HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞վ են Բալկանյան երկրների հանքերը նման և տարբեր հայկականներից

Ի տարբերություն Հայաստանի` Ալբանիայում և Մոնտենեգրոյում կառավարությունները վերահսկում են լքված պոչամբարները: Ալբանիայում անցած տարիներից ժառանգություն է մնացել 12, իսկ Մոնտենեգրոյում` 4 պոչամբար:

Հունիսի 12-ից 15-ը հանքարդյունաբերության ոլորտի հետ առնչվող ՀՀ նախարարությունների պաշտոնյաների և Ալավերդիում գործող «Անահիտ» կանանց աջակցության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցչական խումբն այցելեց Ալբանիա և Մոնտենեգրո` Բալկանյան երկրների հանքարդյունաբերության ոլորտի հաջողված փորձը տեղում ուսումնասիրելու նպատակով: Այցը նախաձեռնել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակը «Շրջակա միջավայր և անվտանգություն» նախաձեռնություն ծրագրի շրջանակներում: Խմբին ուղեկցում էր ծրագրի ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատասխանատու Արմեն Տիրատուրյանը:

«Շրջակա միջավայր և անվտանգություն» նախաձեռնություն ծրագիրը Բալկանյան երկրներում սկսվել է 2007թ.: Ծրագիրը ֆինանսավորվում են UNDP-ն և ազգային կառավարությունները, մասամբ նաև «Շրջակա միջավայր և անվտանգություն» նախաձեռնություն ծրագիրը:

Ծրագրի ղեկավարը և այցի օրակարգի հեղինակը ZOI բնապահպանական կազմակերպության ղեկավար Քրիստինե Շտուլբերգերն էր, ով էլ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հունիսի 12-ին ընդունեց Հայաստանից ժամանած խմբին:

Չորս օրվա ընթացքում խումբն այցելեց Ալբանիայի Ռեպս և Ռեշեն քաղաքների պոչամբարներ, Մոնտենեգրոյի Մոյկովաց քաղաքի կենտրոնում գտնվող պոչամբար, ապա Մոյկովացից 1000 մ բարձրության վրա գտնվող «Մոյկովաց» պղնձի փակ հանքավայր: Եղավ նաև Մոնտենեգրոյի ցինկ, կապար և արծաթ արտադրող «Շտուպնյա Ստիենա» (Suplja Stijena) հանքավայրում, հանքավայրի ներկա և նախկին երկու պոչամբարում:

Ծանր մետաղներ և այլ թունավոր նյութեր պարունակող պոչամբարներ մտնելիս խմբի անդամները չէին ապահովվում արտահագուստներով: Ծրագրի ղեկավարը լավ չէր ուսումնասիրել նաև խմբի աշխատանքային երթուղին, որի պատճառով էլ Մոյկովայից Բուդվա քաղաք տանող ոլորապտույտ ճանապարհը ավտոմեքենայով հատվեց գրեթե 6 ժամում, երբ նույն երթուղով կար 3,5 ժամ տևողող ավելի բարեկարգ ճանապարհ: Սա խմբի անդամների համար ստեղծում էր առողջական դժվարություններ:

«Շրջակա միջավայր և անվտանգություն» նախաձեռնություն ծրագրի երևանյան գրասենյակի պատասխանատու Արմեն Տիրատուրյանը այցի ընթացքում նշեց, որ թեև ծրագրի նպատակը հայ պաշտոնյաներին Բալկանյան երկրների հանքահումքային ոլորտի հաջողված փորձին ծանոթացնելն է, սակայն այցի օրակարգում նախատեսված չէր, որ Ալբանիայի և Մոնտենեգրոյի կառավարությունների ներկայացուցիչներն իրենց աշխատանքի հաջողված փորձի մասին տեղեկատվություն հաղորդեին հայ պաշտոնյաներին:

Վերջիններն ամեն կերպ ջանում էին տեղեկանալ Բալկանյան երկրների օրենքներին: Այս առումով հարցադրումներն ու հետաքրքրությունները փորձագետների մակարդակով ընթացող քննարկումների ընթացքում մնում էին անպատասխան:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը Բուդնա քաղաքում կայացած քննարկման ժամանակ ասաց. «Ալբանիայում մենք հարցի պատասխանը չստացանք, միգուցե օրվա ընթացքում մենք տեղեկանանք, թե ինչպես է Ալբանիայում գործում հանքերի շահագործման կարգը, մասնավորապես հանքավայրերի տարածքների հատկացումը ինչպես է համաձայնեցվում ՏԻՄ-երի հետ»:

Ծրագրի փորձագետ Ստյուարտ Վիլյամսը պատասխանեց. «Այս պահին ես չունեմ այդ տեղեկությունները, բայց կարող ենք հետո Ձեզ տրամադրել այդ տեղեկությունները ամեն երկրի համար»:

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած առաջին քննարկման ժամանակ ծրագրի ղեկավար Քրիստինե Շտուլբերգերն ասաց, որ Բալկանյան երկրներում հանքահումքային ոլորտի վտանգները վնասազերծելու համար ծրագրով ընդհանուր առմամբ ծախսվել է 12 մլն ԱՄՆ դոլար, որի կեսը օգտագործվել է հանքերի վնասազերծման վրա:

Այդ վնասազերծման ժամանակ աշխատանքներ են կատարվել աղտոտված ջրերը մաքրելու ուղղությամբ, և փորձ է արվել ավելի անվնաս դարձնել հանքերը: Ծրագիրը իր աշխատանքները սկսել է բոլոր տեղանքների հանքերի գույքագրումից:

«Քանի որ տարիներ շարունակ պոչամբարների և հանքերի վնասազերծման փորձ ունենք, այս այցի նպատակն է պարզել, թե այդ տարբերակները ինչպես կարելի է օգտագործել Հայաստանում: Հայաստանում շատ հանքեր կան, որոնք նույն խնդիրներն ունեն, ինչ Ալբանիայի հանքերը, օրինակ պոչամբարների հետ կապված խնդիրը, բաց հանքերի խնդիրը, աղտոտված ջրերի խնդիրը»,- ասաց Քրիստինե Շտուլբերգերնը:

Այս պահին Ալբանիայում հանքարդյունաբերության ոլորտում աշխատող ձեռնարկություններ չկան: Ծրագիրը ներառում է պոչամբարների կայունության ապահովումը, քանի որ աղետների հետևանքով այստեղ կարող են սողանքներ լինել: Պոչամբարները, բացի թթվայնությունից, պարունակում են մեծ քանակությամբ ծանր մետաղներ:

«Մեր հիմնական նպատակը եղել է այն, որ կանխենք պոչամբարների սողանքները: Որոշ տեղերում փորձում ենք պոչամբարների վերին շերտի ծածկույթ ապահովել, որպեսզի դրանց թունավոր նյութերը չկարողանան քամու միջոցով տարածվել»,- ասաց փորձագետ Ստյուրտ Վիլյամսը:

Ալբանիայի Ռեշեն քաղաքի պոչամբարի ռեկուլտիվացիայի համար UNDP-ն ներդրել էր 205 հազար 155 դոլար: Ռեպսի պոչամբարի անավարտ ռեկուլտիվացիոն աշխատանքների վրա թեև ծախսվել էր 200 հազար դոլարից ավելի գումար, սակայն սողանքի վտանգը այստեղ դեռ վերացված չէ: Փորձագետների խոսքերով` այստեղ դեռ աշխատանքները չեն ավարտվել, և ևս 60 հազար դոլար դեռ չի ծախսվել:

Մոնտենեգրոյի Մոյկովաց քաղաքի պոչամբարը գտնվում է քաղաքի կենտրոնում: Ռեկուլտիվացման աշխատանքները մոտենում էին ավարտին: Պոչամբարի 18 հա տարածքի վրա քաղաքի բնակչության համար կառուցվելու է առողջարանային կենտրոն:

Մոնտենեգրոյի «Շտուպնյա Ստիենա» հանքավայրը շահագործվել է 1934թ.-ից մինչև 1999թ.-ը: Արդեն մեկ տարի է, հանքը վերագործարկել է «Գրադիր Մոնտենեգրո» (Gradir Montenegro) ընկերությունը: Ընկերության գործադիր տնօրեն Գութ Լայալը պատմեց, որ այս պահին բաց հանքավայրում 80 հազար տոննա հանքաքար կա: Ընկերության` հանքավայրը շահագործելու ժամկետը երկարացվել է 20 տարով: Հանքի վերագործարկման նպատակով ընկերությունը ստացել է 30 հա անտառ հատելու իրավունք:

Գութ Լայալը խմբին ուղեկցեց կապարի նոր տեխնոլոգիաներով աշխատող ֆլոտացիոն արտադրամաս: Ըստ նրա` արտադրամասում ֆլոտացիան կատարվում է ցինկի և պղնձի սուլֆատով: «Եթե կատարենք ցիանիդով, արտադրությունը ավելի արդյունավետ կլինի»,- ասաց Գութ Լայալը:

Ընկերությունն այս դեպքում խուսափել է բնապահպանական վտանգներից: Ընկերության պոչանքների ընդհանուր տարածքը կազմում է 30 հա, սակայն պոչանքները լցված էին մեկ հա-ից պակաս տարածքի վրա: «Եթե ավելի մեծ տարածքի վրա լցնենք պոչանքներ, հետո չենք կարող ծածկել: Այդ պատճառով էլ մենք պոչանքների տարածքը օգտագործում ենք մաս-մաս: Ներկայում այդ տարածքը կազմում է 1 հա-ից պակաս»,- ասաց ընկերության գործադիր տնօրենը:

Որպեսզի պոչամբարի թունավոր նյութերը քամու միջոցով չտարածվեն, տարածքի վրա 7 օրը մեկ պոչանքներ են լցվում` պահանջված 15% խոնավությունը պահպանելու համար: Գութ Լայալը ներկայացրեց ընկերության կողմից ռեկուլտիվացիայի իրականացման նոր տեխնոլոգիան, ըստ որի` պոչանքների հարթեցումից հետո դրանց վրա լցվելու է խճաքար, վերջիս ծածկվելու է պոլիէթիլենային և ալյումինե թիթեղով, որոնք միմյանց միացվելու են մետաղական ձուլվածքներով: Թիթեղի վրա լցվելու է հումուս, և տնկվելու է անտառ:

«Թիթեղի մեկ հա-ի արժեքը կազմում է 82 հազար ԱՄՆ դոլար: Այս դեպքում պոչանքները 100 տարի մնում են հողից դուրս»,- ասաց Գութ Լայալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter