HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ինչո՞ւ չեն բացահայտվում լրագրողների դեմ կատարված հանցագործությունները

Գուցե ժամանա՞կն է այդ գործերը հանձնել ավելի կարող ուժի, ասենք, ԱԱԾ-ի վարույթ

Հարցն այսօրվա ասուլիսում լրագրողներն ուղղեցին Ոստիկանության 6-րդ վարչության պետ Հունան Պողոսյանին` մանրամասնելով, որ տարիներ շարունակ Հայաստանում լրագրողների դեմ կատարված բռնարարքների հեղինակներն այդպես էլ չեն կանգնել արդարադատության առջև:

Մասնավորապես, չբացահայտված են մնում «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի (խոսքը վերաբերում է հարուցված քրեական գործից անջատված մասին), «Շանթ» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Նվեր Մնացականյանի, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության երեւանյան գրասենյակի ղեկավարի նախկին պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի, «Առավոտ» օրաթերթի գլխավոր Խմբագիր Արամ Աբրահամյանի և այլ լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունները:

«Ծանրութեթև մի արեք, թե որ գերատեսչությունն է ավելի ուժեղ կամ ի վիճակի որևէ հանցագործություն ավելի նորմալ բացահայտել, քան մյուսը»,- հարցին ի պատասխան` լրագրողների կոչ արեց Հունան Պողոսյանը և հիշեցրեց, որ հիշյալ հանցագործությունների բացահայտման աշխատանքներում ներգրավված են եղել նաև Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները:

«Երկրորդ, պատկերացրեք մի իրավիճակ, երբ բոլոր հանցագործությունները բացահայտվում են: Դա անհեթեթություն է: Սրանք դասվում են դժվար բացահայտվող հանցագործությունների շարքին»,- ասաց վարչության պետը:

Ըստ նրա` նույնիսկ վեր են հանվել լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների տարիների վաղեմությունն ունեցող գործերը, վերսկսվել են նոր աշխատանքներ, և բոլոր դեպքերով ստեղծվել են առանձին խմբեր:

«Որոշ դեպքերում ահագին առաջընթաց կա, բայց բացահայտման առումով այսօր չեմ կարող ասել, թե վաղը կամ մյուս օրը դրանք կբացահայտվեն,- ասաց Հ. Պողոսյանը: – Էդիկ Բաղդասարյանի գործի անջատված մասով աշխատանքները շարունակվում են: Նույնը Նվեր Մնացականյանի նկատմամբ կատարված հանցագործության գործով: Ինքս երկու անգամ հանդիպել եմ Ն. Մնացականյանի հետ, ունեցել եմ լուրջ հարցազրույց, գործը վերցրել եմ անձնական հսկողության տակ` ոստիկանության պետի հանձնարարությամբ: Աշխատանքները շարունակվում են: Հավատացեք, եթե հսկվում է մի բան, ամենօրյա պահանջ կա, ուրեմն չի կարող սառեցվել»:

Լրագրողները հիշեցրին, որ Նվեր Մնացականյանը հեռուստաեթերով ոստիկանությանը խնդրել է, որպեսզի չզբաղվեն իր գործով, քանի որ ինքն ասում է մի բան, ոստիկանները` մեկ այլ բան:

«Եթե նա պահանջում է, որ որևէ մեկը չզբաղվի այդ գործով, դա բավականին քիչ է. աշխատանքները շարունակվելու են, անկախ նրանից, ինքը ցանկանո՞ւմ է, թե՞ ոչ: Ավելի լավ է դրսևորել այնպիսի վարքագիծ, որով օգնեն բացահայտման աշխատանքներին, ոչ թե խոչընդոտեն,- հակադարձեց վարչության պետը,- Ոստիկանները միշտ էլ ասում են այն, ինչ-որ ներկայացնում է տուժողը, մեղադրյալը և այլն: Ասվում է այնքան, ինչքան հնարավորություն է տալիս նախաքննության գաղտինությունը»:

Վերջում Հունան Պողոսյանը վստահեցրեց, որ այդ հացագործությունները բացահայտել չկարողանալու կամ նման ցանկություն չունենալու մտավախություններն անտեղի են. «Ընդհակառակը, բոլորն էլ ուզում են, բացահայտվի, նաև ղեկավարները, որպեսզի նման ասուլիսների ժամանակ վատ վիճակում չհայտնվեն, կարողանան ռեալ պատասխաններ տալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter