HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կանանց ֆուտբոլ. դոփելով տեղում

Ինչպես հայտնի է, ՀՖՖ-ն որոշել է կանանց ֆուտբոլի հավաքականներ չգործուղել Եվրոպայի առաջնություններին: Նախկինում 17 եւ 19 տարեկան մեր աղջիկների հավաքականները մասնակցում էին աշխարհամասի առաջնություններին, իսկ կանանց ազգային ընտրանին՝ ոչ միայն Եվրոպայի, այլեւ աշխարհի առաջնություններին: Բայց մերոնք միշտ էլ եղել են միավոր բաշխողի դերում:

Բավական է նշել, որ ազգային թիմը Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերում անցկացրել է 20 խաղ ու ընդամենը 2 հաղթանակ տարել, 3 ոչ-ոքի խաղացել եւ 15 պարտություն կրել: Էլ ավելի տխուր վիճակագրություն է աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում՝ 8 պարտություն 8 խաղում: Պատմության մեջ իր առաջին խաղը Հայաստանի կանանց հավաքականն անցկացրել է 2003-ին եւ 0-11 հաշվով պարտություն կրել Ավստրիայից: Միջազգային խաղերում 0-4, 0-5, 0-7, 0-8 հաշիվներով պարտվելը սովորական երեւույթ է մեր կանանց ֆուտբոլում: Մասնավորապես Եվրոպայի 2013 թ. առաջնության ընտրական փուլում հայ ֆուտբոլիստուհիներն անցկացրել են 8 խաղ, որոնցում պարտվել են խոշոր հաշիվներով, արդյունքում խփած եւ բաց թողած գնդակների հարաբերակցությունն է՝ 2-44: Նույնը տխուր վիճակը վերաբերում է 17 եւ 19 տարեկաններին:  

Պատճառները պարզ են. Հայաստանում կանանց ֆուտբոլը երբեք էլ դրված չի եղել ամուր հիմքերի վրա: ԽՍՀՄ վերջին տարիներին եւ անկախացումից հետո, երբ կանանց ֆուտբոլը նոր-նոր էր մտել մեր երկիր, հայտնի էին Երեւանի «Նաիրի», «Նորք» եւ Ապարանի «Նիգ» թիմերը, որոնք սակայն որեւէ լուրջ հաջողություն չեն գրանցել եւ չէին էլ կարող, քանի որ 1980-ականների վերջին ԽՍՀՄ-ում էլ կանանց ֆուտբոլը նոր երեւույթ էր: Վիճակն ավելի է վատացել 1990-ականներին: Հատկանշական է, որ այս վերջին տարիներին գործում էին միայն «Բանանց» եւ «Քոլեջ» կանանց թիմերը:

Հավաքականների նման թույլ լինելու պատճառը ակումբային թիմերի գրեթե բացակայությունն է եւ այն, որ Հայաստանում չի անցկացվում կանանց ֆուտբոլի առաջնություն: Ավելի խորքային, բուն պատճառը ազգային մտածելակերպն է, ինչի արդյունքում քիչ աղջիկներ են զբաղվում ֆուտբոլով: Սրանից զատ՝ չկան ֆինանսական ներդրումներ այս ոլորտում, ինչը նույնպես բխում է մենթալիտետից: Ընդհանրապես հայ կին ֆուտբոլիստների խաղային պրակտիկան սահմանափակվել է մարզումներով, մի քանի մրցաշարերի ու հավաքականների կազմում առաջնությունների մասնակցելով: Այս ամենի հետեւանքով կանանց հավաքականը գործնական ֆուտբոլից դուրս չմնալու համար մասնակցում էր տղաների պատանեկան առաջնությանը, սակայն դա էլ չէր կարող հարցի լուծում լինել: ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն ազգային ֆեդերացիաներին, ի թիվս այլ գումարների, հատկացնում են նաեւ կանանց ֆուտբոլի աջակցմանն ուղղված միջոցներ, սակայն քանի որ բացի դրանցից չկան այլ ներդրումներ, սառույցը տեղից չի շարժվում:

Անցյալ տարեվերջին կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ, որին ներկա էին ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները, ՀՖՖ հավաքական թիմերի եւ մասսայական ֆուտբոլի բաժինների պետ Մարինա Թաշչյանը նշել էր, որ ֆեդերացիան ճիշտ է համարել շեշտը դնել ցածր տարիքի աղջիկների վրա: Նա նաեւ հայտնել էր, որ երկրում ներկայում կա աղջիկների 5 թիմ՝ 3-ը՝ Երեւանից, 1-ական Արթիկից, Էջմիածնից, Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղից:  

Մոտեցումն իրոք ճիշտ է. առանց մանկապատենական ֆուտբոլի հնարավոր չէ պատկերացնել պրոֆեսիոնալ լուրջ ակումբների հիմնում, զարգացում, որպես հետեւանք՝ քիչ թե շատ մարտունակ, ոչ սիրողական տարիքային հավաքականների գոյություն: Մյուս կողմից՝ ձեռնարկված քայլերը դեռ շատ քիչ են՝ հետագայի մասին ինչ-որ հստակ պատկերացում կազմելու, լուրջ ծրագրերի մասին խոսելու համար, քանի որ առանց մասնավոր ներդրումների (պետության մասին չենք խոսում, քանի որ բյուջեից նույնիսկ տղամարդկանց ֆուտբոլին միջոցներ չեն հատկացվում եւ գոնե մոտ ապագայում դժվար թե հատկացվեն) առաջընթաց չի լինի:

2011-ի սեպտեմբերին պատասխանելով կանանց ֆուտբոլի մասին հարցին՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել էր. «Հայաստանում կանանց ֆուտբոլը չի զարգացել, չի զարգանա,եւ ցանկություն չունեմ զարգացնելու»: Եվ սա իրականությունն է:    

Լուս.՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանություններ (1)

houry nazarian
How can I be in your team I love to play football it's my dream.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter