HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հետախուզվողը դեռևս չի հայտնաբերվել

Ամերիկահայ գործարար Նազարեթ Հագոփ-Բերբերյանի սպանության մեջ մեղադրվող երրորդ անձը (անունը չենք հրապարակում նախաքննության շահերից ելնելով) դեռևս չի հայտնաբերվել, թեև վերջինս, ինչպես վստահեցնում է ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը, չի կարողացել հատել հանրապետության սահմանները:

Նազարեթ Բերբերյանի սպանության մեջ մեղադրվում են 3 անձ: Նրանցից առաջինը` Բերբերյանի ընկեր Պետրոս Թեմիրյանը, ձերբակալվել էր սպանությունից օրեր անց: Հենց նա էլ իրավապահներին հայտնել էր դիակի տեղը:

Մյուս մեղադրյալը` Կարեն Դալլաքյանը, ամիսներ անց հայտնաբերվեց Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում` Մոսկվայում: Վերջինս բարերար Բերբերյանի հետ ուղիղ կապ չի ունեցել և եղել է Պետրոս Թեմիրյանի ընկերը: Աշոտ Կարապետյանի խոսքերով` Կարեն Դալլաքյանը բուն սպանության գործընթացում ավելի լուրջ մասնակցություն է ունեցել, քան Պետրոս Թեմիրյանը:

Գործի քննությունը գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնի վարույթում: Կենտրոնի ոստիկանապետ Կարապետյանն ասում է, որ այս երկու մեղադրյալների մասով քրեական գործը հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատարան: Իսկ երրորդի` հետախուզման մեջ գտնվողի մասով քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը կշարունակվի:

Հիշեցնենք, որ «Լիլ-Նար» ՓԲԸ-ի տնօրեն, 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ Բերբերյանը 2009 թ. ապրիլի 25-ի երեկոյան դուրս էր եկել իր բնակարանից և այլևս չէր վերադարձել: Նրա «Տոյոտա» մակնիշի ջիպ ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում: Ավելի ուշ, մոտ 20 օր անց, Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, իրավապահները հայտնաբերել էին գործարարի դին:

Սպանությունը կատարվել էր խեղդամահ անելու եւ «Կետամին» դեղամիջոց ներարկելու միջոցով: Այնուհետեւ հանցագործները հենց Բերբերյանի ջիպ ավտոմեքենայով դիակը տեղափոխել էին Երեւան-Սեւան ճամփեզրի ձորակ, իսկ մեքենան տարել օդանավակայան` տպավորություն ստեղծելով, իբր Բերբերյանը մեկնել է արտերկիր: Ավտոմեքենան եղել էր լիովին սարքին, չթալանված, նույնիսկ գործի է դրված եղել անվտանգության ձայնաազդանշային համակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter