HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրական դատական պրակտիկա եւ ոստիկանական անգործություն

2012-ին Հայաստանում խոսքի եւ մամուլի ազատության վիճակի գնահատականները՝ մասնագիտական վերլուծությամբ 

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հրատարակել է «Լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները, ճնշումները եւ դատական գործերը Հայաստանում-2012» գիրքը, որն արդեն հինգ տարի անընդմեջ իրականացվող դիտարկման երրորդ հրատարակությունն է: Գրքի տպագրությանն աջակցել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: 

Գիրքն ամփոփում է 2012թ. Հայաստանում լրագրողների եւ զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ տեղի ունեցած բռնությունների ու ճնշումների դեպքերը, մասնավորապես` նրանց դեմ ներկայացված հայցերը` զրպարտության եւ վիրավորանքի մեղադրանքներով: Գրքում ներկայացվում են այդ դեպքերի եւ իրադարձությունների փաստական կողմը, դատաքննությունների ընթացքը եւ կայացված որոշումները: 

Առանձին գլխով ներկայացված են նաեւ տպագիր մամուլում, հեռարձակող եւ ինտերնետային ԶԼՄ-ներում 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական եւ ոչ պաշտոնական քարոզարշավի լուսաբանման դիտարկումների արդյունքները: 

Իրավաբաններ Արա Ղազարյանը եւ Աշոտ Վարելջյանը գրքի առաջաբանում համառոտ ձեւով ներկայացրել են խոսքի եւ մամուլի ազատության տարբեր ասպեկտները՝ օրենսդրական կարգավորում, տեղեկատվության մատչելիություն, ֆիզիկական բռնություններ, զրպարտության եւ վիրավորանքի հայցերով դատական գործեր:

Իրենց վերլուծության մեջ նրանք միայն վերջինի վերաբերյալ են լավատեսական կարծիք արտահայտել՝ դատական պրակտիկան զարգանում է դրական ուղղությամբ, զգալիորեն նվազել է դատարան ներկայացվող գործերի թիվը, իսկ փոխհատուցման գումարների չափի զգալի կրճատումը կայուն դատական պրակտիկա է դարձել:

Փոխարենը իրավիճակը նույնն է լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերի բացահայտման առումով: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2012-ին արձանագրված դեպքերի քննությունը ոստիկանության կողմից կրել է ձեւական բնույթ, եղել է ոչ արդյունավետ: Մասնագետների գնահատմամբ՝ ոստիկանությունը դրսեւորել է կատարյալ անգործություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter