HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Է՞լ քանի Այբբենարան... կպաղի

Մի չգրված օրենք կա լրագրության մեջ` գրել ամենքի ու ամեն ինչի մասին, բացի այն ամենից, ինչը հե'նց քեզ է վերաբերում. դու հա'ր գրիր, բայց էնպես արա, որ տողիդ վրա հանկարծ չերևաս, քեզ թաքցրու հոդվածիդ ընդերքում կամ քեզ ներկայացրու այն լրատվամիջոցի անվամբ, որի համար այդ պահին աշխատում ես, և, որ կարևոր է` եթե նա դա...արտոնում է քեզ:

Իմ այս հոդվածի առանցքում իրողություն է իմ ընտանիքի մասին, իրողություն, որ իմն է, մերն է, բոլորինն է, բոլորինս է, որ համազգային ցավ է, իրողություն, որ ճաճանչվում է, իրողություն, որ չգիտես` մեր արյան «պոչը կտրած» լինելու հետևա՞նք է, թե՞ մեզ ներսից ու դրսից պարտադրվող անխուսափելիություն...

Անխուսափելիություն, որի անունը արտագաղթ է... Արտագաղթ, որ հար ցավեցնում է մեր արյան ամեն մի բջիջը, որ հար պրկում է մեր ուղեղի ամեն մի ծալքը, որ հար արթուն ու անհանգիստ է պահում մեր միտքը, որ հար խեղում է մեր հոգին, որ հար ճկում ու դեֆորմացնում է մեր լինելության, մեր էթնիկ լինելության առանցքն ու մեր ամրության կռվանը...

Խոսքս գրքերի մասին է: Հայալեզու գրքերի: Մեր հայ օջախներում լեթարգիական քնի մատնված գրքերի մասին: Գրքեր, որ...

Գրքեր, որ...

***

Մեր տանը բոլորս գիրք էինք գնում:

Մենք` մեր հայրական տան չորս երեխաներով, դպրոցում` մեծ դասամիջոցին տաք ու թարմ ձվաբույր կորժիկ չառնելու խնայողություններից մինչ մեր իրար հաջորդող գերազանցության թերթիկների ու գովասանագրերի վրա Ռուբեն պապիս դրած մաղարիչները, նույն նպատակին էինք ծախսում: 1 ռուբլանոց-մաղարիչներ, որ դնում ու ասում էր. «Ջանի'դ մատաղ, հինչ գիրք օզում ես` կառնես, թա պըկասի` կավալացնեմ»:

Պապս այդպես էր ասում, որովհետև ի վերջո պարզել էր, որ մենք նրա` «կարմիր սանդալիկ» առնելու համար տված փողով, մեկ է, գիրք էինք առնում: Ինչ որ ճիշտ է` նա էլ էր ուրախանում, որովհետև մեծ երեխայի պես Թումանյանի ու Անդերսենի հեքիաթներն էր կարդում ու Աղայան էր շատ սիրում. «Ա' բա կողքիս չլինե~ր` էդ մարդու ճակատը մի հատ պաչեի, հալա~լ ա, հալա~լ...»:

Ծնողներս`ամեն աշխատավարձից մի զգալի բաժին թողնում էին գրախանութում: Հետո էլ, երբ գրախանութներում սկսվեցին ստացվելիք, սպասվող գրքերի բաժանորդագրությունները, մեր ընտանեկան բյուջեի մի կլորիկ բաժին մշտապես դեպ գրախանութ էր հոսում:

Մեր բոլոր ծանոթ-մտերիմները մեր ծննդյան ու տոն օրերին մեզ մակագրություններով գրքեր էին նվիրում:

Ամենատարբեր մրցույթ-փառատոններից`ակնածելի մարդկանց ստորագրություններով ու կնիքներով անգամ, գրքեր էինք ստանում:

Էս շարքը սևեռելիս մտածեցի` եթե հիմա մեկին ծննդյան օրը գիրք նվիրես...

Մի խոսքով` գրապահարաններն անընդհատ նեղ էին գալիս, ու մեր տունն ասես գրադարան լիներ: Մի հաստ` «օբշչի» տետր էինք պահում, ուր, մայրիկիս հորդորով, գրառում էինք, որ չմոռանանք` ով ինչ տարավ, որովհետև այդ տարիներին շատ... հարգի խոսք կար` «Գրքի գողը գող չի»:

Իսկ մենք գրադարաններում  հերթագրվում էինք մեր չունեցած գրքերը ձեռք գցել-կարդալու համար:

Մայրս մի առանձնակի խաղաղությամբ ու գոհությամբ ասում էր. «Երեխեք ջան, ձեր ու ձեր երեխեքի գրադարանը ես ու հայրդ ապահովելու ենք»:

Բայց...

Բայց  իրենց արձակուրդներին մոսկվաները մի լավ ոտի տակ տվող, Լենինի դամբարանին իրենց ներկան դնող ու աղջիկների օժիտների համար «իմպորտնի» շոր ու սպասքեղեն գնող ընկերուհիներին այդպես էլ երբևէ չմիացած, «շուբա» ու «կոժ»... չսիրող, զօր ու գիշեր կարի մեքենայի հետ... երկխոսող մայրս ու ամեն իրիկուն մեր օրագիրները նայող հայրս ի~նչ իմանային, որ իրենց օճորքի տակ ծնված թոռները թևելու են հեռո~ւ-հեռո~ւ ու «Այբբենարանի» փոխարեն «Азбука»-ներ են սերտելու, որ իրենց շատ-շատ բաներից զրկելու գնով գնած գրքերն իրենց թոռներին հե~չ պետք չեն գալու, որ նրանք, ամառը «դաչ» գալիս, իրենց չվշտացնելու համար, ռուսերենով կարդացած Թումանյանի հեքիաթները մյախկիզնակված հայերենով իրար են անելու, որ իրենց զավակների ջանքերը` հայերենը պահելու, ի վերջո մարելու են, որ տանը... գորիսերեն խոսելով հայերենը, մեկ է, չեն պահելու...

Իմ քույր-եղբայրները նախկին ԽՍՀՄ երկրներում են: Ծնողներիս մոտ, ճակատգրի՞, թե՞ Կյորեսին կպած լինելուս պատճառով ես էի: Ե'մ...

Լրագրողին վայե՞լ չէ իր մասին, իր ընտանիքի մասին, իր ցավի մասին գրելը: Ի՞նչ անեմ. ես գրեցի, գրում եմ, գրում եմ, որովհետև ես մի` մշտականի այցեքարտով երազ ունեմ, երազ, որ տարին մի քանի անգամ ինձ այցելում է. ես, մայր ու հայրս արևին ենք տալիս մեր գրադարանը: Հա', արևին: Մեր մեծ «պլոշչադին» փռում ենք թութ թափ տալու մեծ` մայրիկիս` իր կարած հագուստների մնացորդներից իրար արած շորը ու, գրքերը, թափ տալուց հետո, փռում արևին... Մայր ու հայրս անխոս նայում են մե'կ ծով գրքերին, մե'կ իրար, ու նրանց դեմքերին ահ է գծագրվում: Հենց ես փորձում եմ մոտենալ նրանց, նրանք անէանում են, ու ես մնում եմ մենակ, երկինքն արագ գորշանում է, ես զգում եմ մոտալուտ անձրևի հոտը ու տագնապից վեր եմ թռչում...

Այս երազից հետո, անկախ ժամից, ես էլ չեմ քնում...Ես տխրում եմ այս երազից, բայց և կարոտում եմ, կարոտում եմ, որովհետև...Որովհետև` չգիտեմ...

Չէ', գիտեմ, որովհետև այնժամ մենք հավատում էինք, որ ճիշտ ենք ապրում, որ ճիշտ ենք դաստիարակվում, որ... կարմիր դիպլոմների առջև լայն կբացվեն դռներ, որ գիտելիքը նվիրում ու վաստակ կդառնա, բայց, ա'յ, չգիտեինք, որ երկիրը կսկսի երերալ, որ սովետմիության հոգեվարքին հեչ էլ ո'չ ողորմածիկ ժողկրթբաժվարը 2000 ռուբլի կուզեր եղբորս, ում համալսարանում պահում էին, դպրոցում ժամեր տալու համար, որ նույնքան էլ կուզեին մյուս եղբորս, ով նույն առաջարկն ուներ, վարչությունում պաշտոն տալու համար, որ փողը զիբիլ կդառնար ու երկրում կսկսեր գործել «շրջած հոտի» ու իրենցից անկախ առաջնորդ դարձած` «կաղ ների»-ների կանոնը, որ հիվանդ ծնողի համար դեղ գնելու համար վաստակելու անհնարինությունը արժանապատվություն կամորձատեր ու...

Որ էսօր էլ նույնչափ ու ավելի' տխուր է, որ բարեկիրթ լինելը... գրպանի ամենամեծ հակացուցումն է: Ու...

 Ու գնացին:

Ու հայերենը մնաց մեր հայրական տան դարպասից այս կողմ:

Ու Այբբենարանը... պաղեց:

Ու էլի Այբենարաններ... պաղեցին: Շա~տ:

Ու սկսեց մարմին առնել ինձ չլքող երազը:

 Ու գնում են` առավել... փութով:

Ես այս ամռանն իրապես արևին տվեցի իմ հայրական տան գրքերը:

Ո'չ երազում` արթմնի:

Բայց երազս, մեկ է, ինձ չլքեց... 

Հ.Գ.

Ես թվերի մեջ մխրճվողներից ու դրանցից շատ լավ գլուխ հանողներից չեմ, բայց մի վիճակագրություն ինձ ահ ազդեց. Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի վկայակոչմամբ` «Ընդամենը երկու տարվա ընթացքում Հայաստանը լքլել են 106 366 քաղաքացիներ, ինչը մոտենում է երկրի բնակչության 4 տոկոսին»:

Է՞լ քանի Այբբենարան կպաղի, է՞լ քանի գիրք մի վերջին անգամ էլ... արևը կթերթի, էն էլ` թե ինձ պես մի խենթը գտնվի...

Ես արթմնի զգում եմ իմ երազի... դողէրոցքը:

Լենա Հովսեփյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter