HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Պետրոս Մակեյանին հարցաքննելու են

Թիվ 10/9 ընտրատեղամասում Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Մերուժան Աբրահամյանը «Հետքին» պատմեց, որ Պետրոս Մակեյանը որդու` Կարենի և Ն. Փաշինյանի մյուս վստահված անձ Սուրենը (Մերուժան Աբրահամյանն այժմ փոխարինում է վերջինիս) վնասվածքներով ոստիկանների կողմից տեղափոխվել են հիվանդանոց. «Այնտեղ բուժօգնություն ստանալուց հետո նրանց ոստիկանները պետք է տանեին ոստիկանություն` հարցաքննության»:

Վերջինիս պատմելով` մի քանի շքեղ մեքենաներ` «ջիփեր ու մերսեդեսեր», կուտակվել են ընտրատեղամասի մոտ, և Պ. Մակեյանը հանձնաժողովի նախագահին խնդրել է, որպեսզի նա վերջիններիս հեռացնի տարածքից 50 մետր շառավղով` ինչպես պահանջում է ընտրական օրենսդրությունը:

Սակայն «ջիփավորները» Մակեյանի հասցեին անվայելուչ արտահայտություններ, հայհոյանքներ են տեղացել, հարձակվել են նրանց վրա, ինչի արդյունքում երեքն էլ ստացել են վնասվածքներ:

Քիչ անց ոստիկանական ուժեր են ժամանել ընտրատեղամաս, իսկ միջադեպի ժամանակ տեղամասում գտնվող երեք ոստիկանները, վստահված անձի պատմելով, փոխանակ ծեծողներին բռնեին, ծեծվողներին էին քաշքշում:

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Շահնազարյանը «Հետքի» հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը միջադեպին ականատես չի եղել. երբ աղմուկ է լսել, իջել է ներքև, երբ ամեն ինչ արդեն ավարտված էր: Մակեյանը կամ որևէ մեկը իրեն չեն խնդրել տարածքից որևէ մեկին հեռացնել: Ըստ նրա` ընտրական գործընթացն ընթանում է նորմալ, տեղամասում գրանցված է 1959 ընտրող, որոնցից այս պահին քվեարկել են արդեն մոտ 250-ը: Որևէ բողոք կամ խախտման արձանագրություն դիտորդների վստահված անձանց կողմից չի արձանագրվել:

Լուս.` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter