HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի կալանավայրից ազատվեց հայազգի 2 քաղբանտարկյալ

2010 թվականի հոկտեմբերին, Աջարիայի հայ համայնքի  անվանի գործիչներ  Արմեն Գևորգյանին  և Ռուբեն Շեկոյանին կեղծ մեղադրանքներով ձերբակալեցին  և առանց հիմնավոր ապացույցների  դատապարտեցին 11 տարվա ազատազրկման:

2012 թվականի  դեկտեմբերին Վրաստանի  խորհրդարանի կողմից ընդունված   համաներման  մասին օրենքի  համաձայն` այսօր մյուս 190 հոգու հետ միասին, կալանավայրից  ազատվեցին   նաև մեր հայրենակիցներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը:

Հարազատների և  ընկերների  ուղեկցությամբ, ովքեր վաղ առավոտից գտնվում էին Թբիլիսիի Գլդանի համար 8 կալանավայրի բակում, նախկին կալանավորները ուղևորվեցին Հավլաբարի  Սուրբ  Էջմիածին եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր  Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝  հոգևոր դասի և  պաշտոնեության հետ միասին:

Սրբազան Հայրը եկեղեցում  աղոթեց և օրհնեց  Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին: Թեմակալ Առաջնորդն  իր խոսքում  բարձր գնահատեց  նոր իշխանությունների  արդար և մարդասիրական  դրսևորումները: Նա  շնորհավորեց և  իր հոգևոր խոսքով  բարեմաղթեց երիտասարդներին:

Իր խոսքի մեջ Արմեն Գևորգյանը  ի լուր  ժողովրդի, իր և  մյուս  քաղբանտարկյալների անունից  երախտագիտություն  հայտնեց Վիրահայոց թեմի  Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, հոգևոր դասին, կալանավայրերի հետ տարվող աշխատանքների  պատասխանատու Տեր Հուսիկ քահանա Հարությունյանին և Առաջնորդի օգնական Միքայել Ավագյանին, ովքեր երկու տարի  2 ամիս  շարունակ մշտապես այցելել են  նրանց  կալանավայրերում գտնված  ժամանակահատվածում, քաջալերել են և հուսադրել: Նա նաև իր շնորհակալությունը հայտնեց Վրաստանի նոր իշխանություններին, խորհրդարանին և հայ և վրացի  մարդու իրավունքների պաշտպաններին, ովքեր  ջանք ու եռանդ չխնայեցին նրանց  ազատման  հարցում:

Արմեն Գևորգյանը երկար  տարիներ եղել է Աջարիայի հայ համայնքի ղեկավարը և  90-ական թվականներին կազմակերպել է  Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք  ավարտին են հասել  1996 թվականին:

Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը  մեծ հարգանք են վայելում Աջարիայի  Ինքնավար Հանրապետությունում ոչ միայն  հայերի, այլև Աջարիայում բնակվող  ողջ ազգաբնակչության կողմից:

Մոտ ժամանակներում սպասվում է նաև  հայազգի գործիչ, քաղբանտարկյալ  Վահագն Չախալյանի ազատումը:

Վիրահայոց թեմի մամլո դիվան   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter