HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Էդգար Վարդանյան. Սերժ Սարգսյանի թիմը մնացած բոլոր թեկնածուների համար ստեղծում է անլուրջի և թեթևսոլիկի կերպար

«Ի տարբերություն իր նախորդի՝ Սարգսյանը և իր թիմը սև PR գրեթե չեն գործածում, սակայն ԶԼՄ-ների և հիմնականում հեռուստատեսության միջոցով նրանք մնացած բոլոր թեկնածուների համար նրբորեն ստեղծում են անլուրջ, ժողովրդի լեզվով ասած, թեթևսոլիկի կերպար»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:

Անդրադառնալով «Հետքի» այն հարցին, թե եթե իշխանությունը չստեղծեր մյուս թեկնածուների անլուրջ, թեթևսոլիկի կերպար, այդ թեկնածուներն ի՞նչ ներուժ կունենային, և միայն իշխանության ստեղծած կերպա՞րն է այդ թեկնածուներին վնասում՝ Էդգար Վարդանյանն ասաց, որ հասարակությունն ինքը պետք է գնահատի՝ որքանով են թեկնածուները լուրջ կամ անլուրջ:

«Պետությունը չպետք է միջամտի, հասարակությանը մանիպուլյացիաների ենթարկի և իր սեփական պատկերացումները փաթաթի հասարակության վզին: Ես համոզված եմ, որ իրականում շատ լուրջ մարդիկ կան այնտեղ: Բնականաբար, ես կարծում եմ, որ հասարակությունը չէր գա այն եզրահանգման, որ բոլորը թեթևսոլիկ են»,- ասաց Էդգար Վարդանյանը:

Նա չցանկացավ անուններով նշել, թե թեկնածուներից ով է լուրջ կամ անլուրջ:

Քաղաքական վերլուծաբանն այս պահի դրությամբ քիչ հավանական է համարում, որ գործող նախագահ, թեկնածու Սերժ Սարգսյանը նորից չի զբաղեցնի նախագահի պաշտոնը: Բայց միաժամանակ նշում է, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է:

«Եթե կան թեկուզև չնչին նախադրյալներ, եթե կան թեկուզև փոքր դիմադրության օջախներ, ուրեմն կա հավանականություն, որ այդ ամենը ժամանակի ընթացքում, թեկուզև կարճ ժամանակի ընթացքում, կդառնա լուրջ սպառնալիք ներկայիս իշխանությունների համար, և այս դեպքում ամեն ինչ հնարավոր կլինի»,- ասաց Էդգար Վարդանյանը:

Նա հնարավոր է համարում, որ Սերժ Սարգսյանին հաղթի որևէ ընդդիմադիր թեկնածու այն դեպքում, եթե հասարակությանը կարողանա ինքնակազմակերպել, ուժ դառնալ ու որոշել սատարել մեկ կամ մի քանի թեկնածուի, և 1-ին փուլով Սերժ Սարգսյանը չկարողանա հաղթել, իսկ 2-րդ փուլի ժամանակ թեկնածուները համախմբվեն ընդդիմադիր թեկնածուի շուրջ, և վերջինը հաղթի:

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ հայաստանյան քաղաքական ուժերն իրենց ներկայիս վարքագծով չեն կարող ժողովրդին ինքնակազմակերպել. նրանք պետք է փոխեն իրենց վարքագիծը, և երկրորդ՝ խաղի մեջ պետք է մտնի և այս օրակարգով միավորվի ամբողջ հասարակությունը՝ բոլոր պայքարող հասարակական ուժերը, նախաձեռնությունները:

Մեկնաբանություններ (1)

Մհեր
Լրատվության թիվ Մեկ օրենք - երբեք չսկսկել մեջբերումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter