HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Քաղաքական տեխնոլոգ. Ռոբերտ Քոչարյանի ասածները վրդովիչ ու անհասկանալի են

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը վրդովվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից, հատկապես հարցազրույցի՝ ղարաբաղցիներին վերաբերող մասից:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը, որպես ակտիվ քաղաքականություն վերադառնալուց իրեն հետ պահող հանգամանք, մասնավորապես, ասել էր. «իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր»:

Այսօրվա մամուլի ասուլիսում քաղաքական տեխնոլոգն ասաց, որ իրեն շատ հաճելի էր, որ հասարակության մեջ առկա հայաստանցի-ղարաբաղցի տհաճ տարանջատումը վերջին 5 տարվա ընթացքում վերացել էր:

«Եվ մեկ էլ ֆիքսել... Իսկ ի՞նչ... եթե ղարաբաղցի չլիներ Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ ի՞նչ է՝ հայաստանցին թո՞ւրք է ի՞նչ է, որ պիտի գար պայքարեր: Ինչի՞ մասին է խոսքը, ես չեմ կարողանում հասկանալ»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը որպես ակտիվ քաղաքականություն վերադառնալուց իրեն հետ պահող հանգամանք նշել էր նաև հետևյալը. «ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, և վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է»: Այնուհետև Ռոբերտ Քոչարյանը թվարկել էր նույն Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի առջև ծառացած խնդիրները՝ «Հայաստանից բնակչության արտահոսք», «ցածր ծնելիություն, «ծերացող բնակչություն», բարդ իրավիճակ տնտեսության ոլորտում:

«Այսինքն՝ եթե սխալներ է անում, թող անի-շարունակի-քանդի՞, պետք չէ՞ կպչել, որովհետև «ե՞ս եմ բերել»: Ոչ մի տեսանկյունից ես այդ բանը չեմ կարողանում հասկանալ»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Լրագրողի հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանն ազգային անվտանգությանը վերաբերող խնդիրները (ծնելիության ցածր և արտագաղթի բարձր մակարդակ) քողարկո՞ւմ է Սերժ Սարգսյանի՝ ընկեր, ղարաբաղցի լինելով՝ Կարեն Քոչարյանը պատասխանեց, որ շատ տեղին էր այն, ինչ նշել էր Արմեն Աշոտյանը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 15-ի հարցազրույցի առթիվ ֆեյսբուքի իր էջում մեջբերել էր Ռոբերտ Քոչարյանի մեկ ուրիշ՝ 2011թ. սեպտեմբերի 30-ի հարցազրույցը, որում վերջինս այլ մտքեր էր հայտնել:

Այն ժամանակ նախկին նախագահը, մասնավորապես, նշել էր. «Ես չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն: Սակայն, այդ քայլին ինձ կարող են դրդել ոչ թե այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Հայաստանին թեև շատ մոտ և Հայաստանի համար շատ կարևոր, բայց, այնուամենայնիվ, ուրիշ երկրում, այլ հետևյալ երեք գործոնները. 1. երկրի տնտեսական վիճակի և մարդկանց բարեկեցության զգալի և կայուն բարելավվման բացակայությունը, և, որպես հետևանք՝ փակուղային տրամադրությունների և արտագաղթի աճը; 2. հասարակության տարբեր շերտերի կողմից իմ՝ մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը; 3. իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձևով բարելավել իրավիճակը»:

«Փաստորեն, իր չառաջադրման իրական պատճառները ոչ թե այսօր թվարկածներն էին, այլ նախանցյալ տարի սեպտեմբերին բարձրաձայնած գործոնների բացակայության փաստը»,- ֆեյսբուքում գրել էր Արմեն Աշոտյանը:

Իր հերթին Կարեն Քոչարյանը նշեց, որ շարքային քաղաքական գործիչներն իրենց կարող են թույլ տալ երբեմն չմտածված բաներ ասել, բայց ծանրակշիռ քաղաքական գործիչները պետք է հետևեն իրենց յուրաքանչյուր բառին՝ մանավանդ ծանրակշիռ թեմաներով ասված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter