HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Թուրքիային ներկայացված դեղին քարտերի համակցությունը կարող է վերածվել կարմիր քարտերի»

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի կարծիքով` շատ պայմանական է այն տեսակետը, թե Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը համընկնում են հայ-թուրքաքկան հարաբերությունները կարգավորելու հարցում: «Համընկնել» ասվածը, ըստ նրա, կարող է շատ տարողունակ և առաձգական լինել:

«Եթե ԱՄՆ պարագայում իրոք կա որշակի ցանկություն` լիցաքաթափելու տարածաշրջանը, վերացնելու բաժանարար գծերը, կա նաև Իրանի հետ կապված խնդիրը, ինչպես նաև Ադրբեջանից էներգակիրների ապահով արտահանման հարցերը, ապա մյուսի պարագայում, հատկապես ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո, Ռուսաստանը կրկին վերհիշեց Անդրկովկասում Հայաստանի գոյությունը` որպես գլխավոր և միակ դաշնակցի»,- այսօր «Մամուլի ազգային ակումբում» հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հ. Դեմոյանը:

Մյուս կողմից սերտանում են ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ընդ որում` բացեիբաց հայտարարվում է, թե դրանք պետք է բարձրացվեն ռազմավարական մակարդակի: Այս համատեքստում բանախոսը, որպես օրինակ, մատնանշում է Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգը, որում Հայաստանը դիտարկվում է իբրև հարևան, իսկ Ադրբեջանը` ռազմավարական դաշնակից: «Հետևաբար, զուտ ռազմավարության առումով Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռանկյունը, իմ կարծիքով, չի ստացվում»,- եզրակացնում է Հ. Դեմոյանը:

Նրա խոսքերով` ռուսական կողմը թերևս շահագրգռված է նաև նրանով, որ գոնե գործարկվի երկաթուղին` տարածաշրջանում ապահովելով ՌԴ տնտեսական ներկայությունը` իբրև աշխարաքաղաքական ներկայություն, քանի որ «միայն ռազմական մասով այդ ներկայությունը լիակատար չէ»:

Կարծիքներ են հնչում, որ գերտերությունները միմյանց մեջ են բաժանել Արցախի հիմնահարցի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը. Արցախի հակամարտության լուծման պատասխանատվությունը ստանձնել է Ռուսաստանը, հայ-թուրքականինը` ԱՄՆ-ն: «Հայաստանն արդյոք չի՞ հայտնվի նրանց ռազմավարական շահերի բախման կիզակետում»,- հարցրին բանախոսին:

«Այդպիսի վտանգ միշտ էլ կա»,- ասաց նա` հավելելով, որ միայն մեր կռվանների` եռամիասնության գործոնի շնորհիվ կարող ենք խույս տալ հնարավոր լուրջ ցնցումներից: Ըստ նրա` եռամիասնության գործոնը ձևավորում են Հայաստան պետությունը, հայկական սփյուռքը, և արցախյան հիմնահարցը:

«Ի վերջո, երևի գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ ղարաբաղյան հիմնահարցի եղելությունը շատ առումներով գործում է տարբեր տարածաշրջաններում և գերտերությունների համար քաղաքական հարցեր լուծելու համար: Եթե ղարաբաղյան հիմնահարցը չլիներ գործոն, այն վաղուց, պայմանական ասած` լուծված կլիներ: Հետևաբար, եռամիասնությունը կարող է մեզ ապահովագրել ապագա մարտահրավերներից»,- ասում է Հ. Դեմոյանը:

Նրա խոսքերով` միամտություն է կարծել, թե այդ հիմնահարցն առաջիկա 1-2 տարում կլուծվի այն ձևաչափի մեջ, որով քննարկվում է: «Ղարաբաղյան հիմնահարցն այն հարցերից չէ, որը կտրուկ լուծում ունի, և այն կարելի է բանաձևել: Այսպիսի հիմնախնդիրները, եթե ուզում եք` մասնագիտական կարծիք ասեմ, փակուղային են: Սա նշանակում է, որ կողմերից որևէ մեկը չի գնա այն ցանկությանը, որն ունի հակառակ կողմը»: Հ. Դեմոյանը նշում է, որ Ադրբեջանը հարցին մոտենում է «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքով, իսկ հայկական կողմը երբեք չի ընդունի «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում» տարբերակը:

«Այո, սցենարներից մեկը հավանական պատերազմն է, բայց Ադրբեջանում շատ լավ հասկանում են, և նրան շատ լավ հասկացրել են, թե ինչ կարող են կորցնել այդ հավանական ուժային փորձության պարագայում,- ասում է Հ. Դեմոյանը: – Տարածաշրջանում ցանկացած ռազմական գործողության վերսկսում լինելու է կարճաժամկետ, ինչը ցույց տվեց նաև օգոստոսյան պատերազմը: Երկարաժամկետ, խրամատային պատերազմներ չեն լինելու. դա չի հանդուրժելու որևէ գերտերություն, որը շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ: Իսկ որ հրադադարի ռեժիմի խախտումը տարածաշրջանային հնչեղություն կունենա, ոչ մի կասկած չկա: Հետևաբար, ադրբեջանական զինուժը որևէ շանս չունի 4-5 օրվա կամ մեկ շաբաթվա ընթացքում ապահովել լուրջ ռազմական առաջխաղացում կամ հաջողություններ»:

Իսկ արդյոք Թուրքիայի վրա ճնշումն այնքան ուժե՞ղ է, որ նա կգնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` առանց դրանք արցախյան խնդրի հետ փոխկապակցելու: Հ. Դեմոյանի ասելով` Թուրքիան այն երկիրն է, որ իրեն կարող է թույլ տալ ընդդիմանալ գերտերությունների, մասնավորապես իր հիմնական դաշնակից ԱՄՆ-ի ճնշումներին, ինչն արդեն արել է 2003 թ.` իրաքյան պատերազի ժամանակ:

«Բայց այստեղ պետք է 2-րդ բաղադրիչը մեջտեղ բերեմ. միջազգային հանրության շրջանում ընկալելի չի լինելու թուրքական կողից ցանկացած բացատրություն: Մյուս կողմից` դրանք Թուրքիայի ներքին մարտահրավերներն են, որովհետև հատկապես մեծ քաղաքականությունը չի լուծվում կոնկրետ այս պահին կամ ժամին, այլ լուծվում է հեռահար հաշվարկով` առնվազն 5-10 տարվա կտրվածքով: Հետևաբար, Թուրքիան շատ լավ հասկանում է, որ ժամանակի գործոնի առումով ունենալու է խնդիրներ, որովհետև նրան ներկայացված դեղին քարտերի համակցությունը կարող է վերածվել կարմիր քարտերի, ինչը կարող է դրսևորվել նոր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ձևով: Երկրորդ` Իրաքից հետո սա արդեն հաջորդ լուրջ ազդակը կլինի Վաշինգտոնին, ինչից ամերիկյան ստրատեգները պետք է լրջագույն հետևություններ անեն»,- ասում է Հ. Դեմոյանը:

Ըստ նրա` միանշանակ է, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տապալվի, ապա դա լինելու է միայն Թուրքիայի մեղքով, իսկ հայկական կողմը լուրջ կորուստներ չի ունենալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter