HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

VH Music-ը չկատարեց խոստումը, ոստիկանությունը նյութերն ուղարկեց քննչական բաժին

Այսօր Վարդուհի Հովհաննիսյանը, ով գնել է գերմանացի երգչուհի Սարա Քոնորի և հայ երգիչների չկայացած երևանյան համերգի տոմս, գնացել է ոստիկանություն, որպեսզի իմանա, թե ինչպես կարող է հետ ստանալ իր վճարած գումարը: Սակայն ոստիկանությունում Վարդուհուն ասել են, որ այցելի slaq.am կայք, որում գրված է, թե ինչպես պետք է վերադարձնել տոմսերը և հետ ստանալ վճարած գումարը:

Համաձայն slaq.am-ի` «VH music-ը մայիսի 1-ից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը պարտավորվում է մարել բոլոր պարտքերը»: Մինչդեռ մի քանի օր առաջ տուժած քաղաքացիներին գումարները վերադարձնելու բոլորովին այլ ժամկետներ էին նշվում:

Հիշեցնենք, որ չկայացած համերգի կազմակերպիչ VH Music ընկերության տնօրեն Վահե Հարությունյանը ոստիկանությունում պարտավորվել և գրավոր խոստացել էր տոմսերի գումարները վերադարձնել մինչև ապրիլի 10-ը: Իսկ ապրիլի 5-ին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն աշխատակից Արմեն Մալխասյանը «Հետքին» ասել էր, որ եթե VH Music-ը չվճարի, ապա «ապրիլի 11-ին արդեն իրավիճակը կփոխվի, և հնարավոր է` քրեական գործ հարուցվի` խարդախության հատկանիշներով»:

Այսօր Արմեն Մալխասյանն ասաց. «Կենտրոնականի հետաքննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում: Ինքը չի վճարել, դրա համար այդ նյութերը արդեն ուղարկվել են Կենտրոնի քննչական բաժին»:

Տոմսերն արժեցել էին 3-ից 30 հազար դրամ: Մարտի 5-ին կայացած մամուլի ասուլիսում Վահե Հարությունյանը հայտնել էր, որ դրամարկղերից վաճառվել է տոմսերի 25%-ը` 2000 հատ: «Վաճառված տոմսերի դիմաց VH music-ի պարտքն այս պահի դրույթամբ  կազմում է 19 մլն դրամ»,- slaq.am-ին ասել է VH Music-ի տնօրենը:

Մարտի 8-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք համերգին պետք է ելույթ ունենային Սարա Քոնորը, նաև Սիրուշոն, Արա Մարտիրոսյանը և «Օզոն» խմբի երգիչ Արսենին: Սակայն համերգը չկայացավ, քանի որ Սարա Քոնորը հրաժարվեց Հայաստան գալուց: Ինչպես նշել էր երգչուհու ներկայացուցիչ Թինա Կրուգը, «տեղական պրոմոտերը չի կատարել պայմանագրի կետերը և չի պահպանել հետագա պայմանավորվածությունները»:

Իսկ VH Music ընկերությունն անհասանելի դարձավ տոմս գնած քաղաքացիների համար: Ընկերության հեռախոսները չէին պատասխանում, իսկ Իսահակյան 28 հասցեում գտնվող գրասենյակը փակվեց:

«Ընկերությունը մայիսի 1-ից Երևանում կունենա իր նոր հասցեն, ինչի մասին կհայտարարվի slaq.am-ի միջոցով: Այս մասին slaq.am-ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտարարեց VH music-ի տնօրեն Վահե Հարությունյանը: Նա հերքեց ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, թե ինքը «փախած է» և չի պատրաստվում է մարել պարտքերը»,- հայտնում է slaq.am-ը:

Սակայն ի հակառակ Վահե Հարությունյանի հերքման` VH Music-ի` համերգի տոմսերի վրա գրած և հայաստանյան տեղեկատուներում գրանցված հեռախոսահամարները մինչև այժմ էլ չեն պատասխանում:

Մեկնաբանություններ (1)

Anush
Տվող լիներ գոնե մի հատ ճիշտ հասցե կունենար: Հա կամ էլ երեևի օգոստոսի 31 ա տալու :D :D :D

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter