HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Այսուհետ մշակույթի նախարարի մուտքը Գյումրի վտանգի տակ է

«Մշակույթի նախարարը չի կարողանալու հեշտությամբ մտնել Շիրակի մարզ եւ դուրս գալ: Նրա բոլոր հնարավոր պաշտոնական այցելությունները խափանվելու եւ տապալվելու են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոստացավ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, հավելելով, որ նա ինչքան շուտ գտնի, որ ինքը պետք է հրաժարական տա, այնքան լավ իր եւ հայոց մշակույթի համար:

Վերջերս Երեւան տեղափոխված Մինաս Ավետիսյանի որմնանկարների շուրջ ծավալված պայքարը, որում ներգրավված են նկարչի ժառանգները եւ մշակույթի նախարարությունը, շարունակում է զարգանալ: Նշենք, որ Մինասի երկու որմնանկարներ վերջերս տեղափոխվել են Երեւան, վերականգնվելուց հետո դրանք պետք ցուցադրվեն «Զվարթնոց» օդանավակայանի նորակառույց տերմինալի' մեկնման համար նախատեսված սրահում: Այս որոշման դեմ են հանդես գալիս գյումրեցիները, ովքեր պահանջում են Մինասի որմնանկարները վերադարձնել իրենց իսկական տերերին:

Նախարարությունն իր այս որոշումը կայացրել է` նկատի ունենալով, որ Գյումրիում աշխատանքները գտնվում էին չափազանց վատ պայմաններում: Սակայն նախաձեռնողները արտահայտում են իրենց վրդովմունքն` ասելով, թե ինչպես է, որ կառավարությունը 40 միլիոն դրամ գտնում է այդ նկարները վերականգնելու եւ կառավարական տանը ցուցադրելու համար, եւ չի գտնում այդ գումարը նկարները վերականգնելու եւ Գյումրի քաղաքում ցուցադրելու համար:

Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության քաղաքային նախաձեռնող խմբի անդամ Հասմիկ Մելքոնյանը նշեց, որ Գյումրիում Մինաս Ավետիսյանից մնում է ընդամենը երկու աշխատանք` մեկ եռանկար եւ մեկ ավերված որմնանկար: Նրան վրդովել է մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի այն խոսքը, որ Մինասի գործերը Գյումրիում շատ են: «Շատ ենք պատվիրել, շատ ունենք: Երեւանում դուք էլ պատվիրեիք, ունենայիք: Այդ տարիներին Մինասը կարող էր, չէ՞, Երեւանի որեւէ պատի վրա նկարել: Չեք պատվիրել, Լենինականը պատվիրել է»,- ասում է նա:

Անդրադառնալով գյումրեցի վանդալների մասին հայտարարություններին Լեւոն Բարսեղյանը նշեց, որ այդ տեղեկությունները սուտ են: «Վանդալներ ամենուր կան, եւ նկարների ինչ-որ մի մաս փչացած եղել են, բայց աչքերը փորելու մասին հայտարարությունները բացարձակ սուտ են: Երբ մեծանուն վանդալիզմ էր տեղի ունենում Երեւանում, հին Երեւանն էին քանդում, մշակույթի նախարարությունից որեւէ մեկը չէր խոսում, թե այնտեղ բետոնից ինչ-որ Հյուսիսային պողոտա են սարքում: Մեկ էլ հիշել են այս պահին, ու որոշել են այսպես արդարացնել իրենց վարքը»,- ասում է նա:

Հանձնախմբի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ Մինասի «Թել են մանում» եւ «Երկանք» որմնանկարները Արման Ավետիսյանը Գյումրիից Երեւան է տեղափոխել թաքուն, գաղտագողի այն ժամանակ, երբ իրենք ութ ժամ բանակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ երկու որմնանկարները Գյումրիում վերականգնելու եւ տեղում պահելու հարցերի շուրջ, որի արդյունքում նախարարության կողմից առաջարկվել էր կազմել պահանջվող քայլերի ցանկը: Այս մասին նշեց Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության քաղաքային նախաձեռնող խմբի անդամ Հասմիկ Մելքոնյանը, ով նույնպես մասնակցում էր հանդիպմանը: Նախարարությունում հանդիպումից հետո մշակույթի փոխնախարարը հեռախոսազանգով է տեղեկացրել, որ որմնանկարներն արդեն Երեւանում են:

Մինասի որմնանկարները Գյումրի վերադարձնելու կապակցությամբ ստորագրահավաք է կազմակերպվել: Ստորագրահավաքի կազմակերպիչները մտադիր են նաեւ կոչով դիմել Կառավարությանն ու վարչապետին: Նախաձեռնող խումբը վճռական է տրամադրված եւ պայքարելու են մինչեւ վերջ` համոզված լինելով, որ կառավարությունն ինչ-որ ելք է գտնելու Մինասի 4 նկարները վերադարձնելու համար:

Մեկնաբանություններ (1)

Իրական պատմություն
Ժամանակին Լոռվա հարուստ կալվածատերերից մեկը մի խեղճ գյուղացու բակում 2-3 վառեկ է տեսնում ու պահանջում մեկը եփել իր համար՝ պատճառաբանելով որ իր անհաշիվ հավերը համով չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter