HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեկ բան պարզ է` գիտական համակարգը վատ վիճակում է, պետք է քայլեր ձեռնարկել այն բարելավելու համար»

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Հանդարտ ու հմայիչ և այնքա՜ն երիտասարդ, որ առաջին հայացքից դժվարությամբ կարելի է պատկերացնել, որ մեր առջև կանգնած է արդեն իսկ լիովին կայացած մի բանիմաց ֆիզիկոս։ Այնինչ, Անահիտ Գոգյանն արդեն հասցրել է քվանտային օպտիկայի ու քվանտային ինֆորմացիայի ոլորտում կատարել բազմաթիվ հետազոտություններ, տպագրվել ատոմական, մոլեկուլային ու օպտիկական ֆիզիկայի ոլորտի լավագույն ամսագրերում, արժանանալ մի շարք մրցանակների, ստանալ մի շարք դրամաշնորհներ ու արձանագրել բազմաթիվ այլ նվաճումներ։ Բավարար է միայն ասել, որ արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, ստացել է ԱՊՀ երիտասարդ գիտաշխատողների մրցանակ (Международная премия  “Содружество дебютов” молодых ученых стран СНГ):

Հետաքրքիր է նաև, որ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճանը ստացել է՝ սովորելով հայ-ֆրանսիական համատեղ ղեկավարությամբ ասպիրանտուրայում, Cotutelle internationale de thèse սխեմայով, ժամանակի մոտ կեսն ուսանելով Դիժոնի համալսարանում, ինչի արդյունքում միաժամանակ ստացել է գիտության թեկնածուի և՛ հայկական, և՛ ֆրանսիական վկայագրեր։ 

-Իմիջիայլոց, Անահիտ, կասե՞ք, թե ինչու որոշեցիք դառնալ գիտնական։ 

-Իրականում, ինքնըստինքյան ստացվեց :) Մագիստրոսական թեզը գրելու ժամանակ ծանոթացա գիտական ղեկավարիս հետ: Աշխատանքը հետաքրքիր էր ու հաճելի, այնպես որ՝ որոշեցի շարունակել այդ ուղղությամբ: Այժմ ինձ չեմ պատկերացնում մեկ այլ բանով զբաղվելիս: 

-Օրվա որքա՞ն ժամանակն եք նվիրվում գիտական հետազոտություններին, ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչո՞վ եք հետաքրքրվում ազատ ժամանակ։ 

-Ժամանակը չեմ կարող ստույգ ասել, կախված է այն խնդրից, որով զբաղվում ենք տվյալ պահին: Օր է լինում` ամբողջությամբ, օր է լինում` աշխատել չի ստացվում: Գիտական աշխարհում աշխատանքային ժամանակ հասկացությունը մի քիչ տարօրինակ է հնչում: Պատահում է` աշխատում եմ շաբաթ և կիրակի օրերին, որոշ օրեր էլ չեմ աշխատում: Ազատ ժամանակ սիրում եմ զբաղվել սպորտով, վերջերս զբաղվում էի կապոեիրայով, հիմա պարերով: Սիրում եմ նվագել, գիրք կարդալ:

-Իսկ, գիտական աշխարհում մարդու սեռը որևէ նշանակություն ունի՞, կարիերայի տեսակետից տարբերություն կա՞:

-Անձամբ որևէ տարբերություն չեմ նկատել: Չեմ կարծում, թե գիտության մեջ սեռը կարող է որևէ նշանակութուն ունենալ կարիերայի հարցում, հատկապես արտասահմանում:

Անահիտն աշխատում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (ՖՀԻ), որպես կրտսեր գիտաշխատող: ՖՀԻ-ի տեսական բաժնի այն խումբը, որտեղ նա աշխատում է, 2005-ից վեր իրականացրել է մի շարք միջազգային դրամաշնորհային ծրագրեր, այդ թվում INTAS, ASNEF, NFSAT, ISTC, FP7 IPERA և այլն. -Չեմ կարծում, թե որևէ մեկը Հայաստանում կկարողանա զբաղվել միայն գիտությամբ` առանց դրամաշնորհների: ԳԱՏԱՀ-ից ստացած դրամաշնորհի շնորհիվ 2012-ի գարնանը աշխատում էր ԱՄՆ-ի Բերկլիի համալսարանում, և համագործակցությունը դեռևս շարունակվում է: Ասում է. «Գիտական համագործակցությունները նպաստում են ինչպես գիտելիքի փոխանակմանը, այնպես էլ ավելի արդյունվետ և հետաքրքիր արդյունքների ստացմանը, իսկ մեծ, ծավալուն համագործակցային ծրագրերը թույլ են տալիս լինել համաշխարհային գիտության առաջնային հատվածում»:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը մեր գիտական խմբերի միջև։ Արդյո՞ք ավելի սերտ համագործակցությունը հնարավորություն չի տա ավելի մեծ ծրագրեր ձեռնարկելու, և այդ դեպքում` ավելի լուրջ ուժերով հանդես գալու միջազգային դրամաշնորհների դիմելիս։

-Ներքին համագործակցությունը, կարծում եմ, շատ թույլ է: Միջազգային դրամաշնորհների դիմելու համար, իհարկե, գերադասելի կլիներ մեծ գիտական խմբերի առկայությունը, ինչին կարելի էր հասնել ներքին համագործակցությամբ: Այստեղ մեծ գիտական խմբերը շքեղություն են: Նաև՝ հաշվի առեք, որ ներքին ծրագրերին մասնակցելու համար (թեմատիկ ֆինանսավորում ստանալիս, ԳԱՏԱՀ-ի, ANSEF-ի դրամաշնորհներին դիմելիս) խմբերը պետք է փոքր լինեն:

Այժմ խումբն ընդգրկված է միացյալ հայ-ֆրանսիական LIA IRMAS առանց պատերի լաբորատորիայում, ինչպես նաև մասնակցում է եվրոպական FP7 շրջանակային ծրագրի IPERA (www.ip-era.eu) նախագծի իրականացմանը: Ուսումնասիրությունները նվիրված են քվանտային լույսի և միջավայրի փոխազդեցության տեսությանը, այժմ նաև դիտարկում են ոչ-գծային մագնիսաօպտիկական երևույթները, որոնք լայն կիրառություն ունեն կենսաբանությունում, բժշկությունում, ռազմական որոշ խնդիրների լուծման, հանածոների գտնման համար և այլն: 

Մասնակցել և ստացված արդյունքներն Անահիտը ներկայացրել է մի շարք այնպիսի բարձրակարգ գիտաժողովներում, ինչպիսիք են EGAS 43 (European Group on Atomic Systems), Fribourg, Switzerland, 2011; Young European Physicists Meeting, Toulouse, France, 2011; 3rd Italian Quantum Information Science Conference (IQIS), Torino, Italy, 2010; Ultrafast control of quantum systems by strong laser fields, Rethymnon, Crete, 2009; The 15th International School on Quantum Electronics, Burgas, Bulgaria, 2008 գիտաժողովները և այլն։ Աշխատանքները շատ են հետաքրքրել որոշ արտասահմանյան գիտնականների, և նրանց կողմից ստացել է PostDoc անելու առաջարկներ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում: Եղել են նաև առաջարկներ՝ որոշ խնդիրներ արտասահմանում փորձարարորեն իրականացնելու:

-Ձեր աշխատանքները հիմնականում քանի՞ համահեղինակով են։ 

-Աշխատանքներում ընդգրկված են հիմնականում 1-4 հոգի: Բոլոր այն գիտական հոդվածներում, որտեղ ես ընդգրկված եմ, աշխատանքի հիմնական մասը կատարել եմ ինքս` քննարկելով դիտարկվող խնդիրը մյուս համահեղինակների հետ: Հաճախ կարելի է կռահել ամեն մի հեղինակի ներդրումը` նայելով հեղինակների հերթականությանը: Սովորաբար, վերջին հեղինակը հանդիսանում է գիտական խմբի ղեկավարը, ում հետ իրականացվում են քննարկումների մեծ մասը: Իսկ առաջին հեղինակն այն անձն է, ով հիմնականում կատարում է աշխատանքը:

-Այս տարի՝ ՀԵՀ Հայկյան մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս, հաշվի առնվեց միջազգային գիտական ամսագրերում տպագրությունների քանակը, իսկ անցյալ տարի դիտարկվում էր հղումների թիվը։ Ո՞ր չափանիշն է ավելի լավ։

-Չեմ կարծում, որ ամսագրի ազդեցության գործակիցը (ԱԳ), տպագրությունների քանակը կամ հղումների թիվը ճշգրիտ ներկայացնում են գիտական արդյունքի արժեքը: Տարբեր գիտական ուղղություններով զբաղելիս տարբեր քանակությամբ հոդվածներ կարելի է տպագրել, ինչպես նաև տարբեր ամսագրերի ԱԳ-ները տարբեր են լինում, կախված ոլորտից: Օրինակ, մաթեմատիկայում լավագույն ամսագրերի ԱԳ-ն շատ ավելի ցածր է բժշկական գիտությունների ամսագրերի ԱԳ-ից: Նման բան դիտվում է նաև ֆիզիկայի տարբեր ճյուղերում: Օրինակ, նանոֆիզիկայում ամսագրերի ԱԳ-ն, հղումների թիվը տարբերվում է ոչ-գծային ֆիզիկայի ամսագրերի ԱԳ-ից կամ հղումների թվից: Չեմ կարծում, որ հնարավոր է մրցութային կարգով որոշել, թե որ գիտնականը կամ գիտական աշխատանքն է լավը կամ վատը: Ինչևէ, քանի որ գոյություն չունի որևէ չափանիշ, որը ստույգ կնկարագրի աշխատանքի արժեքը, կարծում եմ, որ որպես առաջին քայլ՝ նշված չափանիշները բավարար են:

-Ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում տարատեսակ խրախուսական մրցանակաբաշխություններին, որոնք վերջին երկու տարվա ընթացքում սկսեցին իրականացվել տարբեր մասնավոր ու պետական կառույցների կողմից։

-Մրցանակները լավ քայլ են երիտասարդներին և գիտնականներին խրախուսելու համար, սակայն գիտությանը հիմնովին խթանելու համար անհրաժեշտ են ավելի լուրջ քայլեր, մասնավորապես, պետք է փոխել կառավարության վերաբերմունքը գիտության նկատմամբ: 

-Կարո՞ղ եք թվարկել Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները, ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծման ճանապարհները։

-Երիտասարդների թիվ մեկ խնդիրը ֆինանսական անապահովվածությունն է ինչպես ներկա պահի, այնպես էլ ապագայի համար: Նաև, եթե ուզում ենք, որ երիտասարդ գիտնականները չլքեն Հայաստանը, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այստեղի պայմաններն ավելի գրավիչ դարձնելու համար, և այստեղ խնդիրը միայն անհատին ֆինանսավորելը չէ, պետք է ամբողջ գիտական համակարգում մեծ ներդրումներ կատարել, որպեսզի Հայաստանում գիտական կենտրոնները դառնան մրցունակ: Այժմ խելացի երիտասարդների համար շատ հեշտ է զբաղվել գիտությամբ արտասահմանում` լինելով ըստ արժանվույն գնահատված և տալով առաջնակարգ գիտական արդյունքներ:

-Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման խորքային պատճառները՝ հասարակության կողմից գիտությունը չկարևորե՞լը, արժեհամակարգի խեղո՞ւմը, պատական մարմինների վատ աշխատա՞նքը, թե՞ այլ։

-Չեմ ուզում քաղաքականության ու հասարակական կարծիքի մեջ խորանալ` վերլուծելով պատճառները: Մեկ բան պարզ է` գիտական համակարգը վատ վիճակում է, և պետք է քայլեր ձեռնարկել այն բարելավելու համար: Ինչպե՞ս՝ չգիտեմ: 

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։ Արդյո՞ք իսկական գիտնականը միայն նա չէ՞, որ զբաղվում է գիտությամբ առանց հողեղեն-նյութական բաներին ուշադրություն դարձնելու։

-Գիտությամբ զբաղվելու մեկ եղանակ կա, երբ մի բան գիտես շատ լավ և այլ բաներից գոնե տեղյակ ես և հետաքրքրված: Գիտնականն էլ է մարդ և ունի տարրական կարիքներ: Խորանալ միայն գիտության մեջ և ուրիշ ոչնչի ուշադրություն չդարձնելը համարժեք է ջայլամի պես գլուխն ավազի մեջ մտցնելուն:

-Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ։

-Դրական միտումներ տեսնում եմ: Հատկապես, այն պահից սկսած, երբ սկսեց գործել «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան խումբը: Հուսով եմ` նման միտումներն ավելի ինտենսիվ կերպով կվերածվեն գործողությունների և կկրեն շարունակական բնույթ:

-Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։ 

-Վերջին հինգ տարվա ընթացքում երկու տարուց ավել եղել եմ արտասահմանում: Եղել եմ Ֆրանսիայի Բուրգունդիայի համալսարանում, ԱՄՆ-ում՝ Բերկլիի համալսարանում: Տարբերությունները շատ են, օրինակ.

- դրսի գիտական կենտրոններում կյանքը շատ ավելի ակտիվ է. հրավիրվում են տարբեր մասնագետներ` տեղի գիտական կենտրոններում զեկույցներ կարդալու: Փորձի փոխանակումը, տարբեր խնդիրների հետ ծանոթանալը խթան է, որպեսզի գիտնականը զարգանա, դեպի առաջ գնա

- դրսում կա գիտական առցանց հրատարակումների, գրադարանների ազատ օգտագործման հնարավորություն, ինչն այստեղ համարյա բացակայում է

- ասպիրանտը մտածելու կարիք չունի որևէ մրցույթի կամ դրամաշնորհի դիմելու մասին, ինչը խլում է բավականին ժամանակ և ջանքեր

- ինստիտուտներում գիտական խմբերն ավելի մեծ են ու բազմապրոֆիլ, Հայաստանում խումբն իրեն նման շքեղություն թույլ տալ չի կարող

- այստեղի ու դրսի լաբորատորիաների սարքավորումների միջև ավելի քան հիսունամյա տարբերություն կա

- դրսում փորձարարական խմբերն ունեն որոշակի բյուջե, որի սահմաններում երիտասարդ գիտաշխատողներն ազատորեն կարող են գնել իրենց անհրաժեշտ սարքավորումները, առանց մտահոգվելու գնային կամ թղթաբանական բարդությունների մասին։

-Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում։

-Ես արդեն իսկ կատարել եմ Հայրենիքում ապրելու և դրսում աշխատելու միջև ընտրությունը` քաջ գիտակցելով, որ մասնագիտական աճն այստեղ անհամեմատ թույլ է, քան կլիներ արտասահմանում: Հուսով եմ` այդ ընտրության արդյունքում տասը տարի անց չեմ հայտնվի կոտրած տաշտակի առջև:

Մանե Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter