HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Տեղամասերից 713-ում քվեարկելու համար «տրամադրվել է» 60 վայրկյանից պակաս, իսկ 17.889-ում եղել են թվային անճշտություններ

Ստորագրված ընտրացուցակները հրապարակելը ամենահեշտ և նվազագույն քայլն է, որ այսօր իշխանությունները պետք է անեն՝ այս ընտրություններում իրենց և ընտրական գործընթացների նկատմամբ նվազագույն վստահություն ապահովելու համար: Այսպիսի կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն այսօր՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և «Գործընկերության հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ:

Սոնա Այվազյանը նշեց, որ երբ Սահմանադրական դատարանում հնչեց որոշ ընտրատեղամասերի ստորագրված ընտրացուցակները հրապարակելու հարց, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը ցանկանում էր տպավորություն ստեղծել, թե դա տեխնիկապես հնարավոր չէ: Մինչդեռ, հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն համոզմամբ, դա ամենահեշտ բանն է:

Միգրացիոն պետական ծառայության տվյալներով՝ Հայաստանից տարեկան արտագաղթում է մոտ 25 հազար մարդ: Չնայած դրան՝ ընտրացուցակում ընտրողների թիվն աճում է. հեռացողները, որոնք գրանցումից դուրս չեն գալիս, դուրս չեն գալիս նաև ընտրացուցակներից: Սա թույլատրում է օրենսդրությունը, ըստ որի՝ ցուցակներում պետք է ընդգրկված լինեն երկրում մշտական բնակություն ունեցող մարդիկ:

Միաժամանակ օրենսդրությունն այսօր ոչ միայն չի ապահովում ստորագրված ընտրացուցակների հրապարակումը ընտրություններից հետո, այլև խիստ սահմանափակում է դիտորդների, վստահված անձանց կողմից այդ ցուցակների ուսումնասիրությունը: Վերջինները կարող են պարզապես որոշակի պայմաններում ծանոթանալ ընտրացուցակներին, անուններ արտագրել, բայց չեն կարող բազմացնել, վերցնել ստորագրված ընտրացուցակները:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլը» Ազգային ժողովին ներկայացրել է առաջարկներ, որ օրենսդրության մեջ կատարվի համապաստախան փոփոխություն, և թույլատրվի ստորագրված ընտրացուցակների հրապարակումը: Սոնա Այվազյանը սա անհրաժեշտ է համարում, քանի որ նույնիսկ եթե այդ չհրապարահվող ցուցակները լրիվ ճիշտ են, միևնույն է՝ հասարակությունը կարծում է, որ այդ ցուցակներն օգտագործվում են՝ կեղծելու ընտրությունների արդյունքները:

«Հայաստանի ընտրական օրենսդրությունը տարիներ շարունակ բարելավվել է, և ընտրական գործընթացները դարձել են իհարկե անհամեմատ ավելի կազմակերպված: Սակայն այդ գործընթացների արդյունքում իրականում մշակվել են այնպիսի մեխանիզմներ, որոնք առերևույթ չեն դրսևորվում, սակայն նրանց նշանները կան, և դրանով ոտնահարվում է մարդկանց ընտրելու, ազատ կամարտահայտման իրավունքը: Արդյունքում նաև հարցականի տակ է դրվում ընտրությունների լեգիտիմությունը»,- ասաց Սոնա Այվազյանը:

Նա օրինակ բերեց 2012թ. մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունների բազմաթիվ ընտրախախտումները, որոնք չէին դրսևորվում բռնի ուժով. բազմակի քվեարկություն, ուղղորդում, ընտրակաշառք, սպառնալիքներ մասնավորապես գործատուների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, թաղային հեղինակությունների կողմից:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլը» 4 այլ կազմակերպության հետ ուսումնասիրել է ընտրական օրենսդրությունը և հանգել եզրակացության, որ նույնիսկ եթե օրենքն ամբողջովին կիրարկվի, միևնույն է՝ օրենսդրության մեջ կան խնդիրներ, որոնք խոչընդոտում են ազատ կամարտահայտման իրավունքի իրականացմանը, ստեղծում են մրցակիցների ոչ հավասար պայմաններ:

Ընտրական օրենսգիրքը որոշակի շրջանակ է սահմանել՝ վարչական ռեսուրսի չարաշահումից խուսափելու համար, սակայն կան փաստեր, երբ բարձրաստիճան պաշտոնյաները գնում են գործողումների և աշխատանքից հետո աշխատանքային տրանսպորտի, աշխատակիցների ներգրավմամբ քարոզչություն անում:

«Գյուղապետները, որոնք իրենց համայնքներում ինչ-որ չափով գործում են որպես ֆեոդալներ, կարող են հանդես գալ որպես վստահված անձ: Նրանք ուղղակիորեն ուղղորդում են ընտրությունները, ազդում են ընտրողների կամքի վրա, և մարդիկ էլ, չլինելով այդքան իրազեկ իրենց իրավունքներից, վախենալով կորցնել աշխատատեղեր, բիզնեսներ, ենթարկվում են այդ սպառնալիքներին և ընտրում են այնպես, ինչպես իրենց թելադրում են»,- ասում է բանախոսը:

Պետական բյուջետային հաստատությունները օգտագործում են բոլոր հնարավոր ռեսուրսները, որպեսզի ուղղորդեն իրենց աշխատողներին, նույնիսկ պահանջ են դնում, թե ով քանի քվե պետք է ապահովի: Սոնա Այվազյանի խոսքով՝ փետրվարի 18-ի ընտրությունների վևաբերյալ արդեն իսկ առկա են նման ահազանգեր: Ահազանգերի հեղինակները չեն ուզում ներկայանալ, որովհետև վստահ չեն, որ իրենց ահազանգերը համապատասխան ընթացք կստանան, ինչպես նաև վախենում են տարբեր բաներ կորցնելուց:

Ուղղորդումների, սպառնալիքների մեծ մասը տեղի է ունենում մինչև քվեարկությունը: «Արդեն կարծես մեխանիզմը հղկվել է: Մեծ մասը տեղի է ունենում ընտրատեղամասերից 50 մետր շառավղից հաստատ ավելի հեռու: Շատ դեպքերում դրանք տեսանելի չեն, ավելի հեռվում են, և դա միշտ չէ, որ հնարավոր է բացահայտել»,- ասում է Սոնա Այվազյանը:

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիտարկել է 3 ժամը մեկ տարբեր տեղամասերից պաշտոնապես զեկուցվող, մասնակցության վերաբերյալ տվյալները: Պարզվել է, որ մի շարք տեղամասերում «այնքան մեծ է եղել» ընտրողների մասնակցությունը, որ 1 ընտրողին վայրկյաններ են հատկացվել ընտրելու համար:

Օրինակ՝ 713 տեղամասերում 3 ժամ շարունակ քվեարկությանը մարդիկ մասնակցել են այնպիսի արագությամբ, որ յուրաքանչյուր ընտրողի 60 վայրկյանից պակաս ժամանակ է տրամադրվել: Սա տեխնիկապես հնարավոր չէ՝ հաշվի առնելով նաև այն, որ նախորդ ընտրություններում ընտրողները քվեարկում էին և համասնական, և մեծամասնական քվեաթերթիկներով:

«Մեկ ընտրողը նույնիսկ լավագույն կազմակերպման պայմաններում առնվազն 2 րոպե պետք է ունենար նախորդ ընտրությունների ժամանակ, որպեսզի կարողանար մասնակցել: Եվ այդ թվերը, բնականաբար, կասկածների տեղիք են տալիս, որ մասնավորապես գյուղական համայնքներում այդ թվերը պարզապես տվյալ պահին միգուցե զեկուցվել են, հետագայում ինչ-որ ձևով ապահովվել են»,- ասաց Սոնա Այվազյանը:

Հաջորդ խնդիրն այն է, որ ոչ բոլոր թվային անճշտություններն են ֆիքսվում: Հատկացված քվեաթերթիկների քանակը պետք է համընկնի մարված, վավեր և անվավեր քվեաթերթիկների քանակին: Սահմանված նմուշի ծրարների թիվը պետք է համապատասխանի վավեր և անվավեր քվեաթերթիկների քանակին: Գրանցամատյաններում տեղ գտած ստորագրությունների քանակը պետք է համապատասխանի վավեր և անվավեր քվեաթերթիկների քանակին:

Մինչդեռ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ թվերը չեն համապատասխանել 17.889 տեղամասերում, այսինքն՝ բոլոր տեղամասերի 72 տոկսում եղել են անճշտություններ ենթադրաբար տարբեր պատճառներով:

«Այդ անճշտություններից միայն նրանք են հաշվարկվել, որոնք կարող էին տեղ գտնել լրացուցիչ քվեաթերթիկների՝ ասենք, լցոնումների արդյունքում: Օրինակ, կարուսել քվեարկությունը, երբ քվեաթերթիկները պակասում են տեղամասից, կամ լրացուցիչ ստորագրությունները մատյաններում չեն ֆիքսվել որպես անճշտություն: Իհարկե, բացակա ստորագրությունները, բացակա քվեաթերթերը չեն, որ ազդում են արդյունքների վրա: Այնուամենայնիվ, դրանք ցույց են տալիս, որ տվյալ տեղամասում առկա են եղել կեղծիքներ, և այդ կեղծիքների վրա աչք է փակվել»,- ասաց Սոնա Այվազյանը:

Նա հավելեց, որ չկա օրենսդրության այնպիսի դրույթ, որն ապահովի տվյալ տեղամասում քվեարկության անվավեր ճանաչումը՝ այն հիմքով, որ տեղ են գտել այդքան շատ խախտումներ:

«Օրենսդրության այս թերացումները պարզապես կոծկում են տեղ գտնող խախտումները, ուղղորդումները, լցոնումները, կեղծ ստորագրությունները, կարուսելը, և արդյունքում մենք ունենում ենք «ընտրված» պաշտոնյա»,- ասաց Սոնա Այվազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter