HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ըստ Ջոն Մայերի` 2008թ. մարտի 1-ին կիրառվել է խորհրդային ժամանակաշրջանի տակտիկան ու դոկտրինը

Զանգվածային անկարգությունների  կառավարման նոր մարտավարություններ` ոստիկանության խոհանոցում

Հայաստանի կառավարության  խնդրանքով և ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ ամերիկյան «Դենսուս» կազմակերպության հրահանգիչները ՀՀ ոստիկանության համար անցկացրել են զանգվածային միջոցառումների և ամբոխի կառավարման դասընթացներ: Նախօրեին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը Ջոն Մայերը և Ադամ Լեգատը ներկայացրին ծրագրի մանրամասներն ու պատասխանեցին լրատվամիջոցների հարցերին:

Դասընթացը բաղկացած է եղել երկու մասից` ուսուցում ուսուցանողների համար, այսինքն` ձևավորվել է կադրային ներուժ, պատրաստվել են մասնագետներ, ովքեր հետագայում տեղում կկազմակերպեն նմանատիպ դասընթացներ: Իսկ երկրորդ մասի համար թիրախ է ընտրվել ոստիկանության հրամանատարական անձնակազմը (25 մասնակից), որոնց «Դենսուսի» հրահանգիչներն ուսուցանել են, թե ինչպես պետք է նախապատրաստվեն և պլանավորվեն գործողությունները, այս կամ այն իրավիճակում ինչ մոտեցում պետք է կիրառվի և որն է լավագույնը:

Ուսուցումը ներառել է նաև ամբոխի հետ բանակցությունների վարումը և լրատվամիջոցների հետ աշխատանքը: Հրամանատարական անձնակազմի հետ զրուցելու համար դասընթացների ժամանակ հրավիրվել են հայաստանյան լրատվամիջոցների և մարդու իրավունքների պաշտպանության ներկայացուցիչներ:

«Մեր կողմից ուսուցանվող մարտավարությունը հիմնականում համապատասխանում է Միացյալ Թագավորության և Արևմտյան Եվրոպայի չափանիշներին, սակայն այն հարմարեցված է նաև Հայաստանի ոստիկանության կառուցվածքի գործառույթներին: Այս ամենի մեջ կարևորը հարգանքն է մարդկանց բողոքն արտահայտելու իրավունքի նկատմամբ և հնարավորինս լիցքաթափող իրավիճակ ապահովելը»,- ասում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի ղեկավար Ջոն Մայերը:

Վերջինիս խոսքերով` սակավ դեպքերում, երբ ամբոխի նկատմամբ ուժի կիրառումը դառնում է անխուսափելի, դա պետք է հասցեագրված լինի միայն նրանց, ովքեր դիմում են բռնությունների: Նա նշում է, թե շատ դժվար է ամբոխի մեջ տարբերակել կոնկրետ բռնության հեղինակներին, սակայն, այնուամենայնիվ, պետք է զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից (օրինակ` արցունքաբեր գազի), որոնք ուղղված են անխտիր բոլորի` ամբողջ ամբոխի դեմ:

«Դասընթացների մեջ  փորձել ենք ներառել բոլոր իրավիճակները, երբ բռնությունը գրեթե բացակայում է, մինչև այնպիսի իրավիճակներ, երբ դրանք մեծ ծավալների են հասնում»,- ասում է Ջոն Մայերը և շեշտում, որ թեև մատուցած մեթոդները քննություն են բռնել տարբեր երկրներում, իրենց մոտեցումն այնպիսին չէ, որ եթե որևէ մարտավարություն ինչ-որ երկրում իրեն արդարացրել է, կարող է նույնությամբ կիրառվել նաև մեկ այլ երկրում:

«Մենք լայն համատեքստում ավելի շատ տակտիկաներ ենք դիտարկում և ներկայացվում է այն, որը տվյալ երկրի կարիքներին առավել համապատասխան է: Հայաստանում թերևս ամենամեծ ուշադրությունը դարձրել ենք այն հատվածին, երբ ոստիկանությունը գործ է ունենում բռնությունների չդիմող, բայց չհնազանդվող ամբոխի հետ: Սա, ըստ էության, ամենադժվար դրությունն է ամբոխի կառավարման հարցում»,- ավելացնում է բանախոսը:

Որպես փորձագետ, անդրադառնալով 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության գործողություններին` Ջոն Մայերը նշում է, թե կիրառվել է «Խորհրդային ժամանակաշրջանի տակտիկան ու դոկտրինը, որը նման իրադարձությունների համար տեղին չէ»:

«Այն երկրներում, որտեղ հաճախակի են տեղի ունենում բռնություններով ուղեկցվող զանգվածային անկարգություններ, օրինակ` Հյուսիսային Իռլանդիայում կամ Ֆրանսիայում, ժամանակի ընթացքում կատարելագործվում է նաև օգտագործվող տակտիկան: Նորից ու նորից բախվելով այդպիսի խնդիրների հետ` նրանք գտնում են նոր լուծումներ: Իսկ այստեղ ոստիկանությունն իր տակտիկան կատարելագործելու հնարավորություն չի ունեցել, որովհետև նման խնդիր իրենց առջև մշտապես ծառացած չի եղել»,- ասում է նա:

Ըստ բանախոսների` նման դասընթացներ անցկացնելու ցանկությունը պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ տեղի ոստիկանությունը նպատակ ունի սովորելու ամբոխի կառավարման նոր մարտավարություններ` անկեղծորեն ընդունելով, որ «կիրառված տակտիկան իրեն չարդարացրեց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter