HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մ. Լյուիս. «Հայաստանում ճգնաժամի երկրորդ ալիք չի լինի»

Վստահեցնում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը: Նա փետրվարի 4-ից 17-ը Երեւանում էր` Հայաստանի հետ իրականացվող 28-ամսյա պահուստային ծրագրի 3-րդ ամփոփիչ ստուգման շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով:

Նախօրեին հրավիրված ասուլիսի ժամանակ վերջինս տեղեկացրեց, որ «ստենդբայ» (պահուստային) ծրագրի ամփոփիչ ստուգման հետ կապված որեւէ խոչընդոտ չի տեսնում, ուստի Հայաստանը մարտ ամսից հետո կստանա մոտ 74 մլն ԱՄՆ դոլար վարկ: Այսպիսով, Հայաստանը ԱՄՀ-ից կստանա 800 մլն դոլար վարկ, որի կեսն արդեն վերցրել է, մյուս կեսն էլ կստանա մինչեւ հաջորդ տարվա կեսը:

Ստացվում է, որ 2014 թվականից Հայաստանն իր պետական բյուջեի 20 տոկոսը` մոտ 500 մլն ԱՄՆ դոլար, պետք է ուղղի արտաքին պարտքի սպասարկմանը: «Ինչքանո՞վ է իրատեսական ժամանակին վարկի վերադարձման նման հեռանկարը» հարցին ի պատասխան Մ. Լյուիսը նշեց, թե Հայաստանի պարագայում պարտքի ընդհանուր մակարդակը շատ բարձր չէ` համեմատած բազմաթիվ այլ պետությունների հետ:

«Ապագայի կապակցությամբ խորհուրդ եմ տալիս հաշվի առնել հետեւյալ նկատառումները. շատ կարեւոր է ապահովել հնարավորինս մեղմ վարկային պայմաններ: Երկրորդ` կարեւոր է ներդնել ծախսային այնպիսի ծրագրեր, որոնք կլինեն շահութաբեր եւ օգուտ կբերեն: Երրորդ` պետք է ճիշտ տեխնիկական նախագծում իրականացնել եւ իրականացնել այդ ծրագրերը: Եվ վերջինը` արդյունավետորեն եւ հիմնավորված կերպով իրականացնել միջոցների ծախսումը եւ բացառել արտահոսքն այն նախագծերի շրջանակում, որոնք ֆինանսավորվում են արտաքին փոխառություններով: Եթե չափորոշիչները պահպանվեն, Հայաստանը եւ ցանկացած այլ պետություն կարող է իրեն թույլ տալ պարտքի ավելի մեծ մակարդակ: Տնտեսական շահույթը նշված նախագծերից թույլ կտա հեշտորեն սպասարկել պարտքը»,- ասաց ԱՄՀ առաքելության ղեկավարը:

Իսկ ինչպե՞ս է ԱՄՀ-ն գնահատում ՀՀ իշխանությունների կողմից վերցրված վարկի օգտագործումը, երբ Կենտրոնական բանկն արտաքին պահուստների կեսն ուղղել է դրամի փոխարժեքը կայուն պահելուն:

«ԱՄՀ-ն գումարները տրամադրում է` համալրելու պետությունների արտաքին պահուստները եւ օգնում հարթել պետության արձագանքը արտաքին միջավայրում արձանագրվող փոփոխությունների նկատմամբ: Այս իմաստով` մենք գտնում ենք, որ Հայաստանի որդեգրած եւ իրականացվող քաղաքականությունն արդյունավետ է եւ նպատակահարմար»,- ասաց բանախոսը` ավելացնելով, որ ԱՄՀ-ն խրախուսում է փոխարժեքի ճկուն քաղաքականությունը: Սակայն «Հայաստանի նման փոքր եւ բաց տնտեսության պարագայում կարեւոր է հարթել փոխարժեքի տատանողականությունը»:

Արժույթի միջազգային հիմնադրամը 2010 թվականի համար կանխատեսում է, որ Հայաստանում կարձանագրվի Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) 2 տոկոս աճ: Մարկ Լյուիսի խոսքերով` չափավոր աճ կգրանցի հանքարդյունաբերության, գյուղատնտեսության եւ ծառայությունների ոլորտներում: Իսկ գնաճը, ըստ նրա, այս տարվա ընթացքում կլինի 6 տոկոսի սահմաններում: Նախորդ տարի գրանցված 7,5 տոկոս գնաճը վերջինս պայմանավորում է հիմնականում արտաքին գործոնների ազդեցությամբ. ապրանքների համաշխարհային գների փոփոխություն, Հայաստանում կարգավորվող գների բարձրացում (օրինակ` գազի, էլեկտրաէներգիայի սակագին), ինչպես նաեւ 2009 թ. սկզբին տեղի ունեցած դրամի արժեզրկում:

«Մենք կանխատեսում ենք, որ 2010 թվականի առաջին մի քանի ամիսներին գնաճը կմնա ավելի բարձր, քան Հայաստանում սովորաբար արձանագրվում է: Բայց տարվա կեսերին գնաճը կսկսի նվազել»,- նշում է ԱՄՀ առաքելության ղեկավարը:

Լրագրողները նկատեցին, որ ապրիլի 1-ից Հայաստանում գազի գինը կրկին բարձրանալու է, բացի այդ, համաշխարհային շուկայում սպասվում է պարենային ապրանքների, այդ թվում` շաքարավազի գնի բարձրացում: Այս պարագայում ո՞րն է 2009-ի համեմատությամբ գնաճի նվազման ԱՄՀ-ի լավատեսության հիմքը:

«Կտեսնենք, որ այս տարի ավելի թույլ է լինելու արտաքնածին գործոնների ազդեցությունը,- ասաց Մարկ Լյուիսը եւ հավելեց,- իրավացի եք` 2010 թ. ծրագրվում է որոշ կարգավորվող գների բարձրացում, բայց մենք կարծում ենք, որ ընդհանուր, բոլոր գործոնների համադրության դեպքում գնաճը կնվազի»:

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի տնտեսության վերաբերյալ անցյալ տարի հանդես եկավ տարբեր կանխատեսումներով, թե’ գնաճի, թե’ տնտեսական անկման հետ կապված, որորնցից ոչ մեկն իրականություն չդարձան:

Այս համատեքստում «ո՞րն է ԱՄՀ-ի նոր կանխատեսումներին հավատ ընծայելու երեշխիքը»: Հարցին ի պատասխան Մարկ Լյուիս նշեց. «Կանխատեսումների մեջ միշտ կա մեծ անորոշություն: Իսկապես, շատ հաճախ դրանք թիրախին չեն դիպչում: Մի հայտնի տնտեսագետի հարցրել են, թե ինչո՞ւ է նա պարբերաբար փոխում իր տեսակետները: Վերջինս պատասխանել է, որ երբ փոխվում են փաստերը, ինքը էլ փոխում է իր տեսակետները: Երբեմն փաստերն են փոխվում, դրա համար ստիպված ենք մեր տեսակետները փոխել»:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման տնտեսական ազդեցությանը` ԱՄՀ առաքելության ղեկավարը նշեց, թե Հայաստանը եւ հայ ժողովուրդը դրանից տնտեսապես բավականին կշահեն:

«Հայաստանը ծովային ալիքներից զուրկ կամ ցամաքով շրջապատված երկիր է, իսկ փակ սահմաններ ունենալը խիստ բարդացնում է արտաքին առեւտուրը, բարձրացնում տրանսպորտային ծախսերը, սասանում երկրի մրցունակությունը եւ ավելացնում մարդկանց ապրուստի ծախսերը: Եթե սահմանը բացվի, առաջին ազդեցությունը կլինի տրանսպորտային ծախսերի նվազումը, որի շնորհիվ Հայաստանի բնակչության ապրուստի ծախսերը կնվազեն, ավելի կեժանանան ներմուծվող ապրանքները, ինչը կնպաստի իրական սպառման ավելացմանը, իսկ դա իր հերթին կբերի կենսամակարդակի բարելավման: Բացի այդ, ավելի մրցունակ կդառնան հայաստանյան ձեռնարկությունները. շատերը ստիպված կլինեն ներքին շուկայում մրցել ներմուծվող ապրանքների հետ:

Հայ-թուրքական սահմանի բացման ազդեցությունը կարճաժամկետ հատվածում կլինի դրական, միջնաժամկետում` կարեւոր հնարավորություններ կընձեռի Հայաստանին` արտահանման եւ ներդրումների տեսանկյունից: Հայաստանն ավելի շատ հնարավորություն կստանա դառնալ տարածաշրջանային կենտրոն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter