HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հորդորում են դիմել ոստիկանություն

Անահիտ Սարգսյանն այսօր հայտարարություն էր տարածել` նշելով, որ երեկ ինքն ու աղջիկը ենթարկվել են բռնության` զենքի սպառնալիքով: Հայտարարության կապակցությամբ Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» ասացին, թե ճիշտ կլիներ, որ Ա. Սարգսյանն առաջին հերթին դիմեր ոստիկանության բաժին և մանրամասն տեղեկություններ տրամադրեր կատարվածի մասին:

«Հետքի» հետ զրույցում Անահիտ Սարգսյանը պատմեց, որ դեռ երկու օր առաջ դստեր հետ հերթական երեկոյան զբոսանքի ընթացքում զգացել է, որ իրենց հետևում են:

«Երեկ էլ զբոսանքից աղջկաս հետ վերադառնալիս մեր բանում` ավտոտնակների մոտ, առջևս մեկը կտրեց, թե` մի րոպե: Աղջիկս աջ ձեռքս թևանցուկ էր արել: Սա պինդ բռնեց ձախ արմունկս, բա` քեզ չե՞նք ասել` խելոք մնա, էս ի՞նչ կաշա ես սարքել: Քարացա: Հետևից մի ուրիշը մոտեցավ: Զգացի, որ բոյով-ջանով մեկն է: Այդ պահին առջևիս կանգնածը ձախ գրպանից երկաթանման ինչ-որ իր հանեց, զգացի, որ կոնկրետ զենք մոտեցրեց փորիս: Աղջիկս սկսեց բղավել, ձայնի վրա ամուսինս պատուհանը բացեց, սրանք էլ անմիջապես փախան»,- պատմում է Ա. Սարգսյանը:

Թե ինչո՞ւ նա ոստիկանությանը չի դիմում, վերջինս դա հիմնավորում է հետևյալ կերպ. «Դեռ անցյալ տարվա դեկտեմբերի 31-ի առավոտյան մեր դռան մոտ սպառնալից բովանդակությամբ նամակ էին դրել: Ոստիկանությունը սկսեց զբաղվել, քննիչը եկավ, հարցեր տվեց, բայց գնաց ու գնաց. այլևս գործից տեղեկություն չունենք: Իսկ գլխավոր դատախազությունը հունվարի 21-ին տարածած ընտրություններին վերաբերող հաղորդագրության մեջ ոչ մի կերպ չէր անդրադարձել այդ երևույթին: Երբ հարցրինք` ինչո՞ւ, զավեշտալի պատասխան տվեցին` ասելով, որ դա վերաբերում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»:

Հիշեցնենք, որ Անահիտ Սարգսյանը Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարն է, որը երկարաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել հունվարի 10-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի մեծամասնական ընտրությունների ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter