HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Նպատակը մեկն է. Սուքիասյաններից խլել այդ գործարանը ևս»

Կարծում են Սարիբեկ Սուքիասյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվան Վարոսյանը: Այսօր նրանք Փաստաբանների պալատում ասուլիս էին հրավիրել` տեղեկացնելու, թե ինչ է իրականում կատարվում Սուքիասյանների ընտանիքի շուրջ:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը` Սարիբեկ Սուքիասյանին, և «Սիլ կոնցեռնին» պատկանող «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշես Ստեփանյանին մեղադրում են նրանում, թե սպառնալիքներով ստիպել են Գոռ Դավթյանին վաճառել «Բյուրեղ» ՓԲԸ-ի 41 տոկոս բաժնետոմսերը:

Օրեր առաջ ասուլիսի ժամանակ Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը նշել էր, թե փետրվարի 12-ին «եղել է հանցագործության ահազանգ և այնպիսի ահազանգ, որն անհապաղ գործողությկունների իրականացում էր պահանջում»: Իրավապահներն անմիջապես ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ, հասել են դեպքի վայր` «Սիլ գրուպի» գրասենյակ, և պարզել, որ նույն սենյակում փակցած են Սարիբեկ Սուքիասյանը, Արտաշես Ստեփանյանը և Գոռ Դավթյանը: «Եվ տեղում առգրավվել են թղթեր, որոնք ստիպելով Գոռ Դավթյանին ստորագրել են տվել»,- հայտարարել էր Երևանի ոստիկանապետը:

«Ոչ մի թուղթ, իհարկե, չի առգրավվել»,- ասում է փաստաբան Լուսինե Սահակյանը և ավելացնում, որ իրենք արդեն իսկ նախաքննական մարմնին տեղյակ են պահել առկա տեսաձայնագրությունների մասին, որոնցում հստակ երևում է, թե ինչպես է Գոռ Դավթյանն ինքնակամ, շատ հանգիս լքել գրասենյակը:

«Այսինքն` Ներսես Նազարյանը հասարակությանը տրամադրել է տեղեկություններ, որոնք ավելի քան կեղծ կոչել հնարավոր չէ: Կա´մ քաղաքի ոստիկանապետին խաբում է նախաքննական մարմինը, կա´մ քաղաքի ոստիկանապետը, տեղյակ լինելով իրականությունից, ինքն է խաբում հասարակությանը: Երկու դեպքում էլ Երևանի ոստիկանապետն իր տեղում չէ»,- ասում է Լ. Սահակյանը:

Վերջինիս խոսքերով` պաշտպանական կողմը դեռևս չի պատրասվում հրապարակել իր ունեցած ապացույցների ամբողջ փաթեթը. «Որովհետև մենք հասկացանք, որ ինչքան ավելի շատ ենք ապացույցներ տալիս նախաքննական մարմնին, այնքան ավելի շատ է իրավիճակը փոխվում. նրանք սկսում են ձեռք բերել այլ ապացույցներ, կեղծել այդ ամբողջը, դրա համար մենք առայժմ զերծ ենք մնում այդ ապացույցները նախաքննական մարմնին տրամադրելուց»:

Լուսինե Սահակյանի ներկայացմամբ` փետրվարի 11-ին Գոռ Դավթյանը զանգահարել է փաստաբան Արա Զոհրաբյանին ու պատմել, որ իրեն ահաբեկել է ԱԺ պատգամավոր (ՀՀԿ), Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հրավիրել են ուժային կառույցներ, այդ թվում ` դատախազություն, և ստիպում են, որ «Բյուրեղի» բաժնետոմսերը վաճառի Ռ. Հայրապետյանին:

«Գ. Դավթյանը հրաժարվել է դա անել և զանգահարելով Արա Զոհրաբյանին` խնդրել է հանդիպել Սուքիասյանի հետ, ըստ էության` ակնկալելով նաև Սուքիասյանների պաշտպանությունը: Սուքիասյանը հանդիպում է Գ. Դավթյանի հետ, նա ահաբեկված պատմում է կատարվածի մասին և խնդրում է իրեն աջակցել իրավական ձևակերպումների հարցում, որպեսզի կարողանա հրաժարվել բաժնետոմսերը Ռուբեն Հայրապետյանին վաճառելուց»,- շարունակում է փաստաբանը` մանրամասնելով, որ Ա. Զոհրաբյանը կազմել է Հայրապետյանին ուղղված համապատասխան նամակ, որում նշել է այն իրավական հարցերը, որոնց առկայությամբ վերջինս ուղղակի չի կարող գնել բաժնետոմսերը:

«Տաօրինակ ձևով դրանից անմիջապես հետո հարձակում է տեղի ունենում գրասենյակի վրա: Գոռ Դավթյանը բերման է ենթարկվում գրասենյակի բակից, ընդ որում` կալանավորի կարգավիճակում, որտեղ պահվում է ժամեր շարունակ»,- նշում է Լ. Սահակյանը:

«Մենք փետրվարի 13-ին մինչև առավոտվա 5:30-ի սահմանները եղել ենք ոստիկանության Էրեբունու բաժնում և այնտեղ տեսել ենք նաև գործով տուժող ճանաչված Գոռ Դավթյանին: Նա ամբողջ օրն այնտեղ էր: Նրան անընդհատ շքախմբով մի աշխատասենյակից մյուսն էին տեղափոխում. տանում էին ոստիկանության պետի, հետո քննչական բաժանմունքի պետի, այնուհետև քննիչների աշխատասենյակ»,- շարունակում է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ոստիկանապետը Գ. Դավթյանի այդքան երկար տևողությամբ ոստիկանությունում գտնվելը պայմանավորել էր կատարվող քննչական գործողություններով` միաժամանակ նշելով, որ վերջինս գտնվել է հատուկ պաշտպանության տակ: Սրան ի պատասխան` փաստաբան Վարոսյանն ասում է, թե գոյություն չունի ոչ միայն ոստիկանության բաժնում պահելու պաշտպանության միջոց, այլև քննչական գործողություն, որի համար սահմանվի այնքան ժամկետ, որքան Գ. Դավթյանն է գտնվել ոստիկանությունում: «Ստացվում է, որ նա էլ է գտնվել ապօրինի անազատության մեջ»:

Փաստաբանները նշում են, որ Գոռ Դավթյանին իրապես տուժող է, և ոստիկանությունում նա եղել է բավականին ընկճված. նստել է` գլուխը ձեռքերի մեջ առած, հայացքով անընդհատ փնտրել է պաշտպանություն: Ոստիկանության Էրեբունու բաժնում նրան ուղեկցող շքախմբի մեջ փաստաբանները տեսել են մեկին, որ, իրենց բնորոշմամբ, բացարձակ իրավունք չուներ գտնվելու ոստիկանության բաժնում և անընդհատ ստվերի պես հետապնդել տուժողին:

«Այս պահին զուտ պաշտպանական մարտավարությունից ելնելով մենք այդ անձի անունը չենք հրապարակում: Մենք գիտենք նրա ով լինելը, ունենք նրա ոստիկանությունում տուժողի կողքին գտնվելու մասին վկայող անհերքելի ապացույցներ և չխանգարելով մեր պաշտպանության մարտավարությանը` ժամանակին այն նույնպես կտրամադրենք հանրությանը, գուցե նաև վարույթն իրականացնող մարմնին»,- ասում է Երվանդ Վարոսյանը:

Փաստաբանները հրաժարվեցին պատասխանել հարցին, թե տվյալ անձն արդյոք կապ ունի՞ Ռուբեն Հայրապետյանի հետ, թե՞ ոչ:

Գոռ Դավթյանն առաջին օրը ցուցմունք էր տվել, որ իրեն սպառնացել են զենքով, բայց երկրոդ օրը նշել էր, թե զենք չի եղել:

«Ներսես Նազարյանն ասում է` անձը սկզբում նշել է, որ զենք է եղել, մենք դրել ենք զենքը նրանց վրա: Բայց այն պահին, երբ ասել է` զենք չի եղել, տեսեք` անմիջապես հանել ենք այդ զենքը: Ստացվում է, որ այսօր Գոռ Դավթյանը կամ մի ուրիշ անձ կարող է, ասենք, ծանր զինտեխնիկայի մասին ցուցմունք գրի, և անմիջապես այդ ծանր զինտեխնիկայի մեղադրանքը նորից կդրվի Սարիբեկ Սուքիասյանի վրա,- ասում է փաստաբան Վարոսյանը,- Մենք գործ ունենք մանիպուլիացիայի հետ: Մի անձից վերցրվում են ցուցմունքներ և միայն հիմնվելով այդ ցուցմունքների վրա` նախաքննություն է ընթանում, առաջադրվում է մեղադրանք, անձ է ձերբակալվում»:

Փաստաբանների խոսքերով` ակնհայտ է, որ այս ամբողջ պատմության նպատակը մեկն է` Սուքիասյաններից խլել նաև «Բյուրեղ» գործարանը. «Դրա համար էլ նրանք պետք է մեղադրանք առաջադրեն: Թե ինչքա՞ն հեռու կգնան, չեմ կարող ասել, բայց վերջնական նպատակը դա է` գործարանը պատկանի ոչ թե Սարիբեկ Սուքիասյանին, այլ Ռուբեն Հայրապետյանին, ով հանդիսանում է չնչին բաժնետոմսերի բաժնետերը»,- ասում է Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք, որ Սուքիասյաններին պատկանող «Բժնի» հանքային ջրերի գործարանն այժմ պատկանում է Ռուբեն Հայրապետյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter