HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞վ է զբաղված Վանաձորի քաղաքապետարանը

Վանաձորում հունվարի 8-ին, 9-ին և 10-ին տեղացած ձյան պատճառով արդեն 8 օր է՝ մերկասառույցով ծածկված և բնակիչների համար գրեթե անանցանելի են բազմաթիվ փողոցներ, այդ թվում՝ մարզպետարանի և քաղաքապետարանի վարչական շենքերին հարող տարածքները, ավտոկայանից հրապարակ տանող ճանապարհը, կենտրոնական մայրուղու և քաղաքի գրեթե բոլոր փողոցների մայթերը:

Ստեղծված իրավիճակում Վանաձորում երթևեկելիս դժվարություններ են ունենում հատկապես կանայք: Վերջիններս սայթաքելուց հետո նախ ուրախանում են կոտրվածքներ չստանալու համար, ապա անհարմարության զգացումով փողոցում քայլող տղամարդկանց օգնությամբ ոտքի են կանգնում և զգուշորեն շարունակում ճանապարհը:

Հունվարի 18-ի կեսօրն էր: Վանաձորի հագուստի շուկայում սայթաքեց և մեջքի վրա ընկավ միջահասակ մի կին: Երբ նրան օգնում էին ոտքի կանգնել, ասաց. «Այսօր 10-րդ անգամն եմ ընկնում»:

Զավեշտը, սակայն, այն է, որ Վանաձորի քաղաքապետարանի կայքէջում հունվարի 10-ին տեղեկատվություն է տարածվել վերնագրված հետեւյալ կերպ՝ «Վանաձորում շարունակվում են քաղաքի փողոցների ձնամաքրման դժվարին աշխատանքները»: Քաղաքապետարանը վանաձորցիներին հայտնում է հունվաի 8-ին, 9-ին և 10-ին տեղացած առատ ձյան հետևանքով քաղաքի փողոցներն ու մայթերը ձնածածկերից մաքրելու իր դժվարությունների մասին:

«Թեև Վանաձոր քաղաքը սպասարկող կազմակերպությունները վերոհիշյալ օրերին ներգրավել էին 7 միավոր տեխնիկա, սակայն այդ ներուժը բավարար չէր միաժամանակ բոլոր թաղամասերի և մայթերի մաքրումն իրականացնելու համար»,- հայտնում է քաղաքապետարանը:

Քաղաքապետարանի կայքէջը  վանաձորցիներին նաեւ հայտնում է, որ միայն հունվարի 10-ի օրվա 2-րդ կեսին է հաջողվել կարգավորել քաղաքի փողոցների երթևեկությունը: Բնակիչներին խնդրում են հաշվի առնել, որ Վանաձորում ձնածածկույթից մաքրման ենթակա է 224 կմ ասֆալտապատ ճանապարհ և ըմբռնումով մոտենալ 3 օր շարունակ տեղացած առատ ձյան հետևանքով առաջացած անհարմարություններին: Սա այն դեպքում, երբ վերջին 8 օրերին քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժինն անտարբերություն է դրսևորել և նույնիսկ աղ չի լցրել մայթերի ու փողոցների վտանգավոր մերկասառույցներին:

Վանաձորում ստեղծված իրավիճակը նաև փաստում է, որ քաղաքապետարանում անտեսվել և ժամանակին միջոցառումներ չեն ձեռնարկել քաղաքային տնտեսությունը ձմռանը նախապատրաստելու համար: Եվ վտանգավորն այն է, որ Վանաձորի փողոցների և մայթերի չմաքրված մերկասառույցի վրա ձյան նոր տեղումները կարող են նոր դժվարություններ ստեղծվել բնակիչների անվտանգ երթևեկության համար:

Մեկնաբանություններ (4)

Մարիամ
Վանաձորի քաղաքապետին ինչ հիշում եմ, ասում է ՛՛Պետք է հատկապես ուշադրություն դարձնել աղբահանությանը և փողոցների լուսավորությանը՛՛: 10 տարում չկարողացան այդ երկու խնդիրը լուծել ուր մնաց 8 օրում ձյուն մաքրեն:
Գուգլե
Հարգելի Մարիամ, մեր քաղաքապետը մտածում է, որ ձյուն մաքրելու համար բահեր են պետք: Իսկ նա չունի: Մարդու մասին ճիշտ կարծիք կազմելու համար հարկավոր է այցելել նրա տուն, հետևաբար քաղաքապետի մասին կարծիք կկազմենք, երբ զբոսնենք Վանաձորում: Հատկապես երեկոյան ժամը 19:00-ից հետո:
Լոռեցի
Ուղտին ասեցին - մեջքդ ծուռ է: Ասաց - իսկ ինչս է դուզ? Ձեր տունը շինվի, ընդամենը ձյուն ա էլի, ձեր քաշածների համեմատ էդ ինչ է որ: Էս ա կտաքանա, կհալվի կգնա, ինչու անիմաստ չարչարվել, բնության դեմ կռիվ տալ, էդ խեղճ քաղաքապետին էլ նեղություն տալ ...
Էդիսոն
Ղաշանգ քյաղաքը ավիրե, սարքիլ են Ղարվանդը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter