HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը չի կարողանում բացահայտել Ալավերդիի գողության դեպքերը

Այսօր`  ժամը  9:30-ին  Ալավերդիում գրանցվել է  հերթական գողության փորձը: Ալավերդու Սարահարթ թաղամասի 1/15 շենքի 2-րդ հարկում տեղավորված «Իրիս-ստոմ» ՍՊԸ–ի բուժքույր Սիլվա Պապոյանը, երբ բացել է  ատամնաբուժարանի դուռը, նկատել է, որ ամեն ինչ խառնված է. «Միջանցքում գտնվող պահարաններից  թափված էին  հիվանդների ամբողջ անկետաները, խառնած էին  պահարանների  բոլոր  դարակները: Էլ առաջ չգնացի, հասկացա, որ մարդ է մտել ատամնաբուժարան»: 

Վերջինս անմիջապես զանգահարում է  ՍՊԸ-ի սեփականատեր, ատամնաբույժ Աստղիկ  Խաչատրյանին, ով էլ կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանության Թումանյանի բաժնին: Սիլվա Պապոյանը ասաց, որ ատամնաբուժարանի  դեղորայքի պահոցը և  բժշկական գործիքները գողերին չի հետաքրքրել, դրանք մնացել են անշարժ և անվնաս:Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգիս Երիցյանը  «Հետքին» հայտնեց, որ դեպքի մասին  դեռևս չի կարող որևէ տեղեկատվություն հայտնել. «Դեռ չենք կարողանում կողմնորոշվել, որովհետև ուրիշ մուտք չկա, դուռը և լուսամուտները փակ են: Հնարավոր է` գողերը ունեցել են դռան բանալի»,-ասաց Սարգիս Երիցյանը:

Ըստ քրեական հետախուզության բաժանմունքի պետի` չի բացառվում, որ գողերը ատամնաբուժարանում փնտրել են  թմրադեղ և փող:  Սարգիս Երիցյանը նաև  ասաց, որ գողության հետքերը  բացահայտելու համար, պետք է փորձագետներ հրավիրվեն Վանաձորից:

«Եկա տեսա ամբողջ դարակները քանդված են, բազկաթոռը վնասված, բայց կարևոր է, որ ոչինչ չեն տարել: Բայց այս վախի մթնոլորտը  որքա՞ն պետք է տևի: Մենք օգտագործում ենք միայն լիդոկային  և անալգին  տեղային ցավազրկող դեղամիջոցները:  Թմրամոլները լավ գիտեն իրենց ինչ է հարկավոր, հազիվ թե նրանք մեզ մոտ թմրադեղեր որոնեին»,- ասաց Աստղիկ Խաչատրյանը:

«Իրիս-ստոմ» ՍՊԸ-ի հարևանությամբ բնակվող բնակիչները հայտնեցին, որ  հանգստյան երկու օրերին որևէ աղմուկ չեն լսել: Նրանց կարծիքով, ատամնաբուժարանի դուռը բացվել է անաղմուկ, հավանաբար բանալիով: Ալավերդիում վերջին ամիսներին  պարբերաբար կրկնվող  գողությունները ունեն նույն ձեռագիրը: Այստեղ  գողերը լուսամուտներ ու դռներ չեն ջարդում, բնակարաններ և հիմնարկություններ մտնում են աննկատ և անաղմուկ: Այս ամենը վերջին ամիսներին բնակչության  մոտ խուճապ է առաջացրել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter