HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Սեքսը դարձրել են շոու»

«Այսօր բոլորը խոսում են սեքսից, կարծես` սեքսը դարձրել են շոու: Հաղորդումներ կան, որ ամոթ, աբուռ կորցրած` ամեն ինչ ասում են ու նկարագրում: Ֆոտոսեսիաներ են անում, ներկայացնում մերկ կամ կիսամերկ աղջիկների: Ախր, դա հեռուստատեսության բան չէ, չգիտեմ` այդ աղջիկների ծնողները նրանց տեսնո՞ւմ են: Կամ վաղը, մյուս օրն այդ աղջիկն ի՞նչ ձևով է ամուսնանալու, նրա ամուսինն ո՞վ է լինելու,- հարցնում է սեքսոպատոլոգ, թերապևտ Մարատ Զաքարյանը և ինքն էլ պատասխանում,- երևի իր նման մեկը: Ու պատկերացրեք, թե դրանց զավակն ինչ պետք է լինի»:

Սեքսոպատոլոգն այսօր «Հայելի» ակումբի հյուրն էր և հիմնականում խոսում էր սեռական դաստիարակությունից: Ըստ նրա` այս ոլորտում հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է օրենք ընդունել, «որպեսզի ուսուցիչները բժիշկների մոտ վերապատրաստման դասընթացներ անցնեն, գոնե իմանան սեքսոլոգիայի հիմունքները և կարողանան երեխաներին ճիշտ ուղու վրա դնել, զերծ պահեն սեռական և, ընդհանրապես, հոգեկան շեղումներից»:

Մ. Զաքարյանը հիշում է, որ մասնավոր դպրոցներից մեկում դասընթացների ժամանակ 14-15 տարեկան աշակերտներից այնպիսի հարցեր է լսել, որ մնացել է զարմացած: «Որովհետև մտնում են ինտերնետ և ինչ ասես` գտնում»,- ասում է նա և նշում, որ եթե երեխան աղավաղված ընկալեց սեռական հարաբերությունները կամ ճիշտ չպատկերացրեց ծնողների դերը, դա կարող է հանգեցնել վատ հետևանքների:

«Ենթադրենք` երեխան 4-5 տարեկանում տեսնում է ծնողների սեռական հարաբերությունը: Նա կմտածի, որ պապան մամային խեղդում է, ու նրա մեջ խղճահարություն կձևավորվի մոր, ագրեսիա` հոր նկատմամբ: Եթե երեխային չբացատրվի` ինչի մասին է խոսքը, նա աստիճանաբար կառանձնանա, մի քիչ մեծահասակ տարիքում կարող է ընկնել դեպրեսիաների մեջ, ինչը կարող է բերել նաև ինքնասպանության: Տեսեք, թե վտանգը որտեղից ուր հասավ»,- ասում է թերապևտ Զաքարյանը:

Նա պարզաբանում է, որ սեռական ճիշտ դաստիարակությունը, հատկապես 15-17 տարեկանների դեպքում կարևորվում է նաև այն հանգամանքով, որ վերջիններս զերծ կմնան սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից, որոնցից ոմանք անհետևանք չեն անցնում, անգամ սպառնում են մարդու կյանքին, օրինակ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը:

«Սեռական դաստիարակությունը կարևոր է նաև երեխայի նորմալ զարգացման, սեռական շեղումներից, օրինակ` հոմոսեքսուալիզմից զերծ մնալու առումով»,- նշում է Մարատ Զաքարյանն ու ավելացնում, որ հոմոսեքսուալիզմի դեմ պայքարել պետք չէ: Ըստ սեքսոպատոլոգի` նման մարդիկ հասարակության լիարժեք անդամներն են և արդեն համարվում են ոչ թե հիվանդներ, այլ սեռական շեղումներ ունեցողներ: Իսկ այդ շեղումները կարելի է ուղղել, եթե տվյալ անձնավորությունը իսկապես նման ցանկություն ունենա:

«Շեղումներն այսօր, կարծես թե, շատացել են, բայց այդպես չէ: Ուղղակի առաջ` Սովետական Միության ժամանակ, արգելված էր այդ թեմաներով խոսելը, իսկ հիմա ազատություն են տվել ամեն ինչին,- ասում է բանախոսը: – Բոլոր երկրներում հոմոսեքսուալները կազմում են բնակչության 5-7 տոկոսը: Միայն այն երկրներում, որտեղ արդեն թույլատրվում են հոմոսեքսուալների ամուսնությունները, նրանց թիվը շատացել է, քանի որ վերջիններս գնում են այնտեղ, որպեսզի «ընտանիք» կազմեն»:

Սակայն Մ. Զաքարյանի կարծիքով` նման ապագա Հայաստանին առնվազն 100 տարի չի սպառնում, քանի որ «մեր մենթալիտետն ուրիշ է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter