HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Շինարար Վլադիսլավ Մանգասարյանը ձերբակալվել է. տուժողը նախկին պատգամավո՞րն է

Այսօր՝ ժամը 00:05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Հանրապետության փողոցի 76/2 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Վլադիսլավ Մանգասարյանին, ում նկատմամբ խարդախության մեղադրանքով 5 օր առաջ հայտարարվել էր հետախուզում:

Սա նույն անձն է, ում սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը մեղադրում էր իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու մեջ: Սակայն գործը տեղից չէր շարժվում եւ կարծես նման միտում էլ չունի, քանզի Մանգասարյանի ձերբակալումը Խուդյանի գործի հետ որեւէ առնչություն չունի:

Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» հայտնեցին, որ անցյալ տարվա հուլիսի 13-ին Արտաշես Շահբազյանի (ըստ «Հետքի» տեղեկությունների՝ խոսքը ԱԺ նախկին դաշնակցական պատգամավորի մասին է) հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Վերջինս պատմել է, որ Երեւանի Դավիթաշեն թաղամասում գտնվող իր երկու բնակարանները տվել է Վլադիսլավ Մանգասարյանին, սակայն դրա դիմաց գումար այդպես էլ չի ստացել: Վեց ամիս անց (2013թ. հունվարի 12-ին), սակայն, գործի վարույթը կասեցվել էր՝ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմնավորմամբ: Նույն օրը Վլադիսլավ Մանգասարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Եվ ահա, այսօր կեսգիշերին նա հայտնաբերվել է, իսկ գործի կասեցված վարույթը վերսկսվել:

Վլադիսլավ Մանգասարյանի անունը շոշափվում էր նաեւ մեկ այլ քրեական գործում: 2012 թ. նոյեմբերին ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն, համաձայն որի՝ Աշխարաբեկ Քալանթարը եւ Արտաշես Խ.-ն վիճաբանության մեջ են մտել հայր եւ որդի Վլադիսլավ եւ Էդուարդ Մանգասարյանների հետ, որի ընթացքում Աշխարբեկը փորձել է կրակել Էդուարդին, բայց ատրճանակը գործի չի դրվել:

Նույն օրը՝ նոյեմբերի 13-ի երեկոյան, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության էին դիմել Արտաշեսն ու Աշխարբեկը եւ հայտարարել, որ իրենց ծեծել են հայր եւ որդի Մանգասարյանները:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ «Ծեծ» եւ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք» հոդվածների հատկանիշներով: Բայց 2 ամիս չանցած՝ դեկտեմբերի 27-ին, գործի վարույթը կարճվել էր՝ տուժողի բողոքի բացակայության հիմքով:

Արտաշես Շահբազյանի գործով ձերբակալված Մանգասարյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Հ. Գ. Շահբազյանի հետ կապվել մեզ առայժմ չի հաջողվում. նա հեռախոսազանգերին չի պատասխանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter