HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նաիրիտ գործարանի» «դեգերումները» օֆշորում և Ռուսաստանում

Քրիստինե Աղալարյան
Էդիկ Բաղդասարյան 

Որքա՞ն փող են աշխատել հայ եւ ռուս պաշտոնյաները «Նաիրիտից» 

2006 թվականի օգոստոսին «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» (Rhinoville Property Limited) ընկերությունը «Հայգազարդ»-ից գնեց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի 90 տոկոս բաժնեմասը` 40 մլն դոլար ընդհանուր արժեքով: Մնացյալ 10 տոկոս բաժնեմասը ցայսօր տնօրինում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս էներգետիկայի և բնական պաշարների նախարարության: Սակայն Rhinoville Property Limited ընկերությունը գումար չի ներդրել գնումն իրականացնելու համար, այլ գրավադրել է գործարանը Միջպետական բանկում: Ընկերությունը 70 մլն դոլար վարկ է վերցրել և նույն բանկին հանձնել բաժնետոմսերից բխող՝ գործարանի կառավարման իրավունքը: 

Rhinoville Property Limited-ը «Նաիրիտի» համար վճարել է ստացած 70 մլն դոլարից 39 մլն-ը, իսկ 1 մլն դոլարը հաշվարկվել է որպես գործարանի հաշվետու տարվա պակասորդ: Մնացյալ 31 մլն դոլարի ճակատագիրն առ այսօր անհայտ է, սակայն դրան մենք կանդրադառնանք ավելի ուշ: 

Rhinoville Property Limited-ի հետ կառավարության կնքած պայմանագրի համաձայն (ստորագրել են հանգուցյալ վարչապետ Ա. Մարգարյանը և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանը)` ընկերությունը «Նաիրիտ գործարանում» պետք է ներդներ 120 մլն դոլար: Ներդրման առաջին մասը` 60 մլն դոլարը, ընկերությունը պետք է կատարեր մինչև 2009թ. հունվարը և արտադրանքի ծավալը հասցներ ամսական 2500 տոննայի, իսկ մինչև 2012-ի հունվարի 1-ը պետք է ներդներ մնացյալ 60 մլն դոլարը: Եթե մինչև 2009թ. hունվարի 1-ը արտադրանքի քանակը չէր դառնում 2500 տոննա, և ներդրումների քանակն այդ ծավալով չէր կատարվում, ապա կառավարությունը արված ներդրումների տարբերության չափով հետ էր վերցնում «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ»-ից գործարանի բաժնետոմսերը: 

Գործարքը կատարվել է ՀՀ կառավարության համաձայնությամբ, քանզի դեռ չգնված գործարանը չէր կարող գրավադրվել` առանց ՀՀ կառավարության` իր բաժնետոմսի մասով համաձայնության: Ակնհայտ է, որ Հայաստանի կառավարությունը, մասնավորապես՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը, այս գործարքի մանրամասներին տեղյակ են, քանի որ Միջպետական բանկի ռոտացիոն կարգով ղեկավարը 2006-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն էր, հետևաբար, գործարքն անցել է նաև նրա ձեռքի տակով: 

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին ուղղված` Rhinoville Property Limited ընկերության, բաժնետերերի և ստանձնած պարտավորությունների կատարման մասին մեր գրավոր հարցադրումներին այդպես էլ պատասխան չենք ստանում, հարցազրույց տալ նախարարը չի ցանկանում և համառորեն լռում է: 

Հայ պաշտոնյաները «Նաիրիտ գործարանի» «վերականգնման» պատմության հետքերը թաքցնելու մասին ավելի շատ էին մտածում, քան գորածարանը աշխատեցնելու: Նրանք նույնիսկ կառավարության կայքից և տարբեր պաշտոնական շտեմարաններից հանել են «Նաիրիտի» վաճառքի մասին կառավարության 2006թ.-ի օգոստոսի 18-ի N 1131-Ա որոշումը: Տասնյակ օֆշորային ընկերություններ, իրավաբաններ, միջնորդներ, հսկայական գումարներ՝ և ոչ մի պաշտոնական ինֆորմացիա այդ ամենի մասին: Էներգետիկայի նախարարությունը մեր գրավոր նամակների էական հարցադրումներին չպատասխանեց, ֆինանսների նախարարությունը տեղեկությունները տրամադրեց մասամբ` պատճառաբանելով, թե մնացյալ տեղեկություններն առևտրային գաղտնիք են պարունակում: «Նաիրիտ գործարանի» ներկայիս տնօրեն Հովհաննես Հախինյանը հրաժարվեց հարցազրույց տալ: Հարցազրույցից հրաժարվեց նաև գործարանի նախկին տնօրեն Վահան Մելքոնյանը` պատճառաբանելով, թե մեր նախորդ հրապարակումները 10% ճշմարտությանը համապատասխանող փաստեր չեն պարունակել, հետևաբար մեր լրատվամիջոցը վստահություն չի ներշնչում իրեն:

«Երբ ՀՀ իշխանությունները կգտնեն նպատակահարմար, որ մեր միջազգային կազմակերպությունը (նկատի ունի Միջպետական բանկը, որի հայաստանյան ներկայացուցիչը ներկայումս ինքն է - հեղ.) պաշտոնապես հերքի այդ բոլորը, այդ ժամանակ մենք կհերքենք»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Վահան Մելքոնյանը: 

Ինչպե՞ս հայտնվեց Rhinoville Property Limited ընկերությունը 

2011թ. ամռանը, երբ նախարար Մովսիսյանը ասուլիս էր տալիս, լրագրողները հետաքրքրվեցին, թե Rhinoville Property Limited ընկերության բաժնետերերի ցանկում արդյոք հայ պաշտոնյաներ կա՞ն: Ա. Մովսիսյանը հավաստիացրեց, որ որևէ հայ պաշտոնյա չկա ընկերության սեփականատերերի ցանկումՆա նաև հավաստիացրեց, որ «Նաիրիտի» սեփականատեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ»-ի սեփականատերերի ցանկում չէ նաև ՀՀ վարչապետը, ոչ էլ նրա եղբայրը: 

«Հայաստանից որևիցե պետական այր, որևիցե Հայաստանի քաղաքացի «Ռայնովիլի» սեփականատերերի ցանկում չկա և չեն էլ կարող լինել»,- նշեց նախարարը: Նախարար Մովսիսյանը հավելեց, սակայն, որ «Ռայնովիլի» հիմնադիրները եղել են 3 եվրոպական ընկերություններ, որոնք ժամանակի ընթացքում փոփոխվել են: «Անունները հիմա տենց չեմ կարող ասել»,- խուսափեց պատասխանել Ա. Մովսիսյանը: 

Արմեն Մովսիսյանն իրականում քաջ գիտի, թե ովքեր են Rhinoville Property Limited ընկերության հիմնադիրները կամ բաժնետերերը, քանի որ ամբողջ գործարքը կատարվել է իր գիտությամբ ու անմիջական մասնակցությամբ: Իր խոսքի առաջին մասում նա  ճշմարտությունն է հայտնել, փաստացի որևէ հայ պաշտոնյայի անուն Rhinoville Property Limited ընկերությունում չի երևում, իսկ 3 եվրոպական ընկերությունների մասին նրա հավաստիացումները ճշմարտությանը չեն համապատասխանում: Հիմա կպարզենք` ինչու: Ըստ ամենայնի, նախարարը դա ասաց լրագրողներին մոլորեցնելու համար: 

Rhinoville Property Limited ընկերությունը գրանցվել է 2002-ի դեկտեմբերի 6-ին (գրանցման վերջին հասցեն է 60 Cannon Street, London, EC4N 6NP), սակայն առևտրային գործունեություն չի իրականացրել մինչև 2006թ. օգոստոսը, այսինքն` մինչ «Նաիրիտ գործարանի» ձեռք բերումը: Եվ այս անհայտ, քիմիական արդյունաբերության ոլորտում որևէ կենսագրություն չունեցող ընկերությանը ՀՀ կառավարությունը վստահել է հայկական քիմիական հսկայի ճակատագիրը: Տարօրինակ է, չէ՞: Պարզ հարց է առաջանում` նախարար Մովսիսյանն ի՞նչ շահ պետք է ունենար, որ «Նաիրիտը» վաճառեր անհայտ ծագման օֆշորային մի ընկերության: 

«Նաիրիտ գործարանը» դարձել է Rhinoville Property Limited-ի բաժնետեր 

Rhinoville Property Limited-ի հիմնադիրը և միակ բաժնետերն է եղել բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված IMEX Executive LTD ընկերությունը: Սակայն 2006-ի ամռանը բաժնետերերի և տնօրենների փոփոխություն է տեղի ունեցել, և 2006-ի ավարտին Rhinoville Property Limited-ի բաժնետեր են դարձել օֆշորային երկու այլ ընկերություններ` «Դրեյթոն ֆայնընս» ՍՊԸ-ն (Drayton Finance LTD)` 810 բաժնետոմսով և «Լաթերոն փրոփերթիս» ՍՊԸ-ն (Latheron Properies LTD)` 190 բաժնետոմսով: 

Հիմա անդրադառնանք Rhinoville Property Limited ընկերության բաժնետերերին` առանձին-առանձին: 

 

Drayton Finance LTD-ի հիմնադիրը նույն` «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ»-ի հիմնադիրն է` IMEX Executive LTD-ն: Rhinoville Property Limited-ի 2006թ. ֆինանսական հաշվետվության մեջ, որը ձեռք ենք բերել բրիտանական պաշտոնական աղբյուրից, մի հիշարժան տող կա. այն է` Rhinoville Property Limited ընկերության մայր  ընկերություն է Drayton Finance LTD-ն, որտեղ վերահսկող կողմը Ս. Կուլիկովն է՝  ընկերության թողարկած բաժնետոմսերի կապիտալում շահագրգռվածություն (մասնաբաժին) ունենալու շնորհիվ: Սերգեյ Կուլիկովը «Նաիրիտ գործարանի» վաճառքի ժամանակ զբաղեցնում էր Միջպետական բանկի տնօրենի տեղակալի պաշտոնը: Ռուսական մամուլը նրա մասին գրելիս հիշեցնում է, որ վերջինս օֆշորում գրանցված բազմաթիվ ընկերությունների միջոցով Միջպետական բանկից իր` ՌԴ-ում գործող ընկերությունների համար վարկեր է վերցրել, հետո այդ ընկերությունները սնանկ են ճանաչվել և անցել Միջպետական բանկին: Ավելի ուշ ՌԴ դատախազությունը քրեական գործ է հարուցել նրա նկատմամբ: Այժմ Կուլիկովը միջպետական բանկում չի աշխատում  (Սերգեյ Կուլիկովին և նրա ընտանիքի անդամներին դեռ կհանդիպենք «Նաիրիտ գործարանի» մասին մեր մյուս հրապարակումներում): 

2007թ. ֆինանսական տարվա հաշվետվության մեջ (ներկայացվել է 2009-ին) նշվում է, որ 2008-ի նոյեմբերի 30-ին մայր ընկերության վերահսկող կողմը դարձել է ֆրանսահայ Էրիկ Նարսիսյանը, քանի որ Կուլիկովն իր շահաբաժինը Drayton Finance LTD ընկերությունում փոխանցել է նրան: Էրիկ Նարսիսյանն արդեն հինգ տարի է՝ «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» ընկերության տնօրեններից մեկն է, ով հոր՝ Անդրե Նարսիսյանի մահվանից հետո ստանձնել է տնօրենի պաշտոնը: 

Latheron Properties LTD-ն նույնպես հիմնադրել է նույն IMEX Executive-ը, սակայն 2008-ի նոյեմբերին բաժնետեր է դարձել «Նաիրիտ» ՓԲԸ-ն (ZAO NAIRIT): «Նաիրիտ» ՓԲԸ, ըստ «Նաիրիտ գործարանի» հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Անուշ Հարությունյանի, չկա և չի էլ եղել: Սակայն ռուսական աղբյուրներում կա «Նաիրիտ» ՓԲԸ (ЗАО Наирит), և որպես կոնտակտային անձ նշված է Վարդուհի Մաթևոսյանի անունը, ով գործարանի իրացման դեպարտամենտի առևտրային գործակալն է: «Հետքի» հետ զրույցում վերջինս ասաց, որ «Նաիրիտ» ՓԲԸ-ն նույն «Նաիրիտ գործարանն» է, և ինքն այլ «Նաիրիտ» ՓԲԸ-ի հետ առնչություն չի ունեցել: 

Ըստ մեր ձեռքի տակ եղած պաշտոնական փաստաթղթերի` 2012թ. հունվարի 1-ի դրությամբ «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ»-ի բաժնետերերը վերոնշյալ երկու ընկերություններն են՝ Drayton Finance Limited և Latheron Properties Limited: Իսկ Drayton Finance Limited-ի և Latheron Properties Limited-ի միակ բաժնետերը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն է:

Ստացվում է, որ «Նաիրիտ գործարանը» իր 90 տոկոսի բաժնետերն է, հետևաբար նաև Rhinoville Property Limited-ի վարկային պարտավորությունների պատասխանատուն: 

Շարունակելի

Լուսանկարում նախարար Արմեն Մովսիսյանն է

Մեկնաբանություններ (6)

արամ
es nairitum em ashhatum es el 8 erord tarin a u mec nerdrum chem tesel nersum milioner anunov
Alvard
Հետքի տրամադրած Latheron Properties LTD-ի փաստաթղթում տնօրեն նշված Andrew Moray Stuart -ի անունը Google-ում փնտրեցի ու առաջին տողով բերեց Բրիտանիայում ու Վիրջինյան կղզիներում հետսովետական տարածքից հոսող կեղտոտ փողերի լվացման մեթոդների մասին պատմող Guardian-i հոդվածը: Տես՝ http://www.guardian.co.uk/uk/2012/nov/27/russians-profit-britain-offshore-secrecy Այն մասնավորապես նշում է, որ թերթի աշխատակիցները պարզել են, որ վերը նշված տնօրենի անունը կեղծ է: Ահա հոդվածի այդ հատվածը՝ Legal use of BVI entities to disguise Russian movement of funds into British companies, also appears to be widespread. In one example we have unearthed, a British-registered firm, Pennard Chemicals Ltd, with an address at rental offices in Cannon St in the City of London, has had declared revenue over the last 3 years of more than 100 million euros, described as commission on unspecified Russian deals. Pennard Chemicals named director, The Hon Andrew Moray Stuart, with an address in Mauritius, is one of the sham nominees the Guardian/ICIJ research has identified. The shareholder, Imex Executive Ltd, is a BVI entity set up by a Moscow incorporation agency. In turn, its sham nominee directors include Jesse Hester in Mauritius and a sham nominee shareholder, Brenda Cocksedge. These nominees sell their names, without exercising genuine control or ownership. The real owner, according to company records we have seen, is named as Ivan Kovlachuk.
Վ. Առաքելյան
Ինտերնետում Նաիրիտ գործարանի մասին՝ ,,Մի խորհրդավոր պետության ավազակ վարչապետի ճարպիկության մասին…,, վերնագրով հոդվածը Լույս աշխարհ է եկել 2012-ի սեպտեմբերին: Մեկ ավելորդ անգամ համոզվում եմ՝ Հայաստանում բարձր իշխանությունում միայն բարձր մակարդակի ավազակ, աճպարար ստահակներն են: Չգիտեմ, մեջներին կ՞ա թեկուզ մեկ մարդանմանը:
Alexander
Молодец Кристине! Чувствуется серьезность намерений журналистского расследования.
hasmik
պետական մաֆիա...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ցնցող չի՞: Ո՞րտեղ է ՀՀ ԱԺ-ն, ո՞րտեղ են երկրի իրավապահ,հարկային և վերահսկիչ պետական մարմինները: ՀԳ. Խիզախ ու բավականին հետաքնննող հոդված Հետքի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter