HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ավետիք Իշխանյան. «Հատկապես մարզերում տիրում է ֆեոդալական վիճակ, և բոլորը ենթարկվում են տեղի ֆեոդալին»

«Այս ընտրությունները և նախընտրական շրջանը էապես տարբերվում են նախորդ ընտրություններից նրանով, որ այս անգամ մենք ունենում ենք արդեն ոչ թե ընտրություն (ընտրությունները մեզ մոտ լինում են, հետո կեղծվում են), այլ միայն քվեարկություն: Մենք գնում ենք փետրվարի 18-ի քվեարկության»,- այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով՝ որքան էլ հարգանքով վերաբերվենք Սերժ Սարգսյանի մրցակից թեկնածուներին, միևնույն է՝ նրանցից ոչ մեկը չունի ոչ մարդկային, ոչ ֆինանսական բավարար ռեսուրս՝ հանձնաժողովներում գոնե ունենալու այնքան վստահված անձինք, որ վերահսկի ընտրությունների ընթացքը:

Հայաստանում ստեղծված իրավիճակը, Ավետիք Իշխանյանի գնահատմամբ, էապես տարբերվում է թե քաղաքակիրթ ժողովրդավարական, թե բռնապետական երկրների քաղաքական իրավիճակներից: Մի կողմից, քվեարկությունը և ոչ թե ընտրությունը բնորոշ է բռնապետական երկրներին: Մյուս կողմից, բռնապետական երկրներում լիովին բացակայում են խոսքի ազատությունը, հավաքներ անցկացնելու հնարավորությունը: Մինչդեռ այսօր Հայաստանի հեռուստատեսությամբ (Ավետիք Իշխանյանի համոզմամբ, իհարկե, ցուցումով) ընդդիմադիր թեկնածուները հնարավորություն ունեն բավականին ազատ խոսել, քաղաքական կուսակցություններն անխոչընդոտ կարող են խաղաղ հավաքներ անցկացնել:

«Ստեղծվել է մի իրավիճակ, որ չնայած այդ ամենը կարծես թե մակերեսի վրա կա, բայց իրականում մենք չունենք այդ քաղաքական մրցակցությունը, և ընտրությունները վեր են ածվում քվեարկության: Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել»,- ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ:

Պատճառը, նրա կարծիքով, այն է, որ Հայաստանում քաղաքական կուսակցությունները չեն կայացել, քանի որ քաղաքական կուսակցությունները կայանում են, իշխանության են գալիս ընտրությունների միջոցով, իսկ Հայաստանում ընտրությունները կեղծվում են: Մյուս կողմից երկրում գոյություն չունի բիզնեսի ազատություն: Ընդդիմադիր կուսակցությոններին ֆինանսավորում են ֆիզիկական անձնք և ոչ թե հիմնադրամներ: Եթե որևէ բիզնես փորձի բացահայտ ֆինանսավորել ընդդիմադիր քաղաքական կուսակցության, ապա նրա նկատմամբ հաշվեհարդար կսկսվի, ինը նախադեպեր ունի:

Ստեղծված իրավիճակի մյուս պատճառը Ավետիք Իշխանյանը համարում է Հայաստանի քաղաքական համակարգը: Իշխանությունը գերկենտրոնացված է, ըստ էության՝ թագավորական: Չկա անկախ ու ինքնուրույն գործող դատական իշխանություն: Այս պայմաններում բանախոսը մոլորություն է համարում հուսալ, որ որևէ ընտրակեղծիքի դեպքում իրավական համակարգը կպատժի ընտրակեղծարարին, երբ այդ նույն իրավական համակարգը ենթարկվում է այն նույն մարդուն, որի ցուցումով տեղի ունենում են կեղծիքները:

«Չունենք անկախ տեղական ինքնակառավարում, և հատկապես մարզերում տիրում է ֆեոդալական վիճակ, և բոլորը ենթարկվում են տեղի ֆեոդալին: Այդ ֆեոդալը կլինի մարզպետ, քաղաքապետ, գեներալ թե օլիգարխ՝ կարևոր չէ: Եվ ի վերջո այս ամենը բերեց այն բանին, որ կարծես թե բոլորը հուսահատվեցին, և ստեղծվեց այսպիսի իրավիճակ, երբ նույնիսկ նախագահական ընտրություններում լուրջ մրցակցություն չունենք»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Նա շատ զարմանալի է համարում, որ Ազգային ժողովի 3 ընդդիմադիր խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, իրենց՝ հասարակությունից գաղտնի բանակցությունների արդյունքում, առանց լուրջ բացատրություն տալու, մեկը մյուսի հետևից հրաժարվեցին ընտրություններին մասնակցելուց:

«Խորհրդրանական ընտրությունները կարծես թե տարբեր ժամանակներում եղել են փորձաքար նախագահական ընտրություններից առաջ, որովհետև միշտ համեմատաբար շատ քվե հավաքող ընդդիմության թեկնածուն համարվում է հնարավոր հաջորդ նախագահական ընտրությունների հիմնական հավակնորդը: Մայիս ամսվա ընտրություններից հետո կոալիցիայից հրաժարվելուց հետո հասարակական ընկալման մեջ հիմնական մրցակցությունը պետք է լիներ գործող նախագահի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որևէ ներկայացուցչի միջև»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Նա կարծում է, որ իշխանությունների համար շատ կարևոր էր, որ հերթական նախագահական ընտրություններից հետո բացառվի այն լարված վիճակը, որ Հայաստանում միշտ լինում է նախագահական ընտրություններից հետո: Բացառել կարելի է 2 ձևով՝ կազմակերպել իսկապես ազատ, արդար ընտրություններ ու պարտվելու դեպքում շնորհավորել մրցակցին կամ սկսել քաղաքական դաշտը «մաքրելու» գործընթաց:

«Իմ կարծիքով՝ սկսվեց այդ գործընթացը, հատկապես երբ քրեական գործ հարուցվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկրորդ դեմքի՝ Վարդան Օսկանյանի նկատմամբ այդ ծանր քրեական հոդվածով, և իմ կարծիքով՝ դրանով նրան շարքից հանեցին»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter