HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ուսումնասիրվում են վերջին 10 տարվա աղմկահարույց սպանությունները

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ձեռքի տակ կա հատուկ ցանկ` 2000 թվականից սկսած հանրապետությունում կատարված աղմկահարույց սպանությունների փաստով, «որոնց վերաբերյալ նոր ստեղծված հատուկ օպերատիվ քննչական խումբը պետք է առանձնահատուկ աշխատանքներ տանի եւ պարբերաբար ցեկուցի արդյունքների մասին»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Ալիկ Սարգսյանը:

«Դրանցից ես` որպես ոստիկանապետ, իմ օրոք կատարված, իմ հետ աշխատած մարդու, որին անձամբ ճանաչել եմ, Գեւորգ Մհերյանի սպանության բացահայտման համար պատասխան եմ տալու անձնապես: Եվ անելու եմ ամեն ինչ` հնարավորն ու անհնարը, որպեսզի սպանությունը բացահայտվի»,- ընգծեց նա:

Վերջինս գտնում է, որ «բոլոր հանցագործություններն էլ ենթակա են բացահայտման», պարզապես կան հանցագործություններ, որոնք նախապես մանրամասն ծրագրված լինելով` առաջ են բերում դժվարություններ: Ըստ ոստիկանապետի` այդպիսի մի գործ էլ իր նախկին տեղակալ Մհերյանի սպանությունն է, երբ առաջ քաշված վարկածները բավականին ճյուղավորված են: Սպանության փաստով կան կալանավորվածներ, սակայն, ոստիկանապետի խոսքերով` հանցագործության գործիքի հետ կապված որոշ հարցեր դեռեւս պարզաբանված չեն, ինչը բարդացնում է տարվող աշխատանքները:

Ալիկ Սարգսյանը նշում է, որ«ՙոստիկանության համար այս գործն ամենաամոթաբերն է, եւ իրենք պետք է վերջնականապես դեն նետեն այդ ամոթաբերության քողը»:

Հիշեցնենք, որ 1975 թ. ծնված Գեւորգ Մհերյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնականն էր: 2008 թ. հուլիսի 2-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նա նշանակվել էր փոխոստիկանապետի պաշտոնում: Սակայն ամիսներ անց` 2009 թ.փետրվարի 3-ին, Գեւորգ Մհերյանը սպանվեց իր բնակարանի մուտքի մոտ` հրազենից արձակված կրակոցներից:

«Իմ աշխատանքի հետագա գնահատականը տալուց անպայման ես այդ էջին կանդրադառնամ: Եթե այդ հանցագործությունը բացահայտվել է, կնշանակի` ես պրոֆեսիոնալիզմի մասին մի քիչ ավելի երկար կխոսեմ: Եթե չբացահայտվեց, բնականաբար, պիտի ազնվորեն խոստովանենք, որ այս պահին չհերիքեց մեր հնարավորությունները եւ երեւի մի ուրիշին բախտ կվիճակվի, մի օր կբացահայտվի: Բայց որ այն կբացահայտվի, խնդրում եմ` դրանում չկասկածեք»,- ասաց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Նա ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հովանավորվող անձանց կատարած հանցագործություններին եւ հատուկ շեշտեց, որ իրենց համար միեւնույն է, թե ով է հանցագործը կամ ինչ կապ ունի այս կամ այն պաշտոնյայի հետ. «Այսօր մեզ համար միեւնույն է: Թերթերում էլ միշտ գրում եք` սրա-նրա զավակները: Չգիտեմ` վերջին տարում դուք ո՞ւմ զավակին եք հայտաբերել հանցագործության կատարման մեջ կամ կասկածյալի դերում: Այդպիսի զավակներ կարծես հիմա չկան: Մարդիկ, ովքեր հատուկ իրավունքներով են օժտված եւ իրենց օրենքից վեր են դասում, ես 2009 թ. ընթացքում առանձնապես չեմ նկատել»:

Ալիկ Սարգսյանը հավաստիացրեց, որ ինչ-որ մեկի արարքի վրա աչք փակելու խնդրանքով իրեն այլեւս ոչ ոք չի դիմում, ու եթե նախկինում ոստիկանության վարչության պետերից մեկը կարող էր զանգել ու ասել, թե «այսինչի տղան է, կամ այնինչի եղբայրը, այսօր դա էլ չեն անում»:

«Ես հիմա բավարարված եմ այս աշխատանքներով. բոլոր մարդիկ Հայաստանի Հանրապետությունում օրենքի առաջ հավասար են: Ում գործը հասավ ոստիկանություն, մնացած ատյանները ես չգիտեմ` թող շարունակեն, ոստիկանության կողմից ուղիղ հակադարձ վերաբերմունքի կարժանանան»,- ասաց ոստիկանապետը:

Լրագրողների դիտարկմանն ի պատասխան, նա ընդունեց, որ ինչ-ինչ շրջանակների մարդիկ «շարունակում են իրենց շատ ինքնավստահ ու պաշտպանված զգալ»` նույնիսկ հանցանք կատարելիս, սակայն, օրինակ բերելով «Ջիանի» ռեստորանային համալիրում վերջերս տեղի ունեցած միջադեպը, ոստիկանապետը վստահեցրեց, որ «ոչ մեկին ոչ մի հովանավորություն չի կարող օգնել»:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող «Ջիանի» ռեստորանային համալիրում մի խումբ անձինք վիճաբանել էին 35-ամյա Գրիգոր Ս.-ի հետ, ծեծի ենթարկել նրան ու անկանոն կրակ արձակել հաստատության ներսում:

Գրիգոր Ս.-ն «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ եւ 1 գնդակ:

Օրեր անց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, բավարարել էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության միջնորդությունը` երկամսյա կալանքի սանկցիա կիրառելով Սարո Թովմասյանի, Ռոման Միրզոյանի եւ Հայկ Մարտիրոսյանի նկատմամբ:

«Այս պահին առկա փաստերով` մեղավոր են հենց այդ երեք կալանավորվածները: Միջադեպի 4-5 մասնակիցներ էլ անցնում են քննությամբ»,- ասաց Ալիկ Սարգսյանը:

Մամուլում գրվել է, որ կալանավորվածներից երկուսը ԱԺ պատգամավոր (ՀՀԿ խմբակցություն), գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի անվտանգության ծառայության աշխատակիցներն են, իսկ երրորդը` երգիչ Սարոն, գներալ Սարոյանի հովանավորյալն է: Ըստ թերթերի հրապարակումների` «Ջինանիում» վերջիներս կռվել են ԱԺ մեկ այլ հանրապետական պատգամավոր Լեւոն Սարգսյանի (մականունը` Ալրաղացի Լյով) թիմակիցների հետ: Իսկ կրակոցների ժամանակ տուժած Գրիգոր Ս.-ն Գլորիայի Գրիշն է` Լեւոն Սարգսյանի մտերիմներից, ում պատկանում է «Գլորիա» խաղատունը:

Ոստիկանապետն այսօր վստահեցրեց, որ իրենք` պատգամավորները, միջադեպի հետ ընդհանրապես կապ չունեն. նրանցից Սարոյանն այդ օրն առհասարակ դեպքի վայրում չի եղել, իսկ Լեւոն Սարգսյանը միջադեպից շատ առաջ ռեստորանից դուրս է եկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter