HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

ՀՀԿ-ական պատգամավորը՝ թե ինչու ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն հայտնվեցին չափազանց ծանր իրավիճակում

Այսօրվա մամուլիսի ասուլիսում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը պատասխանեց լրագրողների՝ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին վերաբերող հարցերին:

-Հայաստանի 3 խոշոր քաղաքական ուժերը՝ ԲՀԿ-ն, որն իր մեծությամբ երկրորդն է խորհրդարանում, ՀԱԿ-ը, որ ամենամեծ ընդդիմադիր ուժն է, և ՀՅԴ-ն, որ սփյուռքում ամենալայն տարածքում ունեցող կուսակցությունն է, չեն մասնակցում այս ընտրություններին: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են այդ կուսակցությունները նման որոշում կայացրել, և ընդհանուր առմամբ, ինչի՞ մասին է վկայում այս պատկերը:

-Նախորդ տարվա ընթացքում ներքաղաքական զարգացումների առումով և ՀԱԿ-ը և մասամբ նաև Դաշնակցությունը իրենց քաղաքական կանխատեսումները և զարգացումները իրականացրին մի ուղղությամբ, որը հենց բերեց այս իրավիճակին: Մասնավորապես, ՀԱԿ-ը հետևողական և ջանադրաբար կատարեց քայլեր, որպեսզի այսօր հայտնվի ըստ էության, չափազանց ծանր իրավիճակում:

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ երկու կուսակցությունները, այսպես ասած, բյուրեղացան «Բարգավաճ Հայաստանի» շուրջը և դրա արդյունքում կորցրին իրենց էլեկտորատի ճնշող մեծամասնությունը: Եվ այն, ինչ այսօր մենք տեսնում ենք, սխալ քաղաքական կանխատեսումների և այդ սխալ կանխատեսումների ճանապարհով գնալու հետևանք է:

Ես այս կարծիքում մենակ չեմ: ՀԱԿ-ի բազմաթիվ համակիրներ, ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների ներկայացուցիչներ այս սխալ ճանապարհի հետևանքով լքեցին այդ ընդդիմադիր միությունը:

Յուրաքանչյուր քաղաքական ուժ, ըստ էության, պետք է իր ծրագրերը իրականացնի իր ուժերին համապատասխան, և միայն այդ պարագայում նա կարող է ունենալ աջակիցներ: Հույսը դնել մեկ այլ քաղաքական ուժի այս կամ այն դիրքորոշման վրա և ապավինել միայն այդ քաղաքական ուժի՝ իր համար ընկալելի դրսևորումներին, կյանքը ցույց է տալիս, որ հաճախ չի արդարանում:

Ինչ վերաբերում է այդ քաղաքական ուժերը ներկայացնող թեկնածուներին, ապա մի բան կասկածից վեր է. եթե որևէ թեկնածու, նույնիսկ այդպիսի անհաջող ընթացքի պարագայում ինչ-որ հույս ունենար՝ մրցակցային դաշտում ակնկալիքների, ապա նա անպայման իր թեկնածությունը կդներ նախագահական ընտրություններում: Այսինքն՝ անկախ նրանից՝ նրանք կդնեին, թե չէին դնի իրենց թեկնածությունը այդ մրցապայքարում, նրանք մեծ փոփոխություն չէին կարող իրականացնել:

Հակառակ պարագայում նրանք իսկապես կդնեին, որպեսզի ապահովեին գոնե հետընտրական զարգացումների ժամանակ իրենց քաղաքական ուժի տեղը և դիրքը քաղաքական խճանկարում, որովհետև առաջիկա նախագահական ընտրություններից հետո քաղաքական կյանքը չի մահանալու Հայաստանում, գալու են նոր խնդիրներ, և այդ նոր խնդիրների հետ կապված՝ քաղաքական ուժերը կունենան տեղ և դիրք՝ կախված նրանից՝ ինչպիսի վարքագիծ իրենք կդրսևորեն այսօր:

-Ինչպե՞ս կանձագանքեք այն տեսակետին, որ ընտրությունները մրցակցային չեն:

-Առնվազն 4 թեկնածու ունի չափազանց մեծ փորձ քաղաքական և ներպետական շինարարության բնագավառում: Դրանք գործող նախագահն է՝ պարոն Սերժ Սարգսյանը, նախկին մեր արտգործնախարարը, նախկին վարչապետը և Պարույր Հայրիկյանը: Եվ այս առումով եթե դուք բերեք ավելի մեծ փորձ և գործ ունեցող քաղաքական գործիչների, ձեր ցուցակը շատ մեծ լինել չի կարող:

-Պարոն Մինասյան, մի քանի թեկնածու մշտապես ընտրությունից ընտրություն առաջադրվում է: Ըստ ձեզ՝ ի՞նչ խնդիր են նրանք փորձում լուծել:

-Ձեր ասածը թեկնածուներից թերևս մեկին է վերաբերում: Ես ենթադրում եմ, որ ինքը ունի ասելիք մեր ընտրողներին, և ակնկալում եմ, որ այդ ասելիքը կկարողանա լիարժեք ներկայացնել: Այդ առումով որևէ խնդիր չկա, մեր օրենսդրությունը չի արգելում որևէ մեկին ինչ-որ քանակից հետո՝ չընտրվելուց հետո, այլևս չմասնակցել այդ մրցապայքարին: Դա օրենքով սահմանված իրավունք է յուրաքանչյուր քաղաքացու համար, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի օգտվելու իր սահմանադրական իրավունքից:

-Կարծիքներ կան, որ, օրինակ, Պարույր Հայրիկյանին սատարում է Սերժ Սարգսյանը, և այլն:

-Պարույր Հայրիկյանին ես ճանաչում եմ բավականին վաղուց, և հստակ կարող եմ հավաստիացնել, որ Պարույր Հայրիկյանը երբեք չի եղել ու չի կարող լինել այն գործիչը, որը մրցապայքարի մեջ մտնի՝ հույս ունենալով, որ ասենք թե գործող նախագահը կամ գործող իշխանությունները իրեն կսատարեն: Նա միշտ վարվել է քաղաքական դաշտում իր ընկալումներին համապատախան և իր քաղաքական որոշումները կայացրել է զուտ իր ընկալումների արդյունքում:

-Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հանրության ուշադրության կենտրոնում այն թեկնածուներն են, ովքեր ուզում էին առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Այդ ցուցակը կարելի է նույնիսկ ծիծաղելի համարել: Արդյոք դա չի՞ արժեզրկում նախագահի ինստիտուտը:

-Ես չէի շտապի այդպիսի գնահատական տալ: Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքական գործիչ, որը փորձում է դառնալ թեկնածու և մասնակցել ընտրություններին, ունի որոշակի պատկերացումներ և պատասխանատվության զգացում: Ինքս անձամբ ծանոթ չեմ այդ մարդկանց հետ, որոնք առաջադրվել էին, կարդացել եմ մամուլում տարբեր հաղորդագրություններ, բայց ենթադրում եմ, որ իրենք գոնե իրենց ընկալումներում պատրաստ էին դառնալու մրցակից:

-Դուք արդեն գիտե՞ք, որ ընտրություններում Սերժ Սարգսյանն է հաղթելու, և ավելորդ լարվածություն չի լինելու:

-Այո, իմ կանխատեսումները հենց այդպիսին են: Ես համոզված եմ, որ գործող նախագահը՝ պարոն Սերժ Սարգսյանը՝ Հանրապետական կուսակցության թեկնածուն, կհաղթի ընտրություններում, և համոզված եմ, որ այդ ընտրությունները կանցնեն շատ ավելի բարձր մակարդակով, քան երբևէ նախկինում:

-Տարածված տեսակետ կա, որ այս ընտրություններում ձեր հիմնական խնդիրը լինելու է քաղաքացիներին ընտրատեղամասեր բերելը: Դուք համամի՞տ եք այդ կարծիքին:

-Ոչ:

-Ի դեպ, Ահարոն Ադիբեկյանը սոցհարցումների միջոցով է պարզել:

-Ոչ, համակարծիք չեմ:

-Այսինքն՝ ժողովուրդը մեծ ոգևորությամբ կգնա-կմասնակցի՞ ընտրություններին:

-Ոգևորության չափի մասին չեմ կարող ասել: Սակայն ժողովուրդը կմասնակցի, որովհետև ընտրելու է իր 5 տարիների ղեկավարին:

-Պարոն Մինասյան, ընտրարշավն ինչպիսի՞ն կլինի, եթե համարենք, որ արդյունքը, կարելի է ասել, կանխատեսելի է:

-Ես չեմ ուզում, որ այսօր լրագրողական շրջանառության մեջ դրվի կանխատեսելի արդյունքի մասին տեսակետը: Ես ներկայացնում եմ քաղաքական ուժ, որը ունի թեկնածու ընտրություններին: Ես պետք է պաշտպանեմ (և դա էլ անում եմ) իմ կուսակցության թեկնածուին: Եվ բնական եմ համարում, որ այլ կուսակցության թեկնածուները պաշտպանվում են իրենց քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից: Չեմ հասկանում լրագրողների դիրքորոշումը այդ պարագայում: Նրանք պետք է ուղղակի ապահովեն միջավայր այդ մրցակցությունը իրականացնելու համար: Հետևաբար, կանխատեսնող արդյունքի մասին խոսակցությունը լրագրողական կողմից, կարծում եմ, իսկապես տեղին չէ:

-Ամեն դեպքում, ինչպիսի՞ պայքար է սպասվում առաջիկայում:

-Ես կարծում եմ, որ մենք կունենանք իսկապես ծրագրային պայքար, որովհետև այն 4 քաղաքական գործիչներից յուրաքանչյուրը վառ անհատականություն է, ունի իր ձեռագիրը քաղաքական դաշտում, իր փորձը, իր անցած ճանապարհը, իր ընկալումները և մոտեցումները ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումների բոլոր ասպեկտների առումով:

Ես կարծում եմ՝ նրանք կներկայացնեն հասարակությանը հուզող բոլոր խնդիրների վերաբերյալ իրենց առաջարկությունները: Եվ այս առումով ես կարծում եմ՝ մեր հասարակությունը իսկապես կունենա քաղաքական ընտրության հնարավորություն: Սա չափազանց կարևոր է, որովհետև ծրագրերի պայքարն է, ըստ էության, որը պետք է մեր քաղաքացուն թույլ տա կողմնորոշվելու այս կամ այն թեկնածուի օգտին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter