HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գարեգին Նժդեհ». մեդիա պատերազմներում մեր պաթետիկ պատասխանը

Նունե Հախվերդյան

Ֆիլմի հեղինակները ներքին զգուշավորության պատճառով որոշել են հարթեցնել դարաշրջանի շատ սուր անկյուններն ու ներկայացնել Նժդեհի կերպարը երկու հարթության վրա՝ պաթոսի ու սենտիմենտալության »

«Նժդեհ» ֆիլմին շատերը սպասում էին զգուշավոր լարումով։ Մի կողմից՝ ֆիլմը դեռ էկրան չբարձրացած բազմապիսի զվարճալի մեմերի սկիզբ դրեց (որտեղ ծաղրվում էր թրեյլերի պաթետիկ ռուսալեզու «Յա Գարեգին Նժդեհ» բղավոցը), իսկ մյուս կողմից՝ ակամայից ասոցիացվում էր քարոզչության հետ (մանավանդ, որ պրեմիերան համընկավ նախագահական ընտրությունների արշավի հետ ու առաջին հերթին գովազդվեց իշխող կուսակցության անդամների կողմից)։

Իսկ հունվարի 28-ին տեղի ունեցած պրեմիերայի ժամանակ առաջին խոսքը վստահվեց «ՊանԱրմենիան մեդիա հոլդինգ»-ի տնօրեն Վազրիկ Սեկոյանին, ով նշեց, որ պատերազմները հիմա ավելի շատ ոչ թե ռազմի դաշտում, այլ մեդիա տարածքում են ծավալվում։ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ստեղծումը նա պայմամավորեց հենց մեդիա պատերազմներին ակտիվ մասնակցելու անհրաժեշտությամբ։ Ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներն էլ նշեցին, որ այս ֆիլմով վաղվա հայաստանցիներին ավելի հայրենասեր դարձնելու պահանջն է բավարարվում։

Եվ այսպիսով ստեղծվեց մի իրավիճակ, երբ «Նժդեհը» առաջարկվում էր գնահատել տարբեր դիտանկյուններից (ռազմահայրենասիրական, հերոսական, հուզական, ապագա սերունդների դաստիարակության)՝ համառորեն անտեսելով, որ կինոն առաջին հերթին պատմություն պատմել է նշանակում։

Իսկ պատմությունը որքան էլ փաստագրական լինի, պիտի ոչ թե վերացական (հայ), այլ այսօրվա հանդիսատեսի (հայաստանցու) հետ զրուցելու եզրեր ունենա։

Եվ այստեղ ոչ միայն թույլատրելի, այլեւ գերադասելի են մեկնաբանությունները։ Ընդհանրապես ազատ ինտերպրետացիայի իրավունքը մեր օրերում ոչ պակաս արժեքավոր է, քան խոսքի ազատությունը։ Եվ ցանկացած կերպար ու գաղափար, որը կարծրացել ու քարացել է, իր նոր կյանքն է գտնում հենց թարմ ու ոչ միանշանակ մեկնաբանմության շնորհիվ։

Էներգիայով լի սկզբնաղբյուրը երբեք չի տուժում, եթե իր հետ վարվում են համարձակ ու գրագետ (նույնիսկ անշնորհք մեկնաբանողի ձեռքում այն իր էներգիան չի կորցնում)։ Եվ այն կարծիքները, որ Նժդեհը մեր ամեն ինչն է եւ իրեն «ձեռք տալ» չի կարելի, ոչ միայն անհիմն, այլեւ վտանգավոր են։

Ձեռք տալ պետք է։ Զննել, վերադասավորել ու հետազոտել նույնպես։ Մանավանդ, որ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը, բոլշեւիկացումն ու անդադար մղվող ռազմական գործողությունները կազմում եմ մի մեծ, հակասական պատմական շերտ, որը գրեթե մեկնաբանված չէ կինոյում։

1918 թվականին Հայաստանը դե յուրե անկախ էր, լի էր վառ անհատներով ու հերոսներով, որոնք հետագայում ոչնչացվեցին, աշխարհով մեկ ցրվեցին կամ էլ «մանրացան»՝ դառնալով ռեպրեսիվ համակարգը աշխատացնող պտուտակներից (զուգահեռները ակնհայտ են)։

Եւ այդ միաժամանակ կառուցվող ու փլվող, բոցավառ ու շինծու գաղափարախոսներով հարուստ 1920-1940-ականներում ապրել է Գարեգին Նժդեհը՝ մի մարդ, ով սիրում էր հային, հայերենը, իր լեռները, մտածում եւ ելքեր էր որոնում, համակարգ էր մտնում ու դուրս գալիս (դաշնակների, բոլշեւկների), կռվում ոչ միայն դրսի, այլեւ ներսի թշնամիների հետ։

«Գարեգին Նժդեհ» ֆիլմի սցենարիստ Քրիստ Մանարյանն ու ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը հաստատ այդ զուգահեռներն իրենց մտքում տարել են, հարյուր տարվա ընթացքում պատմական կոդերը նույնն են մնացել։ Անհատի (հերոսի) ու համակարգի (կոնֆորմիստների իշխանության) բախումն առավել, քան ակնհայտ է Նժդեհի ճակատագրում։

Սակայն ֆիլմի հեղինակները ներքին զգուշավորության (չեմ ուզում ասել՝ կոնֆորմիզմի) պատճառով որոշել էին հարթեցնել դարաշրջանի շատ սուր անկյուններն ու ներկայացնել Նժդեհի կերպարը երկու հարթության վրա՝ պաթոսի ու սենտիմենտալության։ Ավելի չեն կարողացել կամ չեն էլ ուզել անել։

Նժդեհը ֆիլմում հիմնականում ճառ է ասում, բորբոքվում ու, կլորացնելով աչքերը, պաթետիկ թափահարում է ձեռքերը (հիմնականում դա անում է Նժդեհի երկու դերակատարներից մեկը՝ Արտաշես Ալեքսանյանը)։ Ընդհանրապես անհասկանելի է, թե ինչու է հարկավոր երկու դերակատար, մանավանդ, որ երիտասարդ Նժդեհին մարմնավորող Շանթ Հովհաննիսյանը շատ ավելի պատրաստված ու նուրբ դերասան է, քան գոռալով կիրք ցույց տվող Ալեքսանյանը։

 Շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter