HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գագիկ Մինասյան. Վրաստանի իշխանափոխությունը 2 դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա

Վրաստանում 2012 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունը որոշակի ազդեցություն է ունենալու նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ փոփոխությունները, որոնք իրականացնում են Վրաստանի նոր իշխանությունները արտաքին քաղաքականության բնագավառում, առնվազն 2 առումով ուղղակիորեն առնչվում են նաև Հայաստանին:

Առաջինը Վրաստանի արտաքին քաղաքականության անցումն է միաբևեռ հայեցակարգից բազմավեկտոր հայեցակարգի, որը ենթադրում է հյուսիսային հարևան Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ առայժմ գոնե տնտեսության ոլորտում՝ հաղորդակցության ճանապարհների բացում կամ բարելավում: 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանը գործնականում զերծ էր մնում Ռուսաստանի հետ մեծածավալ ապրանքափոխանակությունից:

«Այս պարագայով այդ խնդիրը դառնում էր լոկ հայկական խնդիր, և հաճախ մենք ականատես էինք լինում՝ ինչպես վրացական իշխանության, քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչներ ասում էին, որ վրացական կոմունիկացիաները դեպի Ռուսաստան ընդամենը Հայաստանի համար են»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Վրաստանում կատարված և Հայաստանին առնչվող երկրորդ փոփոխությունը, նրա կարծիքով, վերաբերում է հակամարտությունների նկատմամբ դիրքորոշմանը: 2008 թվականից հետո Վրաստանի իշխանությունները վերաբերվում էին հակամարտություններին այնպես, ինչպես Ադրբեջանի իշխանությունները՝ հայտարարելով, որ քանի դեռ խնդիրը քաղաքական լուծում չի ստացել, որևէ այլ շփումների մասին ավելորդ է խոսել:

«Մեզ համար բավականին բարդ էր, երբ մեր փոքրիկ տարածաշրջանում 3 երկրներից 2-ը ունեին ճիշտ նույն պատկերը կոնֆլիկտների վերաբերյալ, և միայն Հայաստանն էր, որ առաջարկում էր ամեն ինչ սկսել տնտեսական փոխշահավետ համագործակցությունից, որը իր հետ կբերի նաև քաղաքական լուծումների ավելի հեշտ պատկերացումներ»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Այժմ Վրաստանի նոր իշխանությունները փոխել են իրենց դիրքորոշումներն ու նույնիսկ առաջարկում են ուղղակի տնտեսական հարաբերություններ հենց Հարավային Օսեթիայի, Աբխազիայի հետ՝ հետաձգելով քաղաքական խնդրի լուծումը:

ՀՀԿ-ական պատգամավորն այս փոփոխությունը խոստումնալից է համարում Հայաստանի համար, բայց մյուս կողմից նաև կարծում է, որ այն սվիններով կընդունեն Ադրբեջանն ու Թուրքիան:

Հունվարի 17-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Վրաստանի վարչապետ և խորհրդարանական մեծամասնության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter