HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք»-ը՝ շուտով

Վերջերս, «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար մարմնի անդամ Սարգիս Հայոցյանի հետ իմ ունեցած հարցազրույցը վերադարձրեց ինձ մի խնդրի, որին ավելի վաղ ծանոթացել էի և նույնիսկ մի քանի անգամ անդրադարձել իմ հրապարակումներում: Խոսքը Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գրքի տպագրության մասին է: Սարգիսը նշեց, որ համաֆինանսավորվել է գրքի տպագրությունը: Տեղեկանալով, որ այդ հարցում «սայլը տեղից շարժվել է»՝ որոշեցի անձամբ հանդիպել հեղինակին և հարցուփորձ անել գործի ընթացքի մասին:

Հանդիպումը կայացավ «Քվանտ» վարժարանում, որտեղ Ավետիքն անցկացնում է իր ղեկավարած Տիեզերագիտական խմբակի պարպամունքները: Հերթական պարապմունքից հետո հավաքվել էին խմբակի ավագ սերնդի սաները, գործի ակտիվ ջատագովները և քննարկում էին գրքի տպագրության համար արվելիք նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Տիրում էր թիմային աշխատանքի եռուզեռ: Աշխատանքները հնարավորինս արագացնելու համար գործը բաժանվել էր մարդկանց միջև, յուրաքանչյուրն ստացել էր հստակ հանձնարարականներ:

Ըստ դրա էլ, յուրաքանչյուրը պատմում էր արդեն արված գործի մասին, ծագած խնդիրների մասին, փորձում էին համատեղ լուծումներ գտնել: Ի վերջո, բոլորը ստացան նոր հանձնարարականներ և գնացին շարունակելու իրենց նվիրական գործը: Իսկ ես փորձեցի տեղեկանալ ինձ հետաքրքրող մանրամասներին՝ անձամբ հեղինակից:

Նախ, Ավետիքն ուրախությամբ հաստատեց, որ տպագրության համար անհրաժեշտ գումարի մեծ մասն արդեն տրամադրված է՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» կողմից, ինչի համար նա խորապես շնորհակալ է: Ուստի՝ գիրքը շուտով կհասնի ընթերցողին: Տպագրվելիք 2000 օրինակները անհատույց տրվելու են դպրոցական, ինչպես նաև որոշ բուհական և այլ գրադարանների:

Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով: Ե՛վ դրանք կատարողները, և՛ պոտենցիալ ընթերցողներն անհամբեր սպասում են և ցանկանում, որ գիրքն օ՛ր առաջ տպագրվի: Արդեն հսկայական աշխատանք է արվել, բայց կան դեռ անավարտ հարցեր: Օրինակ, գրքում զետեղված շատ լուսանկարներ ունեն իրենց հեղինակները, որոնք թույլ չեն տալիս դրանք օգտագործել՝ առանց իրենց գրավոր համաձայնության: Առանց նրանց դիմելու և թույլտվություն ստանալու՝ այդ լուսանկարների օգտագործումը կնշանակի հեղինակային իրավունքների խախտում: Հեղինակը, բնականաբար, գտնում է, որ սա գրքի համար սկզբունքային հարց է: Իրավական տեսակետից գիրքը պետք է լինի անխոցելի: Ավետիքը հայտնեց, որ նման լուսանկարների մեծ մասի համար թույլտվություն արդեն ստացել է, բայց մնացածի հարցն էլ պետք է լուծել. կիսատ թողնել չի կարելի: Հիմա էլ նա շարունակում է դիմել լուսանկարների հեղինակներին ու շարունակում ստանալ թույլտվություններ: Ցավոք,  երբեմն մերժում է ստացվում և այդ դեպքում հարկ է լինում գտնել տպագրության համար բավարար լուծունակությամբ մի այլ՝ համապատասխան նկար և դիմել արդեն դրա՛ հեղինակին:

Կան նաև նկարներ, որոնք պետք է ձեռքով նկարվեն արհեստավարժ նկարչի կողմից: Այս աշխատանքն էլ հաջողությամբ տարվում է, բայց մի՛ նկարչի կողմից: Ուստի, հեղինակը, գործն արագացնելու համար, փորձում է գտնել նոր նկարիչներ, ովքեր կհամաձայնեն միանալ այս աշխատանքներին: Պարզվեց՝ կա նաև համակարգչային գրաֆիկայի խնդիր: Երկրաչափական պատկերներով կառուցվող, այսպես կոչված, վեկտորական պատկերները անփոխարինելի են բացատրող դիագրամների ու սխեմաների պատկերման համար: Սակայն հեղինակի կողմից ստեղծված վեկտորական պատկերներն արված են ո՛չ այն ձևաչափով, որով կարելի է դրանք հանձնել տպագրության: Ուստի, զուգահեռաբար կատարվում է նաև այդ ձևաչափի փոխակերպում՝ ընդունելի ձևաչափի:

Բնականաբար, հարց առաջացավ. իսկ ո՞վ է ֆինասավորում այս նաապատրաստական աշխատանքները: Պարզվեց, որ հեղինակը զրույցի ընթացքում համեստորեն լռության էր մատնում այն հանգամանքը, որ բոլոր նախապատրաստական աշխատանքների ֆինասավորումը ստանձնել է անձամբ հոգալ՝ իր սեփական միջոցներից:

Ինչ վերաբերում է տեքստին, այն տրված է այժմ տասնյակ ընթերցողների, խմբագրողների, սրբագրողների, որոնցից շատերը հենց հեղինակի նախկին սաներն են: Նրանք կարդում են, բացահայտում բոլոր վրիպակները, շարադրանքի հնարավոր անհարթությունները, առաջարկում կետադրական և շարահյուսական շտկումներ: Ավետիքի խոսքերով՝ սա այն աշխատանքն է, որը դարձնելու է գիրքը հղկված, բոլոր տարիքների համար դյուրընթեռնելի, մնայուն արժեք:

Լուրջ մոտեցում է պահանջում նաև կիրառվող տերմինների հարցը: Հայերեն և միջազգային տերմինների միջև անցկացվող նուրբ սահմանագիծը սովորաբար վիճահարույց է անգամ լեզվաբանների շրջանում: Այդ տերմինները գոնե պետք է համապատասխանեցվեն այսօր մեր դպրոցական դասագրքերում կիրառվող տերմիններին: Գրքում, բնականաբար, շատ են այն դիցաբանական հերոսների անունները, որոնցով անվանակոչված են բազմաթիվ եկրնային մարմիններ: Դրանք հայերեն գրելիս՝ անհրաժեշտ է Ճիշտ պահպանել օտար լեզուներից բառերի փոխառության հայերենի կանոնները: Սա էլ հաճախ լեզվաբանների ու պատմաբանների վեճերի տեղիք է տալիս: Հանուն լեզվի մաքրության և ճիշտ զարգացման՝ անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրա՛նց կարծիքը:

Հեղինակի համոզմամբ՝ մի կողմից պետք է հնարավորինս արագացնել գործը և թույլ չտալ ձգձգումներ, մյուս կողմից, դա պետք է անել ո՛չ որակի հաշվին: Հակառակ դեպքում, այդքան գործն ու ծախսը կարժեզրկվեն, կդառնան չարդարացված, իսկ գրքի նախաձեռնողները, աջակցողներն ու ֆինանսավորողները կդառնան արդարացի քննադատությունների թիրախ:

Այսպիսով, շատ շուտով մեր մայրաքաղաքը կարդարացնի՝ համաշխարհային գրքի մայրաքաղաքի իր անցած տարվա պատվանունը, իսկ մատաղ սերունդը կստանա հրաշալի մի գիրք՝ «ուղեցույց», որը նրան կտանի դարերի խորքը, իսկ այնտեղից՝ առաջ՝ դեպի գիտելիքի անհունը, դեպի Տիեզերք:

Մանե Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter