HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Ջամպել ԴորՋե. Տիբեթի՝ ծագումով հայ վանականը

Բոլոր առցանց հարցազրույցների ընթացքում միակ փաստը, որ ինձ ուրախացնում է եւ միաժամանակ մտածելու տեղիք տալիս, աշխարհասփյուռ հայության մշակութային գործիչների եւ արվեստագետների հայկական ծագումը պարզելուց եւ առաջին անգլերեն նախադասությունը գրելուց հետո նրանց պատասխանն է. «Մենք խոսում ենք հայերեն. կարող եք հայերենով գրել»:

Նրանցից ոմանք արդեն «յան»-ով ազգանուն չունեն եւ ապրում են աշխարհի այս ու այն ակյունում՝ ստեղծելով իրենց ուրույն արվեստն ու միջավայրը: Նրանց հետ խոսելիս անպայման անդրադառնում ենք նաեւ իրենց արմատներին, Հայաստանում ապրած տարիներին ու գնալու պատճառներին:

Արթուր Աբաղյանին «հայտնաբերեցի» պատահաբար, երբ Բայկալ լճի համայնապատկերը ցուցադրող մի հրաշալի նկար գտա համացանցում:

Նրան որոնելու ընթացքում հասկացա, որ Մոսկվայում ծնված եւ փիլիսոփայություն ուսումնասիրած այս լուսանկարիչն այժմ բնակվում է Նեպալում:

Առաջին նախադասությունը գրեցի ռուսերենով, ասացի, որ ապրում եմ Հայաստանում, լրագրող եմ: Նախ զարմացավ, ապա միանգամից նշեց, որ հայերեն չի խոսում: Ասացի, որ դա խնդիր չէ, նկարներն ու կարճ պատմություններն ինձ հետաքրքրել են անչափ:

Ես խելագար յոգ եմ,- միանգամից գրեց:

… Հայկական ծագում ունեցող:

Ծնվել եմ Ռուսաստանում... Չնայած, նայած՝ որտեղից սկսես ծնունդիդ նկարագրությունը. կարելի է եւ այսպես. լինում է, չի լինում հեռավոր մի տիեզերք է լինում, ապրում էր ծերուկն իր պառավի հետ, եւ նրանք երեխաներ չունեին... Ու ես ծնվեցի Մոսկվայում: Աբաղյանների տոհմը (ռուս.՝ Aбагян) շատ հարուստ էր: Մինչ այժմ էլ պահպանվել է նրանց տունը Երեւանի կենտրոնում: Բացի դա՝ ես ռուսի, հրեայի եւ ուկրաինացու արյուն ունեմ: Այնպես որ, միայն մեկ քառորդ մասով եմ կովկասյան ազգությանը պատկանում:

Իսկ հիմա փորձում եմ հիշել, որ վաղուց հարցազրույց չեմ տվել՝ համեստությո՞ւն, ո՛չ, ադեկվատություն... Չգիտեմ:

Հիմա Նեպալո՞ւմ ես ապրում:

Այո, Լադախում՝ Լեխ քաղաքում: Վերջին երկու ամիսները թափառում եմ Կատմանդուում: Մեծ ծրագիր է: Այժմ երկու գիրք եմ պատրաստում, վիդեոհոլովակներ, որոնք վաճառելու եմ Հնդկաստանում եւ Նեպալում, իսկ գոյացած գումարը ներդնելու եմ բարեգործության համար: Հիմա դրանց վրա եմ աշխատում եւ կրկին դեպի սարեր...

Օրդ այդտեղ սովորական կերպով չի սկսվում՝ ուրբանիզացիայից հեռու...

Պառկում եմ քնելու առավոտյան 7-ին, արթնանում եմ 12:00-ին: Օրս սկսվում է ուրախությամբ, ուղղակի ուրախությամբ... Գիշերը բերկրանք է, ցերեկը՝ ուրախություն: Եթե պայմանները լավն են, կարելի է աղոթել մի քանի ժամ՝ գոնե երկու: Այնուհետեւ բուդդիստական ինչ-որ աղմկոտ արարողակարգ կատարել, օրինակ՝ խփել զանգերը, երգել տիբեթական... Բուդդիստների մոտ շատ են այսպիսի արարողակարգերը:

Ամեն դեպքում, արմատներդ, Մոսկվան... Իսկ հիմա ինչ, ներդաշնակությու՞ն:

Ծնվեցի, սովորեցի, աշխատեցի, հոգնեցի, եկա: Տիբեթյան վանական եմ մի քանի տարի:

Ի՞նչ ներդաշնակություն... Որտե՞ղ: Շուրջբոլորն ունայնություն է: Եթե վերջինիս կոնտեքստում, ապա շատ ներդաշնակ ունայնություն: Դատարկությունը շատ ձեւեր ունի. երբեմն ես փոխում եմ ձեւը՝ ինձնից ամիսներ են պահանջվում, երբեմն ավելի շատ: Բայց թող տանի կյանքիցս. մի մասին արդյունքն է հետաքրքիր, ինձ՝ ընթացքը:

Այսինքն՝ տեղ է, որտեղից կարելի է նկատել, որ գլոբալիզացիան, տեխնոլոգիան ոչինչ են...

Եթե կա այդպիսի տեղ, ասա մագլցեմ: Ես երբեք չեմ վազում. մեկ է՝ որտեղ կապրեմ: Միայն թե իմ կյանքը ուրիշներին օգուտ տա որոշ ձեւով: Թե չէ՝ կարելի է ընդհանրապես փակվել. աղոթելը միշտ էլ օգտակար է:

Եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ զբաղվել լուսանկարչությամբ, գրելով:

Ամեն ինչի փոխազդեցությունը ֆիզիկան վաղուց պարզել է: Եվ այդ ամենն անվանում են դատարկություն. ինքնագոյության եւ չգոյության բացակայություն: Սա՝ փիլիսոփայորեն: Իսկ եթե աչքերով եւ ուղեղով, ապա՝ ներդաշնակություն: Եվ մի ձեւով պետք է հարաբերակցվել: Այդ դեպքում ինչո՞ւ ուրիշներին հաղորդակից չդարձնել սեփական հիմարությանը... Ես փորձում եմ օգտակար լինել. լուսանկարների ընդհանուր սոուսի մեջ ինչ ասես՝ կարող է հայտնվել եւ հայտնաբերվել: Դատարկության գիտակցումը երբ եղավ, ես 16 տարեկան էի... Արտասվեցի:

Այնուամենայնիվ, մարդը դեռ տալիս է հարցեր, որոնց պատասխանները չկան կամ արտահայտվում են յուրովի:

Եթե ուշադրություն դարձնենք նրան, որ ամեն բան նկարագրվում է եւ հետո միայն բացվում տեսադաշտը, ապա մենք տարբեր ձեւերի հետ ենք բախվում: Ինչո՞ւ ես դու հիմա հարցազրույց անում ինձ հետ... Եւս հարց է: Հետաքրքի՞ր է իմ կյանքը: Եթե նայենք կողքից, ապա ինչ-որ առումով անհասկանալի աշխարհ է եւ կա, երբ կողքից ես նայում: Իսկ ներսում բոլորն ուզում են հարցադրում անել եւ անում են:

Հաճախ սուբյեկտիվ պատասխաններ են ստացվում...

Կարելի է գտնել մեկ հանճարեղ պատասխան եւ հետո ամեն ինչին նայել այլ կերպ, բայց դրա համար տարիներ են պետք: Ամեն ինչ հնարավոր է կոնկրետ վիճակում: Իսկ կան նաեւ աբստրակտ վիճակներ: 

Այս համատեքստում ի՞նչ կասես համաշխարհային գրականության մասին:

Կարդում էի դպրոցում: Հետո անցա փիլիսոփայությանը եւ կրոնի ուսումնասիրությանը: Հենց փիլիսոփայությունն է թույլ տալիս ինքնուրույն տեսնել եւ հասկանալ մեդիտացիայի իմաստը:

Չեմ ուզում այսքանով ավարտել մեր զրույցը, որովհետեւ լուսանկարչական շարքերդ եւ դրանց համապատասխան տեքստերը մեծ հետաքրքրություն են առաջացնում: Կարծում եմ՝ այս հարցազրույցից հետո առանձին կուսումնասիրեմ դրանք եւ կթարգմանեմ հայերեն:

Դրանք գրքի մասն են կազմում: Սիրով:

Շնորհակալ եմ, առայժմ:

Ջյուլլե, ջյուլլե:

Իսկ ի՞նչ է դա նշանակում:

Եվ շնորհակալություն, եւ խնդրեմ, եւ ցտեսություն: Ձեր՝ Ջամպել Դորջե: Սա իմ Ուսուցչի կնքած անունն է, որ թարգմանաբար նշանակում է. «Սեր եւ Ադամանդ»: Մի բան էլ, երբ Երեւանում էի շատ վաղուց, այն ինձ շատ էր դուր եկել:

Շարունակելի

Հ.Գ. Հարցազրույցի շարունակությունը ենթադրում է Արթուր Աբաղյանի լուսանկարչական շարքերից մեկի եւ համադրված տեքստի թարգմանություն:

Լուսանկարները՝ Արթուր Աբաղյանի արխիվից

Մեկնաբանություններ (1)

սէվ
Շատ լավ հա8ցազ8ույց է. կիսատ չթողնես... :)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter