HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Արգենտինուհու կարծիքով` Հայաստանում կրթություն ստանալը դարձել է սոցիալական պարտադրանք

Արգենտինուհի Պաոլա Գևարան մշակութային շոկ է ապրել, երբ առաջին անգամ եկել է Հայաստան ու հասկացել, որ այստեղ 18-20 տարեկան աղջիկները հիմնականում մտածում են իրենց հարսանեկան զգեստի, ամուսնության մասին և աշխարհի մասին  ունեն իդեալականացված պատկերացում` սեր և ամուսնություն:

«Կինը, բացի կին և մայր լինելուց, նաև շատ այլ բաներ կարող է ունենալ` մասնագիտություն, կարիերա և այլն», - ասում է նա:

Պաոլան ներկայիս Հայաստանը համեմատում է իր մայրիկի ժամանակվա Արգենտինայի հետ

Պաոլան առաջին անգամ Հայաստան է եկել 2005թ.: Նրա ամուսինը ճարտարապետ է և աշխատում է Հայաստանի օդանավակայանում: 2007թ. նրանք մեկնել են Արգենտինա, սակայն 2010-ին կրկին վերադարձել Հայաստան և մինչ օրս այստեղ են: Արգենտինացի ամուսինները տարբեր երկրներում են եղել, սակայն Արգենտինայից հետո Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ նրանք բնակություն են հաստատել:

Պաոլան և ամուսինը հայկական արմատներ չունեն, սակայն Արգենտինայի հայ համայնքի շնորհիվ ծանոթացել են բազմաթիվ հայերի հետ, որոնցից մի մասի հետ մտերիմ են: Արգենտինուհու խոսքերով` մինչ Հայաստան գալը ինքը գիտեր հայերի, հայ ազգության մասին, սակայն չէր ճանաչում Հայաստանը որպես երկիր:

Հայաստանում նրան մի շարք երևույթներ զարմացրել են: Առաջինը, որ առանձնացնում է Պաոլան, կնոջ դերն է Հայաստանում: Պաոլան կարծում է, որ այստեղ կնոջ դերը երկրորդական է, իսկ հասարակությունը շատ պահպանողական է: Նրա տպավորությամբ՝ այժմյան Հայաստանը նման է այն Արգենտինային, որտեղ ապրել է իր մայրը: Նա կարևորում է ամուսնությունը, ընտանիքը, սակայն կարծում է, որ կինը պետք է նախ և առաջ կայանա որպես հասարակության անդամ, ավելի շատ ներգրավված լինի հասարակական գործընթացներում, լինի իր հասարակության լիարժեք անդամը: Միաժամանակ, նա չի հասկանում տեղի հայերի այն մտածելակերպը, ըստ որի՝ եթե դիմացինն արտասահմանցի է, ապա նա կարող է տվյալ բանն անել, սակայն նույն երևույթն անընդունելի է, եթե անում է հայը, առավել ևս` կինը:

Պաոլան պատմում է, որ երբ առաջին անգամ եկել է Հայաստան, նկատել է, որ այստեղ շատ քիչ են ծանոթ իսպանական գրականությանն ու մշակույթին: Սկզբում նա իսպաներենի դասեր է տվել «Իսպանական կենտրոնում», այնուհետև, երբ երկրորդ անգամ եկել է Հայաստան, որոշել է իսպանախոսների ակումբ ստեղծել: Այստեղ կազմակերպվում են գրական քննարկումներ, երբեմն նաև՝ կինոդիտումներ: Այսպիսով, իսպանախոսների  և իսպաներեն լեզվի սիրահարների համար ստեղծվում է գրական միջավայր: Ակումբը գործում է անվճար` ամիսը երկու անգամ և բաց է բոլոր ցանկացողների համար: Այստեղ կարելի է օգտվել նաև իսպաներեն գրականությունից:

Այժմ Պաոլան նաև գրականություն է դասավանդում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, շուտով կդասավանդի նաև Երևանի պետական համալսարանում:

Երբ Պաոլային հարցրեցի, թե ինչ բացթողումներ է նկատել մեր կրթական համակարգում, նա նշեց, որ այս ոլորտում կազմակերպվածության, համակարգվածության պակաս կա: Նա համալսարաններում հանդիպում է ուսանողների, ովքեր չգիտեն, թե ինչու են այդտեղ եկել, որն է իրենց ուսման նպատակը:

«Դա նրանց համար կարծես սոցիալական պարտադրանք լինի, որ նրանք պետք է ունենան այդ դիպլոմը, կրթությունը, բայց մոտիվացիա չունեն կարիերա անելու», - ասում է Պաոլան:

Հայ ուսանողների մոտ նա նկատում է նաև տեքստի հետ աշխատելիս վերլուծական կարողության բացակայություն: Այսինքն` շարունակում է գործել խորհրդային շրջանից ժառանգված ձևը, երբ աշակերտները սովորում էին այն, ինչ գրված է տեքստում, բայց զերծ էին մնում իրենց սեփական կարծիքը, տեսանկյունը ներկայացնելուց:

«Երբ ուսանողներին հարցնում եմ` ո՞րն է քո կարծիքը այս տեքստի մասին, նրանք սկսում են կրկնել այն, ինչ գրված է տեքստում կամ տվյալ հեղինակի կարծիքը: Բայց ես ասում եմ` ոչ, ոչ, դու ի՞նչ կարծիք ունես, ինձ հետաքրքիր է քո կարծիքը», - ասում է Պաոլան:

Պաոլան խոստովանում է, որ սկզբում ուսանողները կաշկանդվում էին արտահայտել իրենց կարծիքը, սակայն ժամանակի ընթացքում այդ բացը լրացվեց:

Պաոլան նկատել է, որ իր ուսանողներին, իսկ նրանք մեծամասամբ աղջիկներ են,  հիմնականում դուր է գալիս ռոմանտիկ գրականությունը: Նա ռոմանտիկ գրականության մեջ վատ բան չի տեսնում, բայց ուզում է, որ իր ուսանողներն այդ աչքերով չնայեն կյանքին: «Իրականում կյանքն իդեալական չէ և պետք է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի»,- ասում է Պաոլան:

Արգենտինուհու կարծիքով՝ սա 90-ականներին Հայաստանում տիրած մութ ու ցուրտ տարիների արդյունքն է նաև. այդ տարիներին ծնողներն ամեն ինչ արել են, որպեսզի հնարավորինս պաշտպանեն իրենց երեխաներին: Սակայն դա բացասական հետեւանք է ունեցել, քանի որ երբեմն նրան թվում է, թե այդ աղջիկներն այնքան պաշտպանված են իրենց ծնողների կողմից, որ կարծես թե կապ չունեն արտաքին աշխարհի հետ և իրենց միջավայրից դուրս գալու դեպքում բազմաթիվ խնդիրների կբախվեն:

Սակայն համեմատելով իր երկու այցերից ստացած տպավորությունները՝ Պաոլան նկատում է, որ իրավիճակը որոշակիորեն փոխվել է, բարելավվել:

Պաոլան զարմացել էր, որ Մարկեսի վեպը թարգմանված է ոչ թե բնագրից, այլ ռուսերենից

Պաոլան շատ է ցանկանում, որ Հայաստանում ստեղծվի թարգմանչության կենտրոն, կառույց, որը կզբաղվի թարգմանչական հարցերով և կաջակցի թարգմանիչներին: Առաջին մասնագիտությամբ լինելով թարգմանիչ` նա մեծ բաց է նկատում թարգմանության ոլորտում: Պաոլան շատ էր զարմացել, երբ տեսել էր, որ Գ. Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» հայերեն թարգմանված է ոչ թե բնագրից, այլ ռուսերենից: Այդպիսի բազմաթիվ գրքեր կան: Իսկ միջնորդավորված թարգմանության դեպքում գրական ստեղծագործությունը մեծապես տուժում է:

Այժմ նա աշխատում է մի քանի նախագծերի վրա, որոնք կապված են գրականության և թարգմանությունների հետ: Իսկ դրանից բացի՝ Պաոլայի առօրյան անցնում է իր գրքերի, դասերի և ընկերների հետ:

«Ոչ մի առանձնահատուկ բան, պարզապես շատ եմ սիրում ժամանակն անցկացնել գրքերի աշխարհում», - ասում է Պաոլան:

Այն, ինչ կարող էր խորթ լինել եվրոպացու համար Հայաստանում, արգենտինուհու համար սովորական է

Հետաքրքիր էր իմանալ նաև, թե արդյոք արգենտինուհու համար հեշտ էր ինտեգրվել տեղի հասարակությանը: Պաոլան անկեղծացավ, որ ինքը որևէ խնդիր չի ունեցել, ամեն ինչ շատ հեշտ էր, որովհետև ինքը լատինական երկրից է: Իսկ դրա շնորհիվ տեղի հասարակությանը բնորոշ մի շարք առանձնահատկություններ, որոնք կարող են խորթ լինել եվրոպացիների համար, իր համար սովորական են: Ինչպես հայերի, այնպես էլ իր համար սովորական է, որ մարդիկ բարձր են խոսում կամ խոսելու ընթացքում ձեռքով հպվում են դիմացին: Արգենտինայում ևս կան բազմաթիվ չկազմակերպված հարցեր, մասնավորապես՝ խնդիրներ տրանսպորտի հետ կապված:  Բացի դրանից` նա իրեն այստեղ շատ հանգիստ և ապահով է զգում, կարող է հանգիստ քայլել երևանյան փողոցներով` առանց վախի և մտահոգության: Նա համոզված է, որ իր աշխատանքը չէր կարողանա իրականացնել առանց մի շարք հայերի օգնության, ովքեր մեծապես աջակցել են իրեն: 

Լուսանկարը` Պաոլայի անձնական արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter