HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ինձ Աստված ազատեց

Բացի այդ Սփյուռքից ճնշումներ կային իշխանությունների վրա

Ասում է սիրիահայ Ավետիս Կալայջյանը, ում այս տարվա դեկտեմբերի 4-ին Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանն ազատ է արձակել հենց նիստերի դահլիճից: Նա մեղադրվում էր պետական և քաղաքական գործիչների, մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանի սպանության նախապատրաստության մեջ:

Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Կալայջյանը ներկայացրեց իր հետ կատարվածի մանրամասները:

«Քանի որ Հանրապետական կուսակցությունը շեղում արձանագրեց իր ընթացքից, մանավանդ` ցեղակրոն գաղափարախոսությունից, բնականաբար, ներքին ընդդիմադիր դիրքորոշում ունեցա, հատկապես` մարտի 1-ի դեպքերից հետո տեղի ունեցած հակաժողովրդական գործընթացներից հետո, երբ հայազգի հպարտության առարկա ազատամարտիկներ, քաղաքական գործիչներ լցվեցան բերդերը, որոնց միակ մեղքն այն էր, որ ընդդիմադիր կեցվածք ունեին»,- ասում է Ա. Կալայջյանը և նշում, որ այս ամենին ավելացել է նաև ՀՀ իշխանությունների կողմից Թուրքիայի հետ վարվող «ոչ հեռատես քաղաքականությունը»:

Ելնելով վերոգրյալից, ըստ բանախոսի, ինքը վերջնագիր է ներկայացրել Հանրապետականին ու դիմում գրել կուսակցությունից հրաժարվելու մասին:

«Անցյալ տարվա մարտի 15-ին ես և իմ ընկերը` միլպետ, գնացինք սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ, և նա ասաց` զգուշացիր, քո հետ կապված հորիզոնում քրեական գործ կա: Ես Հայաստանում չեմ ծնվել և վարժ չեմ սարքովի գործերին, դրա համար հարցրի, թե ինչպես կարող եմ զգուշանալ: Ասաց` Հայաստանից հեռացիր, թեկուզ ժամանակավոր»,- հիշում է սիրիահայ Կալայջյանը` շեշտելով, որ Հայաստանը լքելու մասին ոչ մի վայրկյան չի մտածել, քանի որ «օրենք հարգող մարդ» է և երբեք չի խախտել նույնիսկ երթևեկության կանոնները:

Վերջինիս պատմելով` այս զրույցից 5 օր անց իրեն զանգահարել է Հանրապետական կուսակցության պատասխանատուներից Ռուբեն Թադոսյանը և հրավիրել կուսակցության գրասենյակ: Այստեղ մեկ այլ հանրապետականի` Կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանի մասնակցությամբ տեղի ունեցած զրույցի ընթացքում Կալայջյանին ասել են, թե Սարժ Սարգսյանն իրեն կուսակցությունից հեռացրել է:

«Սերժ Սարգսյանը կուսակցական մեծ փորձ չունի, քանի որ ես կուսակցությանը վերջնագիր էի ներկայացրել, և եթե իմ պահանջները չէր կատարվում, ինքնաբերաբար համարվում էր, որ ես հրաժարվել եմ կուսակցությունից,- ասում է Ավետիս Կալայջյանը: – Ռ. Թադոսյանը և Ա. Ավետիսյանն իմ այս դիտարկմանը համաձայն էին: Ես ասացի, որ պետք է մամլո ասուլիս հրավիրեմ և հրապարակեմ իմ հրաժարականը: Ու որպեսզի այդ մամլո ասուլիսը չտամ, որպեսզի ինձ լռեցնեն, բնականաբար, կալանավորեցին»:

Բանախոսի ներկայացմամբ` մինչ այդ իր հեղինակած «Թուրք-թուրանական ծավալապաշտությունը և 70 նահատակ ազգեր» գիքից ավելի քան 30 օրինակ նվիրել էր պաշտպանության նախարարությանը: Սակայն Սեյրան Օհանյան խնդրել էր ևս 100 օրինակ, խոստանալով «պատալոկ մեկ ամսվա ընթացքում այդ 100 գրքի գումարը վճարել»: Բայց նախարարը խոստումը չէր պահել ու ամիսներով ձգձգել գումարի վճարումը:

«Մարտի 18-ին Պաշտպանության նախարարությունից մի քիչ ներվայնացած դուրս եկա, քանի որ 2000 դոլարի պատճառով քաշքշուկների մեջ էի մտել:Գնացի մի ընկերոջ բնակարանը: Նա տանը չէր: Որդու (Մասիս Բաղդասարյան) և ավելի ուշ` մեզ միացած որդու ընկերոջ (ազատամարտիկ Ժիրայր Մկրտումյան) հետ զրույցի բռնվեցինք,- Պատմում է Կալայջյանը: – Ընդդիմադիր ընտանիք են, սկսեցին ասել, թե էսի պետություն չի, իշխանություն չի: Իսկ տեղացի ազատամարտիկները սովորություն ունեն իշխանություններին քննադատելուց հետո, վերջում խոսակցություն տանել գյուլոցու մասին: Ասաց` ընկերս սպեցնազում է եղել, կարող է մտնել վարչապետարան, խփել Տիգրան Սարգսյանին: Ասացի` եղբայր, նա խելոք մարդ է, նոր է նստել, չգիտենք` լա՞վն է, թե՞ վատը, եթե բան պետք է անեք, նախագահն է պատասխանատու: Ասացին` նախագահն անհասանելի է, պատասխանեցի` ինչո՞ւ է անհասանելի, ամեն Զատիկի գնում Էջմիածին աղոթելու: Սա է եղել ամբողջը»:

Ըստ սիրիահայ Կալայջյանի` օրեր անց «այդ տղան» գնացել է Էջմիածին, «նարկոտիկ սրսկվել» ու ընկերներին խորհուրդ տվել` Զատկի տոնին եկեղեցի չգնալ, քանի որ այդ օրը «Սերժին խփելու են»:

«Ես չեմ նեղանում նրանից: Հիմա նարկոտիկ ա սրսկվել ու մի բան ասել է: Ես մեղադրում եմ ԱԱԾ-ին, որովհետև իմանալով, որ «պերեվարոտն» այս ձևով չի իրականանա, դրանից հետևեցրել են, թե նախագահ, վարչապետ, նախարարներ ու դեպուտատներ պետք է սպանվեն: Ընդ որում` շատ լավ իմանալով, որ ես երկու կողմում` թե´ ընդդիմադիր, թե´ իշխանամետ, ունեմ շատ մոտիկ ընկերներ»,- ասում է բանախոսը և ընդգծում, որ իր դեմ հարուցված քրեական գործն այնքան անհեթեթ է, որ ինքը, լինելով միակ մեղադրյալը, ներկայացվել է և´ իբրև կազմակերպիչ, և´ զենք-զինամթերքի մատակարարող, և´ «պերեվարոտն ի գործ դնող»:

Ավետիս Կալայջյանն ազատազրկվել է անցյալ տարվա ապրիլի 6-ին: Երկու ամիս նա անցկացրել է «Երևան-Կենտրոն» Քրեակատարողական հիմնարկում (ԿԳԲ-ի պադվալ), այնուհետև տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:

«ԿԳԲ-ի բանտում ամեն առավոտ պատարագ էի մատուցում: Բայց խուցս փոխեցին, ինչը վկայում է, որ մինչև հիմա ստալինյան մեթոդներով են առաջնորդվում: Հետո տարան «Նուբարաշեն»: Նոր էի տեղափոխվել, հուլիս ամսին էր: Գիշերվա 4-ին տղաներից մեկը արթնացրեց, թե մի մարդ քեզ պատուհանից ձայն է տալիս, ասաց` ինչ-որ մի հովիվ է քեզ կանչում: Բնականաբար, կալանավորներից նրանք, ովքեր լավ կաշառք են տալիս հսկիչներին, նրանց խցի դռան փոքր պատուհանը բաց են թողնում:

Իրենց պնդումին տակ մոտեցա դռանը և տեսա` մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր: Ասաց` Ավետիս, ծնկի գալու կարիք չկա, այստեղ տեղը չի: Մեկ էլ թևս մտավ և ինձ հոգով տարավ դուս ու ասաց` Ավետիս ջան, ես քո, քո եղբայների ու քույրերի աղոթքները լսել եմ, քաջ իմացիր, որ ես քո թիկունքին եմ, որևէ մեկը քեզ չի կարողանալու դատել, դու անմեղ ես և ազատ ես արձակվելու: Հարցրի` շա՞տ շուտով, ասաց` չէ, մի քիչ պետք է համբերես: Վեց ամիս չանցած ազատ արձակվեցի»,- ասում է Ա. Կալայջյանը:

Դատավոր Արարատ Պետրոսյանը նրան ազատ է արձակել «ապացույցների անբավարարության և հանցակազմի բացակայության» հիմնավորմամբ: Սիրիահայ Կալայջյանն ասում է, թե մեծ դեր են խաղացել նաև ՀՀ իշխանությունների վրա սփյուռքահայերի գործադրած ճնշումները:

Նա նաև նշում է, որ 2 հայցով մտնելու է դատարան: Նախ` պահանջելու է փոխհատուցել իր կրած նյութական և բարոյական վնասը, հետո` պատասխանատվության ենթարկել ԱԱԾ-ի երեք աշխատակցի` Հակաահաբեկչական բաժնի պետ, գնդապետ Հրանտ Եպիսկոպոսյանին, բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Սամվել Հարությունյանին և ավագ քննիչ, մայոր Արթուր Աղաջանյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter