելով իր մասնագիտական աշխատանքը. խլել են ֆոտոխցիկը և քաշքշել:

Օմբուդսմենն արդարադատության նախարարին խնդրել էր լրագրող Փարեմուզյանի հայտնած տեղեկությունների հիման վրա նշանակել ծառայողական քննություն և անհրաժեշտության դեպքում համապատասխան անձանց ենթարկել պատասխանատվության: Եվ ահա «Հետքի» թղթակցին կանչել են հարցաքննության:

«Ես 15 լուսանկար տվեցի, որոնցում ֆիքսված են ԴԱՀԿ աշխատակիցների կողմից գործադրվող բռնությունները: Հաստատեցի, որ ականատես եմ եղել Անահիտ Մարգարյանի նկատմամբ կատարվող անօրինականություններին, լրագրողական աշխատանք եմ կատարել ամբողջ տնակային ավանում, և բնակչությունը միահամուռ դժգոհել է կատարվող բռնությունների կապակցությամբ,- պատմում է Լ. Փարեմուզյանը,- սակայն ինձ համար շատ զավեշտալի էր, որ նախաքննող մարմինը կարևոր հարցերը թողած, ինձ հարցնում էր, թե որտեղի՞ց եմ իմացել ԴԱՀԿ աշխատակիցների ժամանման մասին, ե՞րբ եմ գնացել այնտեղ, ո՞ւմ հետ… »:

Մինչդեռ, ըստ լրագրողի, տնակային ավանի հետ կապված կան ուշադրության արժանի շատ ավելի լուրջ խնդիրներ:

«Օրինակ` այդ անօրինական վտարումը: Երկրորդ` տվյալ հողատարածքները հիմնականում գտնվում են քաղաքի օլիգարխների, մասնավորապես` Վանաձորի քաղաքապետի և նրա հարազատների ձեռքին: Այս հարցերն ուսումնասիրելու, կամ ԴԱՀԿ ծառայողների կողմից գործադրված բռնություններով հետաքրքրվելու փոխարեն քննիչն ինձ հարցնում է ինֆորմացիան հայտնողի մասին»,- ասում է Լ. Փարեմուզյանը:

Մյուս կողմից ԴԱՀԿ ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` Լարիսա Փարեմուզյանն է խոչընդոտել հարկադիր կատարողների աշխատանքը, անտեսել է ներկայանալու նրանց պահանջը, կոպտել է ծառայողներին` ներկայանալով միայն իրավիճակը սկանդալայինին վերածելուց հետո:

« …Բացի Լ. Փարեմուզյանից, ծառայողների գործողություններին ականատես էին նաև բազմաթիվ լրագրողներ, որոնք առանց որևիցե խնդիր հարուցելու` կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները»,- նշված է հայտարարությունում:

«Ոչ մի լրագրող, բացի ինձնից, չի եղել այնտեղ. ես մենակ եմ աշխատել, համենայնդեպս ժամը 13:30-ի սահմաններում: Ավելի ուշ եկավ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակից Մարիամ անունով մի աղջիկ: Նա էլ սկսեց լուսանկարել և ըմբոստանալ ԴԱՀԿ աշխատակիցների դեմ բռնությունների համար»,- մանրամասնում է Լ. Փարեմուզյանը և դժվարանում ասել, թե գործն ինչ ընթացք կստանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter