HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Վճիռ հօգուտ մամուլի, բայց արդյո՞ք հանուն արդարադատության

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց զրպարտության և վիրավորանքի համար «Կենտրոն» հեռուստաընկերության դեմ ներկայացված երկու հայց:

Աշոտ Հարությունյանն ընդդեմ «Կենտրոն» հ/ը-ն և Գևորգ Հայրապետյանն ընդդեմ նույն լրատվամիջոցի հայցերով առաջին ատյանի քրեական դատարանի վճռով մեղադրվող անձինք պահանջում էին հերքել իրենց մասին տեսանյութում հրապարակված տեղեկությունները, որոնք, ըստ նրանց, շփոթմունք են առաջացնում հասարակության շրջանում: Փաստաբանի պնդմամբ, այդ հրապարակումները միտված են ամրապնդելու համոզմունք, որ այդ անձանց դեմ առաջադրվող մեղադրանքները լուրջ հիմքեր ունեն:

Մասնավորապես, վիճարկվում էին «Հետաքննություն» հաղորդաշարի ընթացքում ցուցադրված գեղարվեստական կադրերը, որոնք դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ նկարահանումները  կատարվել են հանցագործության կատարման պահին:

 Դատավոր Արթուր Սմբատյանը կարդաց վճիռները, սակայն ներկա հայցվոր կողմին տեղեկացրեց, որ դրանք կողմերին կտրամադրվեն երկուշաբթի:

Երկու հայցվորների փաստաբան Սեդա Սաֆարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այսօր եւս մեկ անգամ ապացուցվեց` Հայաստանում դատավճիռները այլ հարթության վրա են ընդունվում:

«Նույն ուժերը, որոնք դեր խաղացին Գևորգ Հայրապետյանի ու Աշոտ Հարությունյանի դատավարությունների ժամանակ, կարողացան ազդեցություն ունենալ այստեղ, - ասաց փաստաբանը, - սրանք դատարանի  անկախ ու անկաշառ վճիռներ չէին»:

Ս. Սաֆարյանը ափսոսում է, որ ներպետական դատարանները չկարողացան ինքնուրույնություն դրսևորել ու արդյունավետ պաշտպանել այս անձանց շահերը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ ընթացակարգային խախտումների մասին հաղորդագրություն ստանալուց հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջել է Գևորգ Հայրապետյանի դատավճիռները թե′ այս գործով և թե′ հայրենիքի դավաճանության համար քրեական գործով, եւ փաստաբանը պատրաստվում է դրանք ուղարկել ՄԻԵԴ:

«Ներպետական դատարանները չկարողացան արդյունավետ պաշտպանություն ապահովել, - նշեց Ս. Սաֆարյանը, - այժմ ստիպված ենք հույս դնել Եվրադատարանի վրա»:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը, ով ՀՀ գլխավոր դատախազությանը մատնացույց էր արել որպես վիճարկվող հաղորդումների պատվիրատու, վճռի հրապարակմանը ներկա չէր, սակայն հեռախոսազրույցի ընթացքում հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter