HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրատվամիջոցների ազատությունը ՀՀ-ում

2012 հունվար-հոկտեմբեր

Համառոտ 

2012 թվականի ընթացքում իրականացվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ քաղաքացիական հասարակության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Կառավարության կողմից, որոնց մի մասի արդյունքում փոփոխության են ենթարկվել ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող առանձին իրավահարաբերություններ, իսկ մի մասն էլ որևէ հաջողություն չի ունեցել, և օրենսդրական նախաձեռնությունը կամ չի ընդունվել Ազգային ժողովի կողմից կամ էլ դեռ չի ընդգրկվել ԱԺ օրակարգում, թեև ներկայացված է եղել Աժ դեռ այս տարվա սկզբին և արդեն տևական ժամանակ է, ինչ գտնվում է շրջանառութան մեջ:

Խորհրդարանական ընտրությունների օրը գրանցվել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության մի քանի դեպքեր ընտրատարածքներում, որոնց առնչությամբ ոստիկանությունը ցուցաբերել է անգործություն, քանի որ մի մասի նկատմամբ քրեական գործեր չեն հարուցվել, իսկ որոնք էլ հարուցվել են, որոշ ժամանակ անց կարճվել են հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքով:

Տեղեկատվության մատչելիության իրավունքի խախտումներ են գրանցվել ինչպես պետական մարմինների, այնպես էլ առևտրային ոչ պետական ընկերությունների կողմից: Ե՛վ վարչական, և՛ դատական վարույթների շրջանակներում հանրային մարմինները և դատարանները շարունակում են չափազանց լայնորեն մեկնաբանել առևտրային գաղտնիք հասկացությունը,  որի արդյունքում լրատվամիջոցները, ինչպես նաև լրատվամիջոցների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան կազմակերպությունները զրկվում են տեղեկատվություն ստանալու հնարավորությունից:

Միակ ոլորտը, որտեղ շարունակվում են կայուն դրական զարգացումները, զրպարտության և վիրավորանքի գործերով դատական պրակտիկան է, որի շրջանակներում դատարանները շարունակում են հետևողականերոն մերժել այն հայցապահանջները, որտեղ բերվում են վնասի փոխհատուցման անհամաչափ մեծ և չարդարացված պահանջներ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ լրատվամիջոցների տեղեկատվություն տարածելու իրավունքի վրա, որը դատարանները դիտում են հանրային շահի ներքո:     

Օրենսդրական նախաձեռնություններ և փոփոխություններ 

2012 թվականի ընթացքում հանդես են բերվել օրենսդրական մի շարք նախաձեռնություններ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպությունների, պետական մարմինների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որոնք առնչվում են լրատվամիջոցների և լրագրողների ազատությանը: Մասնավորապես, հիշարժան է 2012 թ. հունվարի 31-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը  ընտրական գործընթացները լուսաբանելու նպատակով լրագրողների հավատարմագրման կարգում փոփոխություններ կատարելու մասին, ըստ որի հավատարմագրեր չէին կարող տրվել այն լրագրողներին, ովքեր դատապարտվել էին  դիտավորյալ հանցագործություն կատարելու հիմքով, և նրանց դատվածությունը այդ պահի դրությամբ մարված կամ հանված չէր, ինչպես նաև նրանք, ովքեր տարածել էին ընտրական հանձնաժողովների կամ պաշտոնատար անձանց գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չէին համապատասխանում իրականությանը, որը  հաստատվել է դատարանի վճռով: Ակնհայտ էր, որ նշված փոփոխությունները սահմանում էին լրագրողական ազատությունների սահմանափակումներ, որոնք շոշափում էին մարդու իրավունքների հարցեր և, հետևաբար, չէին կարող սահմանվել ԿԸՀ-ի կողմից, այլ պետք է սահմանվեին միայն Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական ակտով: Լրագրողական մի շարք կազմակերպությունների և իրավապաշտպանների կողմից բարձրացված դժգոհություններից հետո ԿԸՀ-ն ստիպված էր մարտի 15-ին վերացնել հավատարմագրման գործընթացում վերը նշված սահմանափակումները սահմանող դրույթները: 

Հիշարժան էր նաև սույն թվի մարտի 21-ին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի ընդունման փաստը Ազգային ժողովի կողմից: Նման օրենքի ընդունումը բխում էր ՀՀ Սահմանադրության պահանջներից, մասնավորապես՝ արտակարգ դրության ժամանակ ՀՀ-ում մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները «օրենքով» սահմանված լինելու պահանջով: Սույն օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է ազատությունների սահմանափակումների սպառիչ ցանկ, որի 12-րդ կետով սահմանվում է «խոսքի ազատության սահմանափակում, մասնավորապես՝ զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում»: Այս օրենքի հետ համահունչ լրացվեց նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182.2.-րդ հոդվածը (Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելը), որի 8-րդ կետով սահմանվեց նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով տուգանքի նշանակում` արտակարգ դրության ժամանակ զանգվածային լրատվամիջոցներում արգելված հրապարակումներ, հաղորդումներ թողարկելու դեպքում։

Առանձնապես հետաքրքրություն է առաջացրել երեք լրագրողական կազմակերպությունների՝ Երեւանի մամուլի ակումբի, «Ինտերնյուս» ՀԿ-ի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի համատեղ մշակած՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը:  Մարտի 19-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը այդ նախագիծը դրել է շրջանառության մեջ: Օրենքում փոփոխություններ կատարելը հիմնավորված էր ՀՀ-ում ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրմամբ, որի ընթացքում ամբողջապես լուծում չէին ստացել հեռարձակման ոլորտի այն հիմնական խնդիրները, որոնք կապահովեին թվային հեռարձակման ներդրումից ակնկալվող արդյունքները եւ կբավարարեին լրագրողական հանրության, լայն հասարակայնության, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ունեցած մտահոգությունները։ Մինչ Ազգային ժողովի վերը նշված հանձնաժողովին ներկայացնելը, օրենքի նախագիծը քննարկվել է ԵԱՀԿ և ԵԽ փորձագետների հետ, այնուհետև ներկայացված է եղել հանրային քննարկման ՄԻՊ գրասենյակի կազմակերպած «Մամուլի ազատության ֆորում»-ի շրջանակներում: Նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները նպատակ ունեն հեռարձակման թվայնացման պայմաններին համապատասխան օրենսդրական կարգավորումներ սահմանել, ինչպես նաև մեծացնել

Հանրային հեռուստառադիոընկերության նկատմամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) վերահսկողությունը: Անհրաժեշտ է նկատել, որ ՀՌԱՀ-ի կողմից ցանկացած վերահսկողական գործառույթի սահմանում Հանրային հեռուստառադիոընկերության նկատմամբ կարող է հանգեցնել կոնֆլիկտի երկու կարգավորող մարմինների` ՀՌԱՀ-ի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի միջև, որոնք կարգավորում են սկզբունքորեն երկու առանձին ոլորտներ: Հայտնի չէ, թե նման իրավակարգավորումը արդյոք արդյունավետ կլինի պրակտիկայում: Ներկայումս նախագիծը դեռ շրջանառության մեջ է և չի ընդգրկվել Ազգային ժողովի նիստերի օրակարգում: 

Ազգային ժողովում դեռևս շրջանառվում է փաստաբան Կարեն Մեժլումյանի մշակած և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի միջոցով շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում փոփոխություններ կատարելու մասին: Նախագծով առաջարկվում է հոդվածի շրջանակներում ընդգրկել նաև ոչ հրապարակային բնույթի հայտարարությունները, ինչպես նաև վիրավորական և զրպարտող բնույթի այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «անպարկեշտ» և «ակնհայտ սուտ» հայտարարությունները: Առաջարկվում է նաև նվազեցնել վիրավորանքի և զրպարտության համար գումարային փոխհատուցան վերին շեմը՝ վիրավորանքի համար փոխհատուցում սահմանելով մինչեւ 500.000, իսկ զրպարտության համար՝ մինչեւ 800.000 դրամի չափով: Սույն նախագծի ընդգրկումը օրակարգում հետաձգվել էր 60 օրով դեռ 06.02.2012թ. և մինչ այժմ շարունակում է մնալ շրջանառության մեջ:

Ֆիզիկական բռնություններ

2012 թվականի ընթացքում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր են գրանցվել համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում: Որպես կանոն՝ բռնության փաստերի վերաբերյալ լրագրողները ներկայացրել են հանցագործության մասին հաղորդում ոստիկանության տարածքային բաժանմունք, որի առիթով ոստիկանությունը հարուցել է քրեական գործ, սակայն մի որոշ ժամանակ հետո կարճել է քրեական գործը հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքով: Ներկայացնենք մի քանի օրինակներ: Մայիսի 5-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Նաիրա Նալբանդյանի նկատմամբ տեղի է ունեցել բռնություն Գյումրու թիվ 33 ընտրատարածքում, որի վերաբերյալ վերջինս հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժին, որտեղ փաստի առիթով նյութեր են նախապատրաստվել, սակայն մայիսի 16-ին կայացված որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցադեպի բացակայության հիմքով:

Նմանատիպ մոտեցում է ցուցաբերվել նաև  «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի նկատմամբ: Վերջինս փորձել է տեսանկարահանել ընտրատեղամասը և դրա մոտ հավաքված մի քանի երիտասարդների, սակայն նրանցից մեկն առանց զգուշացնելու մոտեցել ու երկու անգամ հարվածել է լրագրողի ձեռքին և փորձել խլել տեսախցիկը: Լրագրողին դժվարությամբ հաջողվել է չհանձնել իր տեսասարքը, որից հետո նա հեռացել է ընտրատեղամասից։ Էլինա Չիլինգարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով։ Թեև հաղորդման հիմքով ընթացել է հետաքննություն, և նախապատրաստվել են նյութեր, սակայն հուլիսի 13-ին ոստիկանությունը կարճել է քրեական գործի վարույթը հետևյալ պատճառաբանությամբ. «Էլինա Չիլինգարյանը տեսանկարահանումներ կատարելիս չի ներկայացել որպես լրագրող, լրագրողին հատուկ տարբերիչ նշան չի կրել, նրա օգտագործած տեսախցիկը նույնպես տարբերանշան չի ունեցել: Նման պայմաններում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներն իրենց համակցության մեջ գնահատելով՝ հիմնավորված պետք է համարել, որ Հ.Համբարձումյանը չի գիտակցել եւ պարտավոր չէր գիտակցել, որ Էլինա Չիլինգարյանը լրագրող է եւ իրականացնում է մասնագիտական գործունեություն: Հ. Համբարձումյանի դիտավորությունն ուղղված չի եղել Չիլինգարյանին ծեծելուն, մարմնական վնասվածք կամ ֆիզիկական ցավ պատճառելուն: Նկարահանվելուց խուսափելու նպատակով նա հարվածել է նկարահանողի ձեռքին, որի հետեւանքով տեսախցիկն ընկել է գետնին: Երկրորդ անձի կողմից ձեռքին հարվածելու վերաբերյալ ցուցմունք է տվել միայն Էլինա Չիլինգարյանը: Այդ դրվագով այլ ապացույց ձեռք չի բերվել, այսինքն՝ չի հաստատվել հանցագործության դեպք:

«Մաքսինֆո» լրատվական-վերլուծական գործակալության լրագրող Կարեն Ալեքյանի  մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հիմքով մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից բռնության զուգորդմամբ լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերի հատկանիշներով), սակայն առ այսօր որևէ մեկին մեղադրանք չի ներկայացվել և ոչ էլ որևէ քննչական կամ դատավարական գործողություններ են կատարվել հարուցված քրեական գործի շրջանակներում:

Վերը նկարագրված իրավիճակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա)  սահմանված պոզիտիվ պարտավորությունների չկատարման մասին հարց է առաջանում: Կոնվենցիայի և ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթներ պետությանը պարտավորեցնում են ձեռնարկել պոզիտիվ քայլեր իր իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ՝ անկախ այն հանգամանքից, թե անձի իրավունքների միջամտությունը կատարվել է սովորական քաղաքացու՞, թե՞ պաշտոնատար անձի կամ պետական մարմնի կողմից: Պետությունը (այսինքն պետության անունից գործող բոլոր պաշտոնատար անձինք և կազմակերպությունները) պարտավոր է ոչ միայն ձեռնպահ մնալ որոշակի գործողություններ կատարելուց (նեգատիվ պարտավորություն), օրինակ՝ անձի նկատմամբ արգելված վերաբերմունք ցուցաբերելուց, այլև կրում է պոզիտիվ պարտավորություն, որպեսզի նման դեպք տեղի ունենալու դեպքում նախաձեռնի պաշտոնական քննություն: Ընդ որում, քննությունը չպետք է լինի ձևական, այլ պետք է նպաստի, որպեսզի դրա շրջանակներում հայտնաբերվեն ու պատժվեն մեղավոր անձինք և նրանց նկատմամբ նշանակվի  համարժեք պատիժ: Այսպիսով, անձի նկատմամբ արգելված վերաբերմունքի նյութական իրավունքի արգելքը ներառում է նաև դատավարական իրավունքի բաղադրիչ, համաձայն որի պետությունը պարտավոր է նախաձեռնել և իրականացնել արդյունավետ քննություն բռնության փաստի առթիվ:

Պոզիտիվ պարտավորության գաղափարն առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում լրագրողների և լրատվամիջոցների ազատ արտահայտվելու իրավունքի առումով: Հաշվի առնելով, որ արտահայտվելու ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր նախապայմաններից է, այս իրավունքի արդյունավետ իրականացումը ոչ միայն կախված է լրագրողների և լրատվամիջոցների ազատ արտահայտվելու իրավունքին չմիջամտելու՝ պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց նեգատիվ պարտավորությունից, այլ նաև այս իրավունքի իրականացումն ապահովելու ուղղությամբ պետության կողմից ձեռնարկված պոզիտիվ քայլերից: Այդպիսի պոզիտիվ քայլերից են, մասնավորապես, լրատվամիջոցներին և նրանց աշխատակազմին բռնություններից և բռնության սպառնալիքներից պաշտպանելու, անհրաժեշտության դեպքում  կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու և բռնության կամ սպառնալիքների փաստերի հիմքով արդյունավետ հետաքննություն նախաձեռնելու և կատարելու գործողությունները:  Այս խնդրին անդրադարձել է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որն իր թիվ 1535 Բանաձևում նշել է, որ  պետությունները պոզիտիվ պարտավորություն են կրում հետաքննել լրագրողների դեմ ցանկացած բռնություն, այդ թվում նաև՝ սպառնալիքները, և որ այդ պարտավորությունը բխում է «լրագրողների` որպես անհատների՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքներից, ինչպես նաև ցանկացած ժողովրդավարության համար ահաբեկումներից և  և քաղաքական սպառնալիքներից զերծ զանգվածային լրատվական միջոցներ ունենալու անհրաժեշտությունից: Այնտեղ, որտեղ հնարավոր է լրագրողների դեմ իրականացնել հարձակումներ և մնալ անպատիժ, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը լրջորեն տուժում են»[1]:

Անձի ֆիզիկական անձեռնմխելիությունը պաշտպանելու ուղղությամբ պետության պոզիտիվ պարտավորության առկայության հանգամանքն ընդունել է նաև ՀՀ Վճռաբեկ դատարանը, որը, հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան նախադեպին, սահմանել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը ներառում է նաև «անձի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը: 8-րդ հոդվածի ներքո պետությունները կրում են անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունն այլ անձանց ոտնձգություններից պաշտպանելու պարտականություն: Այդ նպատակով նրանք պետք է հաստատեն ու գործնականում կիրառեն մասնավոր անձանց ոտնձգություններից պաշտպանություն տրամադրող համարժեք իրավական կառուցակարգեր»[2]

Վերը շարադրված իրավիճակներում լրագրողների նկատմամբ տեղի է ունեցել բռնություն, որն ակնհայտորեն կապված էր նրանց մասնագիտական պարտականությունների կատարման, տվյալ դեպքում՝ ընտրությունների լուսաբանման գործառույթների հետ: Բռնությունը կատարվել է ոչ պաշտոնատար անձանց կողմից: Հետևաբար, իրավունքի միջամտության և խախտման հարցը գտնվում է Սահմանադրության 23-րդ (անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք) և 27-րդ (ազատ արտահայտվելու իրավունք) և Կոնվենցիայի համապատասխանաբար 8-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված պոզիտիվ պարտավորությունների դաշտում, մասնավորապես՝ արդյո՞ք ՀՀ իրավասու մարմինները կատարել են արդյունավետ քննություն մեղավորներին հայտնաբերելու, պատժելու և նրանց նկատմամբ համարժեք պատիժ նշանակելու ուղղությամբ: Փաստերը ցույց են տալիս, որ նշված օրինակներում, ինչպես նաև վերևում վկայակոչված ուսումնասիրության մեջ ներառված այլ գործերով ոստիկանությունը հանցագործության մասին ներկայացված հաղորդումների հիման վրա կատարել է հետաքննություն, որի շրջանակներում, սակայն, հետագայում  դրսևորվել է կատարյալ անգործություն՝ չեն կատարվել քննչական կամ դատավարական գործողություններ, իսկ մի քանի ամիս անց քրեական գործը կարճվել է կամ քրեական գործի հարուցումը մերժվել:

Առավել զարմանալի է այն հանգամանքը, որ քրեական գործերը կարճվել են տուժողների կողմից հանցագործության մասին ներկայացված հաղորդումների առկայության պայմաններում («ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Նաիրա Նալբանդյանի նկատմամբ, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի նկատմամբ և mynews.am կայքի թղթակից Արթուր Հարությունյանի նկատմամբ), մի հանգամանք, որն ինքնին իշխանությունների կողմից պոզիտիվ պարտավորության անտեսման հարց է առաջադրում, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանը իր թիվ 871 որոշման մեջ սահմանել է, որ հակասահմանադրական է, երբ քրեական գործը կարճվում է հանցադեպի բացակայության հիմքով այնպիսի պայմաններում, երբ առկա է հանցագործության մասին հաղորդում տուժողի կողմից:

Վերը նշվածն ամփոփելով՝ գտնում ենք, որ նշված դեպքերով իշխանությունների կողմից խախտվել են ՀՀ Սահմանադրության 17-րդ, 23-րդ և 27-րդ հոդվածներով սահմանված իրավունքները (բռնությունների արգելում, անձնական կյանքի նկատմամբ հարգանք և ազատ արտահայտվելու իրավունք), քանի որ իրավասու մարմինների կողմից չեն կատարվել այս իրավունքների  դատավարական պահանջները՝ քննության նախաձեռնում, մեղավորների հայտնաբերում և համարժեք պատժի նշանակում: Ավելորդ չենք համարում նշել նաև, որ լրագրողների նկատմամբ կատարված բռնությունների փաստով արդյունավետ քննություն չկատարելու հանգամանքը համընդհանուր սառեցնող ազդեցություն (chilling effect) է թողնում ամբողջ լրատվական դաշտի, լրագրողական ազատության վրա, որից տուժում է տեղեկացվելու հանրային ընդհանուր շահը:

Հեռուստատեսային  հեռարձակման արտոնագրի մրցույթ 

2012թ. մարտի 28-ին Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «Մելտեքս» ՍՊԸ ընկերության բողոքը հեռուստատեսային հեռարձակման արտոնագրի 2011թ. դեկտեմբերին անցկացված մրցույթի հիմքերի առնչությամբ: Այդ որոշումով ավարտվեց ընկերության կողմից նախաձեռնված ներպետական դատական գործընթացը, որով դատարանից խնդրում էր ամբողջությամբ անվավեր ճանաչել ՀՌԱՀ-ի 2010թ. դեկտեմբերի 16-ի թիվ 96-Ա որոշումը «Արմնյուզ» ՓԲԸ-ին հաղթող ճանաչելու վերաբերյալ եւ ճանաչել ՀՌԱՀ-ի կողմից մրցույթում միջամտության արդյունքում «Մելտեքս» ՍՊԸ-ի արդար մրցակցության խախտված իրավունքը: Ընկերությունը, այդպիսով, սպառել է  ներպետական  իրավական պաշտպանության բոլոր միջոցները և սույն թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ արդեն նախնական նամակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով մրցույթի անցկացման եղանակի համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներին: Եվրոպական դատարանում կոնվենցիայի 10-րդ հոդվածի հիման վրա ընկերությունը պնդում է, որ կարգավորող մարմնի՝ ՀՌԱՀ-ի ակտիվ միջամտության շնորհիվ խախտվել են մրցույթի անցկացման հավասարության, թափանցիկության եւ անաչառության սկզբունքները: Բացի այդ, ընկերությունը պնդում է, որ ՀՌԱՀ-ը ընկերության գործարար բարի համբավը վարկաբեկելու միտում  է դրսևորել՝ այդպիսով իր նկատմամբ ցուցաբերելով խտրական մոտեցում:

Չնայած ՀՌԱՀ-ի հետ դատական գործընթացին, որում որպես երրորդ կողմ ներգրավված է «Արմնյուզը», 2012թ. սեպտեմբերի 4-ին «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը եւ «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը հանդես եկան համատեղ ասուլիսով՝ հայտարարելով իրենց համագործակցության մասին: Սեպտեմբերի 10-ից «Ա1+»-ի «Այբ-Ֆե» 20 րոպեանոց տեղեկատվական-վերլուծական ծրագիրը թողարկվում է  «Արմնյուզի» փրայմ թայմում` երեկոյան ժամը 21.00-ին, երկուշաբթիից ուրբաթ: Հեռուստաընկերությունների միջև համագործակցոթյան պայմանագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով:

«Մելտեքս» ՍՊԸ ընկերության երկարամյա պայքարը, որի մի դրվագն է հանդիսանում սույն դատական գործընթացը, արտահայտում է այն հիմնական խնդիրը, որն առկա է  Հայաստանի Հանրապետության հեռուստատեսային լրատվամիջոցների ոլորտում՝ թափանցիկ ու արդար արտոնագրային մրցույթի բացակայությունը, որի արդյունքում լրատվական դաշտը զբաղեցնում են ընկերություններ, որոնք չունեն բավարար անկախություն գործադիր մարմնից և տարբեր քաղաքական խմբավորումներից: Չնայած վերջին տարիներին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ՝ նպատակ ունենալով բավարար ինստիտուցիոնալ անկախություն տալ ՀՌԱՀ-ին գործադիր իշխանությունից, ինչպես նաև ապահովել արդար արտոնագրային մրցութային պայմաններ, և թեև օրենսդրական այդ բարեփոխումները ընդունվել են ԵԽ մարմինների կողմից, այդուհանդերձ,  պրակտիկայում դեռ չեն ապահովվում ազատ և արդար մրցակցային պայմաններ մրցույթի մասնակիցների համար: Այս առումով պետք է նշել, որ և՛ հասարակական, և՛ միջազգային վերահսկողությունը արտոնագրային գործընթացի վրա դեռ շատ թույլ է, որի արդյունքում ՀՌԱՀ-ը ավելի շատ ժողովրդավարական չափանիշների իմիտացիոն բնույթի գործելակերպ է որդեգրել, քան հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի արդյունավետ կարգավորում:  

Վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական գործերը լրատվամիջոցների դեմ

Ապաքրեականացումից ի վեր, որը կատարվեց 2010 թվականի մայիսին, դատարանները ընդունել են մեծ քանակությամբ քաղաքացիական հայցեր հասարակության տարբեր խմբերի՝ սովորական քաղաքացիների, քաղաքական գործիչների, օլիգարխների, հանրային պաշտոնյաների, շոու բիզնեսի ներկայացուցիչների, փաստաբանների և նույնիսկ լրագրողների և լրատվամիջոցների կողմից: 2012թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ՝ 2010 թվականի հունիսից ի վեր, նոր իրավակարգավորման շրջանակներում հարուցված 51 դատական գործերից ընթացքի մեջ է 15-ը, իսկ մնացած 36 գործերով դատական վարույթներն ավարտվել են[3]: Ընթացքի մեջ գտնվող 15 գործերից 7-ով կայացվել է առնվազն մեկ դատական ակտ, իսկ մնացած 8-ով դատական որոշում դեռ չի կայացվել, և դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է առաջին ատյանի դատարանում: Ավարտված 36 գործերից 9-ով դատարանները հայցապահանջները բավարարել են մասնակի, 10 գործով հայցապահանջներն ամբողջությամբ մերժվել են, 9 գործով կողմերը կնքել են հաշտություն, 6 գործով հայցվորները դատաքննության ընթացքում հրաժարվել են հայցապահանջից և 2-ով հայցերը վերադարձվել են սխալներն ուղղելու նպատակով:   

2012թ. դատական պրակտիկան կտրուկ տարբերվում է 2010 և 2011 թվականների դատական պրակտիկայից: 2012թ. հունվարից մինչև հոկտեմբեր ամիսը դատարանները ստացել են ընդամենը ութ հայցապահանջ, որը ցածր թիվ է, եթե համեմատենք 2011թ. տվյալների հետ, որի ընթացքում ամսական միջինը 3-ից 6 գործ էր ներկայացվում:

2010 և 2011 թվականների դատական պրակտիկայի ընթացքում  դատարանները միտված էին բավարարել բարձր և երբեմն աստղաբաշխական թվերով ներկայացված փոխհատուցման պահանջները վիրավորանքի և/կամ զրպարտության համար: Այս շրջանում դատարանները բավարարել են 3 մլն-ից մինչև 6 մլն դրամական փոխհատուցման պահանջներ ոչ բարոյական վնասի համար[4]:  2011թ. նոյեմբերի 15-ին Սահմանադրական դատարանի կայացրած թիվ ՍԴՈ-997 որոշումից հետո դատական պրակտիկան կտրուկ փոխվեց: Դրան նպաստեց նաև քիչ ուշ Վճռաբեկ դատարանի 27/04/2012թ. կայացրած որոշումը թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով[5]:

Սկսած 2012 թվականի սկզբից՝ նոր հարուցված կամ ընթացքի մեջ գտնվող նախկին գործերով դատարանները սկսել են հետևողականորեն նվազեցնել փոխհատուցման չափերը՝ դատական ծախսերի և ոչ նյութական վնասի փոխհատուցման մասերով: Ավելին, դատարանները սկսել են փոխհատուցման չափը որոշելիս հաշվի առնել պատասխանող լրատվամիջոցի գույքային դրությունը, վիճահարույց տեղեկատվության տարածման եղանակը, հայցվորի կարգավիճակը (դատարանները էականորեն նվազեցնում կամ մերժում էին այն հայցապահանջները, որոնք բերվել էին քաղաքական գործիչների, օլիգարխների կամ հանրային բարձր պաշտոնյաների կողմից), ինչպես նաև, թե ընդհանուր առմամբ սահմանված փոխհատուցման չափը ինչ բացասական ազդեցություն կարող է գործել լրատվամիջոցի գործունեության վրա, որը դիտվում էր որպես հանրային շահ: Այսինքն՝ քաղաքացիաիրավական հարաբերություններում դատարանները սկսել էին տեսնել նաև հանրային իրավահարաբերություններ (լրատվամիջոցների ազատ արտահայտվելու իրավունքը և քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը), որի հետևանքով դատարանները սկսել են կիրառել հանրային և անհատական բախվող շահերը փոխհավասարակշռելու սկզբունքը: Այս նույն սկզբունքին հետևելով՝ դատարանները որոշ գործերով, որտեղ լրագրողը օգտագործել էր չափազանցված կամ նույնիսկ սադրող բնույթի խոսքի տեսակ, ելնելով հանրային շահից՝ նվազեցրել են փոխհատուցման չափը կամ նույնիսկ մերժել հայցը՝ նշելով, որ տարածված տեղեկատվությունը առնչվում էր հանրային հետաքրքրություն ներկայացնող նյութի[6]: Այսինքն, 2012թ. ընթացքում բոլոր դատական ակտերը կայացվել են Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի սահմանած ուղեցույցներով, որոնցում ներառված էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային դրույթները: Դրա հետևանքն են այս տարվա դատական պրակտիկայի տվյալները:

2012թ. ընթացքում ավարտվել են ընդհանուր առմամբ 15 դատական գործեր, որոնցից երեքը բավարարվել են մասնակի[7], հինգը մերժվել են ամբողջությամբ[8], երկուսը ավարտվել են հաշտությամբ[9] և հինգ դատական գործ ավարտվել է հայցվորի կողմից հայցապահանջից հրաժարվելու հետեւանքով[10]: Երեք մասնակի բավարարված գործերով վճիռներից երկուսում դատարանները պահանջված դրամական փոխհատուցման չափը նվազեցրել  են հինգ անգամ (մի գործով բերվել էր աննշան դրամական փոխհատուցման պահանջ): Համեմատության համար, 2010 և 2011 թթ. ընթացքում կայացված վճիռներով դատարանները մասնակի բավարարված գործերով դրամական փոխհատուցման չափերը նվազեցրել են 2-ից 18 անգամ: Այսինքն, եթե իրավիճակը գնահատենք դատարան ներկայացված քաղաքացիական գործերի ՝ ԶԼՄ-ների ազատության վրա ունեցած պոտենցիալ վտանգի տեսանկյունից, ապա եթե նշված 15 գործերով բերվել էր ընդհանուր առմամբ 74 մլն 434,050 դրամի փոխհատուցման պահանջ, բավարարվել է ընդամենը 1 մլն 20,000 դրամի պահանջը, որը կազմում է ներկայացված համընդհանուր դրամական պահանջի 1.4%-ը: Կամ, այլ տեսանկյունից հաշված. 15 գործերով հայցապահանջներից ոչ մեկը չի բավարարվել ամբողջությամբ (այսինքն՝ ոչ մեկով լրատվամիջոցի համար ոչ բարենպաստ դատական ակտ չի կայացվել), 12 գործով կայացվել է ամբողջությամբ բարենպաստ դատական ակտ, իսկ երեքով՝ մասնակի բարենպաստ դատական ակտ: Իսկ եթե գնահատենք ոչ թե միայն 2012 թվականի դատական պրակտիկան, այլ 2010-2012թթ. դատական պրակտիկան, ապա պատկերը հետևյալն է. լրատվամիջոցների և լրագրողների դեմ ընդհանուր առմամբ ներկայացվել է 51 դատական հայց, որի շրջանակներում արդեն ավարտված 36 գործերով բերվել է ընդհանուր առմամբ 130,698,350 դրամի պահանջ (նյութական և ոչ նյութական վնասի մասով), որից բավարարվել է 11,286,000 դրամը, այսինքն 8,6%-ը: Ակնհայտ է, որ 2012 թվականի ընթացքում դատարանները ավելի մեծ չափով են սկսել նվազեցրել գույքային պահանջները:

Որպես եզրահանգում՝ վերը նշված դիտարկումները ցույց են տալիս, որ դատական պրակտիկան զարգանում է դրական ուղղությամբ: Զգալիորեն նվազել է դատարան ներկայացվող և ներկայացված դատական գործերի քանակը: Կայուն դատական պրակտիկա է դարձել դատարանների կողմից փոխհատուցման գումարների չափերի զգալի կրճատումը: Անցյալում է մնացել դատարանների կողմից յոթանիշ դրամական փոխհատուցման չափերի սահմանումը: Ավելի հաճախակի են դառնում դեպքերը, երբ հայցվորները դրամական փոխհատուցում չեն պահանջում: Աճում է այն դատական գործերի քանակը, որոնցում կողմերը դատական վեճն ավարտում են հաշտությամբ: Մեծանում է վեճերը արտադատական կարգավորման եղանակներով լուծելու ձգտումը: Ավելանում է այն գործերի թիվը, որոնցում խնդրի լուծումը կողմերը տեսնում են ավելի շատ լրագրողական էթիկայի, քան օրենքի դաշտում: Այս ամենը նշանակում է, որ վիրավորանքի և զրպարտության նորմերի ապաքրեականացումը  ծառայում է իր բուն նպատակին:

Աշոտ Վարելջյան
Արա Ղազարյան

 


[1] ԵԽԽՎ թիվ 1535 Բանաձևը «Լրագրողների կյանքի և ազատ արտահայտվելու իրավունքի նկատմամբ սպառնալիքների մասին», կետ 5:

[2] ՀՀ Վճռաբեկ դատարանի 26/03/2010թ. թիվ ԵՇԴ/0097/01/09 որոշումը Տիգրան Քամալյանի գործով, §23:

[3] Այս վիճակագրությունը ներառում է միայն այն դատական գործերը, որոնցում լրատվամիջոցը կամ լրագրողը հանդես է գալիս որպես պատասխանող: 

[4] Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը և Լևոն Սարգսյանը ընդդեմ Դարեսկիզբ ՍՊԸ-ի գործով թիվ ԵԿԴ/2347/02/10 քաղաքացիական գործը  և Բելա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն»  ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2479/02/10 քաղաքացիական գործը: Վճիռներին կարելի է ծանոթանալ www.datalex.am էլեկտրոնային էջում:

[5] Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ գործով:

[6] Տե՛ս, օրինակ, ԵԿԴ/0790/02/11 քաղաքացիական գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վճիռը՝ ըստ հայցի Հայկ Բաբուխանյանի ընդդեմ «Խմբագիր» ՍՊԸ-ի: Թիվ ԵԿԴ/0526/02/11 քաղաքացիական գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վճիռը՝ ըստ հայցի Տիգրան Արզաքանցյանի ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի:

[7] «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի, քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1963/02/10: Թաթուլ Մանասերյանն ընդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի, քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2293/02/10: Դանիել Իոաննիսյանը, Բայանդուր Պողոսյանը և Հասմիկ Սիմոնյանն ընդդեմ «Մեկ Ազգ» կուսակցության, քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0074/02/12: Դատական ակտերը կարելի է կարդալ www.datalex.am էջում: 

[8] Հայկ Բաբուխանյանը և «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն ընդդեմ «Խմբագիր» ՍՊԸ-ի լրագրող (www.report.am կայք) Էդիկ Անդրեասյանի (լրագրող), քաղ. գործ թիվ ԵԿԴ/2374/02/10: Հայկ Բաբուխանյանն ընդդեմ «Խմբագիր» ՍՊԸ-ի և Էդիկ Անդրեասյանի (լրագրող-վերլուծաբան) և Աբել Միքայելյանի (լրագրող), քաղ. գործ թիվ ԵԿԴ/0790/02/11: Տիգրան Տերտերյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Մարինե Մարտիրոսյանի, քաղ. գործ թիվ ԵԿԴ/1485/02/11: Վանո Եղիազարյանն ընդդեմ «Հետք» շաբաթաթերթի լրագրող Ադրինե Թորոսյանի, քաղ. գործ թիվ ԼԴ/0628/02/11: Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ի, քաղ. գործ թիվ ԵԿԴ/2491/02/11: Դատական ակտերը կարելի է կարդալ www.datalex.am էջում:

[9] Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը և Գևորգ Զաքարյանը, Աշխեն Զաքարյանը, Դավիթ Հարթեյանը, Ակսել Ղազարյանը, Շուշանիկ Ղազարյանը, Հայկ Հակոբյանը, Աիդա Հակոբյանը և Արթուր Մարտիրոսյանը ընդդեմ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն ՓԲԸ-ի և Գևորգ Ալթունյանի, Սոնա Թորոսյանի, Նունե Ալեքսանյանի և Էդգար Դավթյանի, քաղ. գործ թիվ ԵԿԴ/2621/02/10: «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ, քաղ. գործ թիվ ԵԿԴ/2707/02/10: Դատական ակտերը կարելի է կարդալ www.datalex.am էջում:

[10] Արամ Չատինյանն ընդդեմ Գագիկ Շամշյանի, քաղ. գործ թիվ ԵԱՔԴ/1751/02/11: Թերեզա Շահվերդյանն ընդդեմ «Հետք» շաբաթաթերթի լրագրող Ադրինե Թորոսյանի, քաղ. գործ թիվ ԼԴ/0656/02/11: Բենիկ Հարությունյանն ընդդեմ Ժողովուրդ թերթի խմբագրությունը ՍՊԸ, քաղ. գործ թիվ ԵԿԴ/2427/02/11: Ռուզաննա Ազիզյանն ընդդեմ «Յոթ օր» լրատվական գործակալության, քաղ. գործ թիվ  ԵՇԴ/0325/02/12: Սաս Գրուպն ընդդեմ Արամ Անտինյանի, քաղ. գործ ԵԱՔԴ/0395/02/12: Դատական ակտերին կարելի է ծանոթանալ www.datalex.am էլեկտրոնային էջում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter