HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իմ նամակի հետքերով

Սոնա Արշունեցի 

Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանին

Բարեկամուհիս ինտերնետում կարդացել էր իմ հեղինակած «ԼՌԵ՞Լ, ՄԻՆՉԵՒ Ե՞ՐԲ» (Բաց նամակ նախագահին) յօդուածս ու վախեցած աճապարել էր զանգել ինձ ու զգուշացնել`  դու քո ընտանիքի, քեզ համար չե՞ս վախենում: Ես վախենում եմ քո կեանքի համար... (պարզ է, որ նա վախենալու պատճառ ունէր...)

Մի կերպ հանգստացրի բարեկամուհուս ու նրան յիշեցրի յայտնի ժողովրդական խօսքը. «Վախկոտ մարդն ամէն օր է մեռնում, իսկ անվախը՝ մէկ անգամ... (ճիշդ է ինձ համար չեմ վախենում, բայց ընտանիքի՞ս...)

Հեռախօսազանգից յետոյ իմ մէջ որոշում կայացրի, որ այլեւս չեմ գրելու, բայց յետոյ ինձ զգացի ողորմելի, փոքրոգի մի արարած. մարդ, որ պէտք է ապրի վախուորած, մեկուսացուած, չյարգելով ինքն իրեն...

Յաճախ եմ փորձում լռել, բերանս գոցել, աչքերս փակել, կտրուել իրականութիւնից, ապրել ընտանիքիս առօրեայ հոգսերով, ցաւօք չի ստացւում. էութիւնս է այդպիսին...

Ու քանի մտքերս չեն լքել դեռ ինձ, քանի շնչում եմ, կենդանի եմ, կամ, ձայնս չեն կարող կտրել ինձանից, չեմ լռի իմ մահիճում անգամ.

Այս նամակս գրելու՝ չլռելուս առիթը Արմենիա TV-ով «Բարի գիշեր հայեր» հաղորդաժամի հիւր՝ Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի բարձրագոչ այն յայտարարութիւնն էր, որ իր էլ.փոստ-ին հասցէագրուած բոլոր նամակներն անխտիր անպատասխան չեն մնում:

Ցաւում եմ, որ իրականութեանը չի համապատասխանում, քանզի 2009թ. փետրուարին էր. «Ժիրայր Սեֆիլեանի քաղաքացիութեան իրաւունքի պաշտպանուեյան կոմիտէ»-ից մի խումբ երիտասարդներ Հայաստանից նամակ գրեցին ինձ, որ ի պաշտպանութիւն Ժիրայր Սեֆիլեանի, խնդրանքով դիմեմ Սփիւռքի նախարարին՝ Ձեզ, որ միջնորդէք եւ նա Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն ստանայ: Չմերժեցի, այն խորին համոզմամբ, որ անկախ ամէն ինչից ձեր «ԱՐԻ ՏՈՒՆ» կարգախօսը համայն հայութեան վրայ է տարածւում, ոչ ընտրովի՝ ով հարուստ է, հնազանդ է, քծնող...

Աչքս ջուր կտրեց հենց Ձեր էլ. փոստ-ին ուղարկած իմ նամակի պատասխանին սպասելով:

Իսկ Ձեր ինքնագոհ բաւարարուածութիւնը «ԱՐԻ ՏՈՒՆ» ծրագրից, որ իբր «փայլուն փորձություն է բռնել», այ այդ կարծիքը չեմ կիսում Ձեզ հետ, քանզի Ձեզ հասցէագրած իմ նամակը մի սովորական մարդու մասին չէր, այլ մեր Արցախեան հերոսներից մէկի՝ Ժիրայր Սեֆիլեանին քաղաքացիութիւն տալու խնդրանքին էր ուղղուած. ու որպէսզի

մերկապարանոց չհնչի խօսքերս, իմ արխիւում դեռ պահպանւում է այդ նամակն, ահավասիկ.

Յարգարժան սփիիռքի նախարար տիկին Հրանոյշ Յակոբեան,

Օգտուելով առիթից, ընդունէք շնորհաւորանքս Ձեզ Սփիւռքի նախարարի պաշտօնին նշանակելու առիթով:

Մաղթում եմ բեղմնաւոր աշխատանք ի բարօրութիւն մեր՝ աշխարհասփիւռ հայութեան եւ ձեր «ԱՐԻ ՏՈՒՆ» կարգախօսին՝ կանաչ ճանապարհ, որ սփիւռքում յայտնուած հայ մարդը վստահ լինի, որ իր տունը՝ միակ օթեւանը մեր համայն հայութեան յոյսի օազիս Հայաստանն է. Հայը լիարժէք հայ է իրեն զգում միայն մայր հայրենիքում. տողերիս հեղինակի խորին համոզմունքն է, որ ձեր ջանքերի շնորհիւ շուտով իր դրական պտուղները կը տայ «ԱՐԻ ՏՈՒՆ» ծրագիրը:

Եւ քանի որ Դուք ջանում էք հայ մարդուն տեսնել իր տանը, ուստի հարկ եմ համարում խնդրանքով դիմել Ձեզ ու անսալ ձեր գործուն աջակցութիւնը սատարելու Արցախի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլեանին ստանալու Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն:

Քանի որ Ազգային Ժողովը սփիւռքահայության ներոյժը միաւորելու նպատակով ի ուրախութիւն աշխարհասփիւռ հայութեան վաղեմի բաղձանքի վերջապէս ընդունեց ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹԵԱՆ ՕՐԷՆՔԸ, դատապարտելի է մեր հայրենակիցներին որակաւորել օրէնքը կիրառելու պարագայում:

Աղասի Այվազեանի խօսքերով արտայայտուեմ. «Հայի ու հայի մէջ տարբերութիւն չդնենք» առաւել եւս Ժիրայր Սեֆիլեանի նման նուիրեալ հայորդու, որն ազգի օրհասական պահին առաջին դիրքերում էր. պատերազմի թեժ գծում:

Մենք չենք կարող լիարժէք պետութիւն կառուցել ու հզօրանալ, եթէ հիմքում ընկած է փոխադարձ վրիժխնդրութիւնը: Մենք պետք է իրար ներելու սիրել կարողանանք. Այդպէս միայն մեր ազգը կը ձերբազատուի այսօրուայ ներքաղաքական լարուածութիւնից, որը երկիրը պահում է քաոսային վիճակում, ստեղծում ոչ բարենպաստ մթնոլորտ.

Այս անհանդուրժողականութիւնն ու պառակտուածութիւնն ո՞ւր են տանում մեր ազգին, երբ մեր ազգը բազում ազգային խնդիրներ ունի լուծելու: Աշխարհագրական անբարենպաստ դիրքը, թշնամիներով շրջապատուած ու շրջափակման մէջ յայտնուած մեր երկիրը, որը աշխարհի քարտէսի վրայ մի կէտ է յիշեցնում, միայն ու միայն ազգային միաբանութեամբ կը յաղթենք աշխարհի մեծերի խարդաւանքներին:

Չմոռանանք, որ այսօրուայ դեմոկրատիա ու ժողովրդավարութիւն ներմուծող պետութիւններն այդ կարգախօսներն օգտագործում են փոքր ու աղքատ ազգերին ճնշելու նպատակով: Այդ կարգախօսները մտրակի դեր են կատարում, որ ենթարկուենք իրենց խաղի կանոններին:

Մեր պարագայում պէտք է առաջնորդուենք Չարենցեան մարգարէական

«Ով հայ ժողովուրդ քո միակ փրկութիւնը քո հաւաքական ոյժի մէջ է» պատուիրանով:

(Իմ Չարենցին նուիրած պոէմից)

Հաւաքական ոյժն է ազգի

Գաղափարը միշտ անմեռ,

Փրկութիւնն այս է հայի,

Միակ ճանապարհը մեր...

Թեկուզ տարիներ ի վեր ապրում եմ սփիւռքում, սակայն քաջ տեղեկացուած եմ ամբողջ ԶԼՄ-ների TV- ների ինֆորմացիային. անգամ այնտեղ է արտացոլւում այն անջրպետը, որ մեր ազգին տանում է պառակտման, որը գնալով աւելի է խորանում:

Որպէս հայ մտաւորական, առաջիններից էի, որ «Հետքի» ինտերնետային էջում որպէս ի պաշտպանութիւն Սեֆիլեանին իմ բողոքի ձայնը բարձրացրի, այնուհետեւ «ԱԶԳ»-ում, երբ  Ֆորում-ի հիւրն էր մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեանը, իսկ պատասխանը՝ չգոհացնող անհեթեթութիւն, որը չէի ասի, թէ մարդու իրաւունքների պաշտպանի պատասխան էր:

Վստահ եմ, որ Սեֆիլեանի հանդէպ մեր իշխանութիւնները շատ անշնորհակալ գտնուեցին, եթէ ինչ-որ տեղ նա սխալ էր թոյլ տուել, կարելի էր հարթել խաղաղ ճանապարհով, բայց նա շատ թանկ վճարեց. երկար ժամանակ՝ (18 ամիս) գտնուելով ազատազրկման մէջ, որը խայտառակութիւն էր մեր իշխանութիւնների համար:

Այսօր, երբ ներքաղաքական լարուածութիւնն ահաւոր սրուած է, Սեֆիլեանի դիմումի մերժումն էլ աւելի է խորացնում ժողովրդի անվստահութիւնը, կարծիք ձեւաւորում իշախանութիւնների կամայականութեան, որն էլ առիթ է ստեղծում ցնցումների մէջ պահել երկիրը:

Յարգարժան Սփիւռքի նախարար,

Տիկին Հրանոյշ Յակոբեանին.

Խնդրում եմ օգտագործէք ձեր բոլոր ջանքերն ու հեղինակութիւնը եւ օգնէք, սատարէք Ժիրայր Սեֆիլեանին դառնալու Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի. նա վաստակել է այդ իրաւունքը:

Վստահ եմ, յարգարժան Հրանոյշ Յակոբեան, որ դուք ի զօրու էք հարթել ստեղծուած իրավիճակը ի պաշտօնէ:

Կանխաւ շնորհակալութիւն՝

ԲՐԻՒՍԷԼ

(Գրող-հրապարակախօս, «հայ-դատի» պաշտպան)

Այս նամակս, որը բաւականին բարեհամբոյր է ու ակնկալիքներով լի, կարծեմ նախարարը առիթ չունէր անպատասխան թողնելու ...

Իսկ թէ ինչո՞ւ նամակս անպատասխան մնաց, պատասխանը մէկն է. նախարարի ուժերից վեր է իշխանութիւնների կամայականութեանը դէմ գնալ, կամ էլ ինչո՞ւ պէտք է Տիկին Յակոբեանը խնդիրներ ունենար իր վերադասների հետ յանուն Սեֆիլեանի, ի հարկե, պաշտօնը, աթոռը թանկ բան է ու ամէն մարդ չէ որ յանուն արդարութեան նման ռիսկ-ի կը դիմի, թեկուզ ազգային հերոս չէ, ով ուզում է լինի:

Այս պատնէշը, որ ստեղծուեց Սեֆիլեանի շուրջ, ուղղակի նորմալ մարդկային տրամաբանութեան մէջ չի տեղաւորւում: Ասես նոյն 37թ. Ստալինեան ժամանակների ուրուականն է կրկին շրջում Հայաստանում:

Եթէ մարդն այլախոհ է, ուրեմն հայ չէ՞, ուրեմն նա տեղ չունի՞ հայրենիքում: Ուրեմն 2008-ի Մարտի 1-ի յեղաշրջման պատրաստ հազարաւոր ցուցարարնե՞րն էլ հայ չէին, որ այդպէս դաժան պատժուեցին:

Այսքան քինախնդրութեամբ, այսքան վրէժխնդիրութեամբ լեցուն, դեռ ծրագրե՞ր էք մշակում դիւրահաւատ սփիւռքին մինչեւ ուղն ու ծուծը քամելո՞ւ...

Բոլորովին վերջերս Տիկին Հրանոյշ Յակոբեան, Ձեր կողմից շրջանառութեան մեջ դրուեց սփիւռքահայերի ներգրաւուածութեամբ Երկպալատանի Պառլամենտ ունենալու «փայլուն» գաղափարը, որը զուտ դեմագոգիա է, ինչպէս «ԱՐԻ ՏՈՒՆ»կարգախօսը, որը աբսուրդ է, քանզի բացակայում է վստահութիւնը հայրենի կառավարութեան հանդէպ.

Մի պահ ուզում եմ կոկորդով մէկ գոռալ,-

-Բաւ է խաղաք սփիւռքահայության զգայուն ինքնասիրութեան հետ ու հետեւողականօրէն ծառայեցնեք զուտ ձեր ակնկալիքներին.

Զարմանում եմ.

Այդ ո՞ր օրուանից սփիւռքի կարծիքը, ձայնը ձեզ համար ընդունելի դարձաւ. Տիկին նախարար, դեռ աչքիս առաջ է Հայ-թուրքական պրոտոկոլների ստորագրման համար ինչպէս էիք ուղեկցում նախագահին ու սփիւռքի գրեթէ բոլոր գաղթօճախներում (յատկապէս Ֆրանսիայում) Ձեզ դիմաւորում էին մեր հայրենակիցների բազմահազարանոց բողոքի ցույցերը՝ ընդդէմ պրոտոկոլների. դուք լսեցի՞ք նրանց բողոքի ձայները, կիսեցի՞ք նրանց կարծիքը...

Տիկին նախարար, երբ ձեզ մօտ մտայղացումներ են ծնունդ առնում կապուած սփիւռքի հետ, աշխատէք ազնուութէան վրայ կառուցել համագործակցելու այդ կամուրջը, որ այն ամուր լինի ու վստահութիւն ներշնչի:

Իմ այս վրդովմունքի պատճառը վստահութեան բացակայութիւնն է Ձեր ղեկավարած նախարարութեան ու հայրենի կառավարութեան հանդէպ, քանզի, Տիկին նախարար, մինչ դուք ծրագրեր էք մշակում Սփիւռքին Հայաստանի հետ մերձենալու, մինչ տուն էք կանչում օտար ափերում ծուարած սփիւռքահայութեանը, սթափ նայէք Ձեր շուրջը. հայաթափւում է Հայաստանը ու Դուք ի՞նչ քայլեր էք ձեռնարկում կանխարգելիչ, ի՞նչ ծրագրեր էք մշակում արտագաղթը կանխող. ես կը պատասխանեմ, բայց դա ուրիշ թեմա է, յաջորդ յօդուածի նիւթ:

Տիկին նախարար, ինչքան էլ ծրագրեր մշակէք, ինչան էլ մեծ յաջողութիւններ արձանագրէք Ձեր ղեկավարած նախարարութեան աշխատանքներում, միեւնոյնն է.

Ձեր բռնած դիրքը Ժիրայր Սեֆիլեանի հանդէպ այն սեւ բիծն է Ձեր գործունեութեան, որ ցուցանում է Ձեր արհամարհական վերաբերմունքը ազգային հերոսի, նրա խեղուած

ճակատագի նկատմամբ, երբ այդ հայրենատէր ու հայրենապաշտ երիտասարդը արժանի է մեծարանքի ու փառաբանման:

Ու քանի դեռ Ժիրայր Սեֆիլեանը չունի Հայաստանի քաղաքացիութիւն, ես «ԱՐԻ ՏՈՒՆ» կարգախօսը աբսուրդ եմ համարում, դեմագոգիա, սփիւռքի վստահութիւնը սիրաշահող գայթակղիչ խայծ՝ ուրիշ ոչինչ:

Բրիւսէլ, Բելգիա

Մեկնաբանություններ (2)

Լեւոն Պողոսյան
Ցավտ տանեմ Հայոց աղջիկ` Ձեր Հայկազյան ոգին այդ ճիվաղաոգիներից երկյուղել չի կարող: Հառա'ջ, հաղթանակը արդարին է սպասում:
Գայանե
Ամբողջությամբ կիսում եմ հոդվածագրի կարծիքը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter