HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ուկրաինան գործարար Ալոյանին ազատությունից ընդմիշտ զրկել է. ինչո՞ւ է լռում ՀՀ դեսպանատունը

Լուսանկարում գործարար, ՀՀ քաղաքացի Մերաբ Ալոյանն է: Ուկրաինայի իրավապահները նրան ընդմիշտ ազատությունից զրկել են: Այս գործի հետ կապված միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նամակ է գրել ՀՀ արտգործնախարարությանը՝ նշելով, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը պարտավոր է պետության անունից բողոքի նոտա հղել եւ բարձրաձայնել ՀՀ քաղաքացու խախտվող իրավունքների մասին:

«Ուկրաինայում առնվազն ՀՀ հյուպատոսը պետք է այցելի անազատության մեջ պահվող իր քաղաքացուն: Կալանավայրի պայմանները, Մերաբ Ալոյանի նկատմամբ կիրառվող ֆիզիկական բռնությունը, սպառնալիքները, եւ հենց ամբողջ քրեական գործն արդեն իսկ հիմք են, որ ՀՀ իշխանությունները, առանց միջամտելու Ուկրաինայի ներքին գործերին, ուշադրություն հրավիրեն այս ամենի վրա»,- ասում է Արա Ղազարյանը:

Ազգությամբ եզդի Մերաբ Ալոյանը որպես գործարար հայտնի է հատկապես ԱՊՀ երկրներում, սակայն լրատվամիջոցները նրան հիմնականում ներկայացնում են իբրեւ Մերաբ Սուսլով: Երկքաղաքացի գործարարի ՌԴ անձնագրում նշված է կնոջ ազգանունը՝ Սուսլով:

«ՌԴ քաղաքացիությունը խոչընդոտել է, որ Ռուսաստանը Մերաբ Ալոյանին հանձնի Ուկրաինային: Հատուկ հենց էքստրադիցիայի նպատակով ռուսներն ինչ-որ պատրվակ են առաջ բերել, Ալոյանին զրկել են քաղաքացիությունից եւ արտահանձնել»,- մանրամասնում է Արա Ղազարյանը:

2009 թ. Կիեւի «4 Room» կահույքի առևտրի կենտրոնում սպանվեց Շաբաբ Ալոյանը: Վերջինս «4 Room»-ի բաժնեմասի մոտ 60 տոկոսի սեփականատերն էր, իսկ մնացածը պատկանում է Մերաբ Ալոյանին: Ուկրաինայի իրավապահները հայտարարեցին, որ սպանության պատվիրատուն հենց ինքը՝ սպանվածի ազգական Մերաբ Ալոյանն է, որը հանցավոր խմբավորման ղեկավար է՝ ազդեցիկ «օրենքով գող»: Սակայն ավելի ուշ նույն իրավապահները չեն կարողացել որեւէ կերպ հիմնավորել մասնագիտությամբ տնտեսագետ գործարարի կապը քրեական աշխարհի հետ:

«Տեսեք, տուժող կողմը (սպանվածի եղբայրը՝ Ջամալ Ալոյանը – հեղ.) բացեիբաց հայտարարել է, որ Մերաբ Ալոյանին ձերբակալելուց հետո 10 ավտոմեքենա է նվիրել ոստիկանությանը: Եվ ոստիկանությունը դա ընդունել է, այն դեպքում, երբ նույն գործով կատարում է նախաքննություն: Էլ ո՞նց կարող ենք խոսել անաչառության մասին,- տարակուսում է Արա Ղազարյանը, - պատկերացնո՞ւմ եք՝ նման բան Հայաստանում լիներ: Թերթերն ուղղակի կպայթեցնեին ոստիկանությունը: Բայց այնտեղ 1-2 թերթ գրում է՝ ճնշում են, ու բոլորը վեխենում են այդ մասին խոսել»:

Այնուամենայնիվ, ուկրաինական «Օբոզրեվատել» լրատվամիջոցը կատարվածին անդրադարձել է: Լրագրող Անատոլի Շարիյին հետաքննություն է անցկացրել եւ պարզել, որ Մերաբ Ալոյանի ձերբակալության դիմաց Ներքին գործերի նախարարությունը սպանվածի հարազատներից, ավտոմեքենաներից բացի, որպես «բոնուս» ստացել է նաեւ 1,5 մլն ԱՄՆ դոլար:

լրագրող Անատոլի Շարիյը

«Ուկրաինայում (սպանված) Ալոյանների ընտանիքը հայտնի է որպես «բեսպրեդելշչիկներ», որոնց հովանավորում է ՆԳՆ-ի ղեկավարությունը: Այսինքն, կոպիտ ասած՝ նրանք կարող են հաշմել կամ սպանել մարդուն, և «իրավապահ» մարմիններն այդ սպանության մեջ հանցակազմ չեն գտնի: Ես չեմ չափազանցնում. մի անգամ չէ, որ եղել է այդպես, և իմ հոդվածներում ես հրապարակել եմ փաստաթղթեր Ալոյանների ընտանիքի այդպիսի հանցագործությունների մասին, որոնք անպատիժ են մնացել»,- 168.am-ում տպագրված իր նամակում գրել է Անատոլի Շարիյը:

Նա իր հետաքննությամբ փաստարկել է, որ Մերաբ Ալոյանը կալանքի տակ է պահվում ապօրինաբար, եւ քրեական գործում վերջինիս հանցանքը հիմնավորող որեւէ ապացույց չկա: Արդյունքում լրագրող Շարիյի նկատմամբ մահափորձ է իրականացվել, իրավապահները նրա եւ մոր բնակարաններում խուզարկություններ են անցկացրել, 10-յակ ժամերով հարցաքննություններ վարել, իսկ մահափորձի փաստով հարուցված քրեական գործը հետագայում շուռ է եկել հենց իր՝ լրագրողի դեմ:

Այսօր լրագրող Շարիյը փախստականի կարգավիճակով ապրում է Ամստերդամում: Նա գտնվում է Եվրամիության պաշտպանության տակ, ինչի համար հիմք են դարձել ոչ միայն լրագրողի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, այլեւ դրա պատճառ դարձած Մերաբ Ալոյանի գործով փաստաթղթերի ուսումնասիրությունը:

«Մերաբ Ալոյանի գործի նյութերում եթե կա ինչ-որ բան, ապա այն ստացվել է նախաքննության փուլում խոշտանգման արդյունքում,- ասում է Արա Ղազարյանը: - Կա մի կարեւոր վկա, ով հենց դատարանի դահլիճում հայտարարել է, որ ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի եւ հերքել իր նախաքննական ցուցմունքը: Դատարանը սա դրել է մի կողմ եւ հիմնվել նախկին ցուցմունքի վրա: Փաստաբանները միջնորդություններ են ներկայացրել, որ հարցաքննվեն Մերաբ Ալոյանի վկաները, բայց դատարանը մերժել է: Ուղղակի ապացույց  չկա. գործը սկզբից մինչեւ վերջ խախտում է»:

Ղազարյանը նաեւ նկատում է, որ գործով անցնում են Մերաբի դեմ ցուցմունք տված վկաներ, որոնց ով լինելը բացահայտված չէ. «Կոնվենցիայով սահմանված իրավունք է, որ նման անանուն վկաներին դատաքննության ընթացքում պետք է բացահայտել, այսինքն՝ փաստաբանը, կամ գոնե դատարանը պետք է հնարավորություն ունենա նրանց հարցաքննել: Սակայն նույնիսկ փաստաթղթերից չի երեւում՝ նրանք գտնվո՞ւմ են վկաների պաշտպանության ծրագրի տակ, թե՞ ոչ: Ոչ մի դատավարական գործողություն չի կատարվել: Նշանակում է՝ ոչ թե անանուն, այլ հորինված վկաներ են»:

Մերաբ Ալոյանը Իրաքի նախագահի հետ Մերաբ Ալոյանը որդու հետ

Ըստ Արա Ղազարյանի, Ուկրաինայում Մերաբ Ալոյանի նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսեւորվում նաեւ այն պատճառով, որ նախ՝ նա այլազգի է, երկրորդ՝ կովկասցի եւ երրորդ՝ շատ հարուստ: Վիճակի վատթարացման եւ հավելյալ ճնշումների առիթ է դառնում նաեւ այն հանգամանքը, որ Մ. Ալոյանը բողոքարկում է նաեւ բանտային նվաստացուցիչ պայմանները:

Միջազգային իրավունքի մասնագետ Ղազարյանը օգնում է գործարարի փաստաբաններին Եվրադատարան դիմելու հարցում: Ընդ որում՝ գանգատները վերաբերելու են տարբեր դրվագների: Օրինակ՝ մինչ օրս Ուկրաինայի իշխանությունները Մերաբ Ալոյանի որդուն թույլ չեն տալիս մուտք գործել իրենց երկիր, տեսակցել հորը եւ կառավարել վերջինիս բիզնեսը: Մերժումը մեկնաբանվում է հետեւյալ կերպ. «Եթե բացահայտենք մերժման հիմքերը, կբացահայտենք օպերատիվ-հետախուզական աշխատանքի մեթոդները»:

«Իմ տպավորությամբ՝ այդ երկրում դեռ Սովետական Միություն է: Ինչի՞ մասին է խոսքը. տուժող կողմը դատարանի դահլիճում ծեծի է ենթարկել Մերաբի Ալոյանի ծնողներին, վերջիններս դիմել են, բայց քրեական գործ չեն հարուցել»,- ասում է Արա Ղազարյանը:

Անցյալ տարվա նոյեմբերին Ուկրանիայի դատարանը Մերաբ Ալոյանին ցմահ ազատազրկել է: Դատավճիռը, սակայն, օրինական ուժ չի ստացել. գործը դեռ պետք է քննի վերաքննիչ ատյանը:

«Լուրջ խնդիր կա նաեւ նախագահող դատավորի հետ. խախտվել է նրա նշանակման կարգը, դատավճիռն արձակվել է հիմնարար սկզբունքի խախտումով: Անձը, որ գործի շրջանակներում դատարանում նախագահել է, նման իրավունք չուներ»,- ասում է Արա Ղազարյանը:

Նրա կարծիքով՝ Մերաբ Ալոյանի հետ կատարվողը տնտեսական հիմք ունի. ուզում են վերջինիս բիզնեսը խլել: Ուստի անհրաժեշտ է այս գործի վրա սեւեռել նաեւ միջազգային կառույցների ուշադրությունը, ինչում, Ղազարյանի խոսքերով, իրենց կօգնի նաեւ Մեծ Բրիտանիայում գտնվող մի հայտնի կազմակերպություն:

Այս գործի մասին Անատոլի Շարիյնի հոդվածները

ШОКИРУЮЩЕЕ ВИДЕО ЗАКАЗА УБИЙСТВА

МВД ОТПУСКАЕТ УБИЙЦ И САЖАЕТ НЕВИНОВНЫХ?

СЕГОДНЯ НОЧЬЮ НЕИЗВЕСТНЫЕ ОБСТРЕЛЯЛИ МАШИНУ ЖУРНАЛИСТА "ОБОЗРЕВАТЕЛЯ" АНАТОЛИЯ ШАРИЯ

МВД ПРОВЕЛО НОЧНЫЕ ОБЫСКИ У ШАРИЯ

ЧАСТНОЕ МВД?

МВД УКРАИНЫ И ЕЗИДЫ. МИЛЛИОНЫ НА КРОВИ. Ч.1

ЖУРНАЛИСТА "ОБОЗРЕВАТЕЛЯ" СОБИРАЮТСЯ АРЕСТОВАТЬ ЗА СТАТЬЮ ОБ УБИЙСТВЕ ВЛАДЕЛЬЦА 4ROOM?

МВД И ЕЗИДЫ. МИЛЛИОНЫ НА КРОВИ. Ч. 2

МИЛИЦИЯ ПРОТИВ ШАРИЯ: У МВД НЕ ВЫДЕРЖАЛИ НЕРВЫ

МВД ПРОТИВ МЕРАБА СУСЛОВА. ВСТАТЬ, СУД ИДЕТ

БРАТ ПОГИБШЕГО ВЛАДЕЛЬЦА "4ROOM" В ЗАЛЕ СУДА УГРОЖАЛ ЖУРНАЛИСТУ "ОБОЗРЕВАТЕЛЯ"

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter