HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Իշխանությունների մտածելակերպն Արզումանյանին հասու չէ, քանի որ «ինքը ավազակ չէ»

Նախկին արտգործնախարար, հայտնի «Յոթի գործով» դատապարտված Ալեքսանդր Արզումանյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին 7 տարով ազատազրկելու դատավճռին, ասում է, թե այս ամենը 2008 թ. նախագահական ընտրություններից հետո սկիզբ առած «վհուկների որսի, աննախադեպ բեսպրիդելի, քաղաքական հետապնդումների» շարունակությունն է, որն ամենևին էլ կապված չէ Մարտի 1-ի իրադարձությունների հետ:

Այսօր «Իրավունք դե ֆակտո» ակումբի հյուրը լինելով` Արզումանյանը հիշեցրեց, որ քրեական գործը, որով ինքը և իմ ընկերները դատապարտվել են, Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է 2008 թ. փետրվարի 24-ին` Մնացական Մարությանի ստորագրությամբ:

«Սա գալիս է ապացուցելու, որ, քաղաքական նկատառումներով, իշխանությունները հանձնարարել են ընտրությունները կեղծելուց հետո բողոքի դեպքում ձերբակալել և քրեական հենտապնդման ենթարկել բոլոր այս կամ այն չափով աչքի ընկնող քաղաքական գործիչներին: Այնպես որ, Մարտի 1-ը դրա հետ որևէ կապ չունի»,- ասում է Արզումանյանը և հավելում, որ «Մարտի 1-ի սպանդից հետո իշխանությունն այն կոծկելու, իրական մեղավորներին չբացահայտելու համար ուղղակի այդ ամբողջը դարձրեց շիլափլավ և կապեց մեկը մյուսի հետ»:

«Բացարձակապես բացակայում է արդարադատությունն այս երկրում, չկա անկախ դատարան, և խոսել, թե ինչ փչեց տվյալ դեպքում դատավոր Մնացական Մարտիրոսյանի խելքին, որ 1 տարի ավելացրեց (մեղադրողը միջնորդել է Փաշինյանին դատապարտել 6, սակայն դատարանը նրա համար պատիժ նշանակեց 7 տարվա ազատազրկում – հեղ. ), ես չգիտեմ: Պետք է հարցնել իրեն հանձնարարություն տվողներին: Իսկ հանձնարարությունը, որ տրվում է ամենաբարձր մակարդակից, դա ակնհայտ է»,- ասում է նախկին արտգործնախարարը:

Նրա խոսքերով` Փաշինյանի դատավճռի պարագայում իր դերն է խաղացել նաև այն հանգամանքը, որ «Նիկոլի հանդեպ կա հատուկ ընդգծված չարակամ, բացասական մոտեցում»:

«Ինձ համար դժվար է անբարոյական մարդկանց մտքի ծալքերին հետևել և նրանց հոգեբանության մեջ մտնել: Ես այդպես չեմ դաստիարակվել, այդպիսին չեմ էությամբ, և ինձ համար անհասկանալի է այդ օտար մտածելակերպը, այդ թշնամանքի ակունքները: Նման հարցեր մի տվեք, թե ի՞նչ է մտածում այս կամ այն ավազակապետը. ես ավազակապետության մաս չեմ կազմել, ավազակ չեմ, չեմ կարող հասկանալ»,- եզրափակեց Ալեքսանդր Արզումանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter