HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարգարայի բնակիչներից որեւէ մեկը չի ցանկանում ՀՀ նախագահ դառնալ. ինչո՞ւ (տեսանյութ)

Թուրքիայի սահմանից 500 մետր հեռավորության վրա գտնվող Մարգարա գյուղի տղամարդիկ սպասում են արեւի դուրս գալուն, որպեսզի տներից դուրս գան փողոց: Նման օրերին համայնքապետարանի շենքից մի քանի տղամարդիկ սեղան են տանում դուրս, դնում հենց փողոցի մեջտեղում ու սկսում թղթախաղով հագեցնել իրենց առօրյան: Գյուղը գործող մշակույթի տուն չունի, թեեւ հսկայական շենքը հուշում է, որ նախկինում Մարգարայում մշակութային կյանք եղել է: Շենքը խիստ վերանորոգման կարիք ունի, պատուհաններին ապակի չկա, իսկ տանիքը գրեթե ամբողջությամբ քայքայված է:

Երբ այցելեցինք Մարգարա, մոտ մեկ տասնյակ տղամարդիկ թղթախաղի սեղանի շուրրջ էին, իսկ մի քանիսն էլ հավաքվել էին փողոցի հակառակ մայթին ու պատմում էին «սովետական տարիների» իրենց ջահելությունից:

Ավետիք պապը պատմում էր, թե տարիներ առաջ հայ-վրացական սահմանը խախտելու համար ինչպես է ոստիկանների կողմից ծեծ կերել ու հայտնվել կապիկի վանդակում, իսկ մյուսներն էլ հոգոց հանելով ասում էին՝ «երանի այդ տարիներին»:

Գյուղացիների հետ փորձեցինք խոսել ներկայիս Հայաստանի ու նախագահական ընտրությունների մասին, սակայն նրանք այդքան էլ հետաքրքրված չէին ընտրություններով: Շատերն ասում էին, որ որեւէ թեկնածուի հետ հույս չեն կապում, այդ թվում՝ գործող նախագահի, սակայն եղածների մեջ նախագահի պաշտոնում տեսնում են հենց Սերժ Սարգսյանին: Նրանց զգալի մասը չգիտեին նաեւ, թե ովքեր են նախագահի թեկնածուները:

Գյուղացիները գլոբալ առումով որեւէ հուս չունեին, թե առաջիկա տարիներին որեւէ առաջընթաց կլինի: Նրանց ասելով՝ ընդհակառակը՝ տարեց տարի իրենց վիճակն ավելի է վատանում. գյուղացին չի կարողանում հող մշակել եւ Մարգարայի հողերի մեծ մասը չմշակելու պատճառով վերածվել է «ջունգլիի»: Հավաքվածներից ամենաակտիվը Ավետիք պապն էր: Մյուսները կաշկանդված էին, քանի որ նրանց շարքերում կանգնած էր նաեւ համայնքապետարանի աշխատակիցներից մեկը:

Ավետիք պապն ասաց, որ Մարգարան ունի մոտ 300 հա վարելահող, սակայն մշակվում է դրանցից միայն 30-40 հա-ն, մնացածը ամայի է:

Գյուղացիները հորդորում էին իշխանություններին վերանայել գյուղացու նկատմամբ վարվող քաղաքականությունը, նվազեցնել ոռոգման ջրի սակագին, քանի որ իրենց ջուրը գալիս է Արաքսից եւ ինքնահոս եղանակով, ինչպես նաեւ վերանորոգել Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը, քանի որ գյուղի ավտոմեքենաներն ամբողջությամբ շարքից դուրս են եկել, իսկ հիվանդներին չեն կարողանում ժամանակին հասցնել հիվանդանոց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter