HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացավ սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հունվարի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի 2013 թվականի առաջին նիստը:

ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, ողջունելով ներկաներին, փաստեց. «ՀՀ կառավարությունը նշանակալի փոփոխություններ  է իրականացրել  իրավաօրենսդրական համակարգում, որի արդյունքում սիրիահայերին հուզող բազմաթիվ հիմնախնդիրներ ստացել են իրենց լուծումները, սակայն շարունակվում է սիրիահայերի հոսքը Հայաստան, ի հայտ են գալիս նոր խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են ենթադրում»:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և միջին արևելքի  հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը ներկայացրեց ՀՀ գերատեսչությունների կողմից իրականացված աշխատանքները: Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցելու նպատակով ՀՀ ՍՆ հետ համագործակցում են բոլոր գերատեսչությունները, ինչպես նաև շուրջ 20 համահայկական կազմակերպություններ,  հոգևոր կառույցներ, միջազգային կազմակերպություններ: Իր գործունեությունն է շարունակում սիրիահայերի նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության համակարգմամբ ստեղծված «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը: ՀԿ-ի տվյալների բազայում արդեն առկա է շուրջ 1300 սիրիահայ ընտանիքների մասին տեղեկատվություն: Արդեն՝  կարիքավորներին աջակցելու ուղղությամբ տարբեր ձևաչափերով կատարվել են մեծածավալ աշխատանքներ: Հայաստանում բնակվող սիրիահայերին 100 000 ԱՄՆ դոլարի աջակցություն է ցուցաբերել Քուվեյթի Պետությունը: «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական կլոր սեղան» բարեգործական հիմնադրամը իրականացրել է ծրագիր, որի շրջանակներում 200 ընտանիք 4 շաբաթվա ընթացքում ստացել է 20 000 ՀՀ դրամ արժողությամբ  կտրոն:

Նոյեմբերին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացած  ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների, աշխատանք փնտրող սիրիահայերի և պոտենցիալ գործատուների մասնակցությամբ խորհրդակցության արդյունքում բազմաթիվ սիրահայեր գտան իրենց գործատուներին: Այնուամենայնիվ, ՀՀ սփյուռքի նախարարի խոսքով՝ շարունակում է արդիական մնալ սիրիահայերի աշխատանքի տեղավորման հարցը, որի ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարությունները շարունակական անելիքներ ունեն: 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքական ծրագրերի վարչության պետ Գուրգեն Պողոսյանը տեղեկացրեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հնարավորություն ունի աշխատանքի տեղավորել շուրջ 30 հաշմանդամ սիրիահայի:

Հայաստանում ներդրումներ անել ցանկացող սիրիահայերը ներկայացրեցին ՀՀ գործարար ոլորտի հետ կապված իրենց խնդիրները: Սիրիահայ գործարարների հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  հանդիպումից հետո տրված հանձնարարության համաձայն՝ աշխատանքներ են տարվում սիրիահայ ոսկերիչներին աշխատանքային որևէ միասնական տարածք հատկացնելու ուղղությամբ: ՀՀ ԿԱ ՊԵԿ –ի և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ  քննարկումներ են իրականացվում սիրիահայ ոսկերիչների գործունեությանն աջակցելու համար:

Երևանի մերձակայքում արտադրամասային, ավտոտեխսպասարկման, առևտրի սպասարկման համար տարածք հատկացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը սիրիահայերին առաջարկել է երևանամերձ 3 հնարավոր տարածք:

Զարգացման հայկական գործակալության և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել է սկսնակ գործարարների դասընթաց: Խորհրդակցության ընթացքում ՓՄՁ ԶԱԿ  ներկայացուցչի տեղեկացմամբ՝ արդեն իսկ ներկայացվել է 10 ծրագիր, որոնք արժանացել են հավանության և վարկավորման: Առաջիկայում նախատեսվում է դասընթացի երկրորդ  փուլի մեկնարկը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին վերջին ժամանակահատվածում սիրիահայերին հուզող խնդիրները: Բարձրացվեց «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության Երևան-Հալեպ չվերթի ավիատոմսերի գումարի վերադարձման հարցը: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը տեղեկացրեց, որ հարցի լուծումը կապված է միայն «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության կամքից: ՀՀ սփյուռքի նախարարի առաջարկով՝ կնախապատրաստվի համապատասխան գրություն և կներկայացվի ՀՀ վարչապետին:

Քննարկվեց նաև ՀՀ-ում սիրիահայերի հաշվառման անհրաժեշտությունը:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանը տեղեկացրեց, որ  հաշվառումն իրականացվում է առավելագույն պարզեցված տարբերակով և որևէ դժվարություն չի առաջացնում: Ա. Համբարձումյանի խոսքով՝ 2012 թվականին 4736 սիրիահայի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն:

ՀՀ առողջապահության փոխնախարար Հ. Դարբինյանի  տեղեկացմամբ  շուրջ 1000 սիրիահայ բուժօգնություն է ստացել  ամբուլատոր պայմաններում: Նախնական բոլոր հետազոտություններն արվում են անվճար, կատարվում են բոլոր հնարավոր զեղչերը վիրահատությունների դեպքերում: Սրտի 6 վիրահատություն իրականացվել է անվճար:

Նախարար Հ. Հակոբյանը բարձրացրեց  նաև դեղորայքի անվճար տրամադրման  անհրաժեշտությունը՝ առաջարկելով ծրագրի իրականացման հնարավոր տարբերակներ, որոնք կքննարկվեն առաջիկայում:

Քննարկվեցին նաև փաստաթուղթ չունեցող  սիրիահայերի՝ ՀՀ տեղափոխման դեքպերը, որին ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը տեղեկացրեց, որ նման դեպքերը բացառիկ են, իսկ անհրաժեշտության դեպքում  պետք է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալին: Վերջին շրջանում սիրիահայերի կողմից առաջ է քաշվել Վրաստանի սահմանային կետերով  տարանցիկ ճանապարհով ՀՀ փոխադրման ընթացքում առաջացած բարդությունները լուծելու հարցը: Ս. Մանասարյանի պարզաբանմամբ նմանտիպ դեպքերը ևս եզակի են և կապված են առանձնահատուկ իրողությունների հետ:

Նիստի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարը գերատեսչությունների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց սիրիահայերի՝ կացարաններով ապահովման հարցի վրա: ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի  տեղեկացմամբ Միգրցիոն ծառայությունը ՄԱԿ-ի հետ համատեղ վերանորոգելու է 150 քառակուսի մետր տարածքով  շինություն, որում ևս տեղավորվելու են սիրիահայերը: Սփյուռքի նախարարն իրազեկեց, որ կատարվել է ուսումնասիրություն՝ պարզելու մարզերում վարձակալության ենթակա բնակարանների տվյալներն ու հնարավորությունները:

Անդրադարձ եղավ նաև Հայաստանում գտնվող սիրիահայերի կրթության հետ կապված հարցերին: Ամիսներ առաջ հրատապ էր սիրիահայ ուսանողների ուսմա վարձերի վճարման խնդիրը: ՀՀ սփյուռքի նախարարությունը հարցը բարձրացրել է պատկան մարմիններում, ինչի արդյունքում ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել  այդ նպատակով երիտասարադրական հիմնադրամին հատկացրել 40 միլիոն դրամ, ևս 13 միլիոն ՀՀ դրամ հատկացրել է Հայաստան Համահայկական հիմնադրամը: 

ՀՀ սփյուռքի  նախարարը, ամփոփելով նիստը,  կարևորեց սիրիահայերի՝ հայաստանյան իրավական ու օրենսդրական համակարգի վերաբերյալ տեղեկացվածությունը, ինչը կհեշտացնի նրանց կենսագործունեությունը Հայաստանում: Որոշվեց թարմացնել սիրիահայերի իրավունքների մասին թերթոնի բովանդակությունը՝ պարբերաբար տեղեկացնելով օրենսդրական փոփոխությունների մասին:

Նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներում պատրաստակամություն, համակարգվածություն և առավելագույն օպերատիվություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է սփյուռքի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter