HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Դոկտոր» մականունով ամբաստանյալի նյարդերն այլեւս չեն դիմանում

Գյումրիի բնակչուհի Հ. Մուրադյանին Թուրքայի Տրապիզոն քաղաքում սեռական թրաֆիքինգի ենթարկելու մեղադրանքով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացող դատական մի քանի նիստեր՝ նշանակված 2012 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, հետաձգվել էին ամբաստանյալներից Սուսաննա Մ.-ի փաստաբան Մելանյա Սարգսյանի հիվանդության պատճառով: 2013 թ. հունվարի 15-ի նիստը եւս չկայացավ, քանի որ ամբաստանյալ Սուսաննա Մ.-ն հայտարարեց, որ ցանկանում է փոխել փաստաբանին:

Դատավարական գործընթացի ավարտական փուլում դատապաշտպան փոխելու ամբաստանյալի ցանկությունն առնվազն տարօրինակ էր: Դատավոր Էդ. Մանուկյանը Սուսաննա Մ.-ին առաջարկեց հիմնավորել միջնորդությունը: Ամբաստանյալն էլ ասաց, որ վերջին շրջանում որոշակի տարաձայնություններ են ունեցել փաստաբան Մելանյա Սարգսյանի հետ, բացի այդ՝ նրա երկարատեւ բացակայությունն ու նիստերին չներկայանալը կարող է, ի վերջո, ձախողել իր պաշտպանությունը:

«Աղջիկս ուրիշ փաստաբան է գտել, ուզում եմ, որ նա պաշտպանի իմ շահերը»,- հայտարարեց ամբաստանյալը:

Երեւանից Գյումրի հասած փաստաբան Կարապետ Աղաջանյանը հաստատեց Սուսաննայի ասածները՝ նշելով, որ ընդամենը մեկ ժամ առաջ է տեղ հասել, ամբաստանյալի հետ առայժմ չունի պայմանագիր եւ գործին ծանոթանալու համար իրեն առնվազն 4 օր ժամանակ է պետք: Դատավոր Էդ. Մանուկյան դատական նիստը հետաձգեց հունվարի 16-ին՝ պահանջելով, որպեսզի ներկա լինի նաեւ Սուսաննա Մ.-ի նախկին փաստաբանը:

Հունվարի 16-ի դատական նիստի մասնակիցների կազմը մնաց անփոփող: Ամբաստանյալներից Սուսաննա Մ.-ն, ի վերջո, որոշում էր ընդունել դատական գործընթացն ավարտել հին փաստաբանի պաշտպանության ներքո: Քանի որ գործն արդեն ավարտական փուլում էր, դատարանը պատրաստվում էր այս նիստին լսել կողմերի մեղադրական եւ պաշտպանական ճառերը, սակայն փաստաբան Մելանյա Սարգսյանը հանդես եկավ նախ միջնորդությամբ:

Նա դատարանին միջնորդեց կարճել իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործը եւ դադարեցնել քրեական հետապնդումը: Միջնորդությունը բավական երկարաշունչ էր եւ ինչպես նկատեց նախագահող դատավորը, այն ավելի շատ հիշեցնում էր պաշտպանական ճառ:

Մինչ քննարկվում էր հարցը, թե փաստաբանի ներկայացրածը միջնորդություն է, թե պաշտպանական ճառ, կտրուկ վատացավ ամբաստանյալներից Սուսաննա Մ.-ի ինքնազգացողությունը: Հարկ եղավ կես ժամ ընդմիջում հայտարարել եւ շտապբուժօգնություն հրավիրել դատարան:

Պարզվեց՝ բարձրացել էր Սուսաննայի արյան ճնշումը: Թեպետ բուժքույրը ներարկում կատարեց, սակայն տեսնելով, որ հիվանդի վիճակը չի կարգավորվում՝ առաջարկեց նրան հիվանդանոց տեղափոխել:

Դատական նիստը հետաձգվեց հունվարի 30-ին:

Առաջին լուսանկարում՝ ամբաստանյալն ու նրա պաշտպան Մ. Սարգսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter