HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գոմեշի մսի գործում սառույցը չի շարժվում

ԼՂՀ պաշտպանության բանակում 2012-ի ամռանը հայտնաբերված գոմեշի մսի գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել: ՊՆ քննչական ծառայության աշխատակից Մերի Սարգսյանի տեղեկացմամբ՝ առայժմ միակ մեղադրյալ է շարունակում մնալ Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, ով կալանավորվել է անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին:

Հիշեցնենք, որ գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ «Խարդախությունը (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»: Նախաքննությունը վարում է ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննչական բաժինը:

Մերի Սարգսյանը նշեց, որ այս ընթացքում ոչ ոք իբրեւ կասկածյալ չի հարցաքննվել, միաժամանակ հրաժարվեց հայտնել, թե բարձրաստիճան պաշտոնյաներից ու զինվորականներից ովքեր են անցել որպես վկա: ՊՆ-ն բավարարվում է միայն նրանով, ինչը հայտնի է վաղուց. որպես վկա հարցաքննվել է ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը, ով նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել է դեռեւս սեպտեմբերի 6-ին: Հենց Փայտյանն էր համակարգում բանակի գնումների եւ սպառազինության ոլորտը:  

Թե մոտավորապես երբ կավարտվի նախաքննությունը, որը ձգվում է արդեն 7 ամիս, քննչական ծառայության աշխատակիցը դժվարացավ նշել: Ժամանակին Սարգսյանը «Հետքին» հայտնել էր, որ քննություն է ընթանում նաեւ հարկերից եւ այլ պարտադիր վճարումներից խուսափելու ուղղությամբ: Մենք էլ նշել էինք, որ խոսքն ըստ էության Քր.օր.-ի 205-րդ հոդվածի մասին է՝ «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը»: Բայց առայժմ գործարար Օհանջանյանը մեղադրվում է միայն 178-րդ հոդվածով: Ժամանակին, կրկին ըստ Մերի Սարգսյանի, քննարկման փուլում էր մի շարք պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու հարցը, եթե հիմնավորվեր, որ նրանց գործողություններում առկա է քրեական տարր: Այս դրվագով նույնպես որեւէ նորություն չկա:

57-ամյա մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանը կալանավորման օրը՝ սեպտեմբերի 1-ին, սրտի կաթված էր տարել: Նախկինում նա սրտի վիրահատության էր ենթարկվել: Կաթվածից հետո էլ բժիշկները անոթների լայնացում են կատարել: Օհանջանյանը շարունակում է մնալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Այս մասին մեզ հայտնեց նրա փաստաբան Լուսինե Սահակյանը, ով հավելեց, որ պաշտպանյալի մոտ առողջական որեւէ դրական փոփոխություն չկա: Կապանցի գործարարը մինչ օրս հերքում է իր մեղքը, իսկ փաստաբանը շատ բան չի ցանկանում ասել: Սահակյանը նշեց միայն, որ շուտով թերեւս այս մասին հանդես կգան ասուլիսով:  

Ամփոփելով՝ նշենք, որ տպավորություն է ստեղծվում, թե գործը մտել է փակուղի, եւ քննչական ծառայությունը չի կարողանում բացահայտել այն «խոշոր գլուխներին» (Սերժ Սարգսյանի արտահայտությունն է), որոնք ենթադրաբար կանգնած են այս սկանդալի հետեւում: Չնայած չկարողանալը հարաբերական է ասված, որովհետեւ զարմանալի է, որ ռազմական գերատեսչության որեւէ պաշտոնյա այսքան ժամանակ այդպես էլ չի հայտնվել քննիչների թիրախում: Այնինչ ՊՆ գնումները իրականացնում է մի ամբողջ դեպարտամենտ, եւ մյուս կողմից՝ դժվար է հավատալ, որ մինչեւ զինդատախազության ստուգումները համակարգում ոչ ոք այդպես էլ չի իմացել, որ տավարի փոխարեն դրա գնով գոմեշի միս են առնում:

Փոխարենը ոլորտի հետ անմիջականորեն առնչվող Փայտյանը ազատվում է գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով, վերջինս հեռուստախցիկների առաջ խոսում է նույն գեներալի 200.000 դոլար «պարտքի» մասին: Իսկ հետո ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի (ՆԱԴ) տնտեսագիտական վերլուծության եւ գնումների փաստաթղթերի ձեւակերպման վարչության պետ Վարդան Թունյանն է ազատվում իր հաստիքի կրճատման պատճառով: Հետաքրքիր է, թե ՆԱԴ-ում ընթացող բարեփոխումների վրա իրականում ինչ ազդեցություն է ունեցել գոմեշի մսի պատմությունը: 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Բոլորն էլ գիտեն,որ բանակում (հատկապես)մի խումբ գեներալներ նաև (խոշոր) բիզնեսմեններ են. մահացու վտանգ Հայաստանի պետականության համար: Քավության նոխազներ բռնելուց այն կողմ բան չեն անում-բոլոր բնագավառներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter