ՓՄՁ-ները շահագրգռվա՞ծ չեն Կառավարության առաջարկով
Շուրջ 2 տարի է` ՀՀ Կառավարության հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում իրականացվում է փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորման ծրագիրը, սակայն մինչ օրս, ըստ պաշտոնական տվյալների, 21 ընկերության է աջակցություն ցուցաբերվել, որից մեկն էլ, ինչպես պարզեցինք, հրաժարվել է վարկից:
2008 թ. նոյեմբերի 12-ին, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում 2009 թ. պետական բյուջեի նախագծի շուրջ ելույթ էր ունենում, հայտարարեց գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման եւ խթանման նպատակով իրականացվելիք միջոցառումների մասին:
Նպատակ էր դրված` մեղմել Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը, ինչպես նաեւ` խթանել տնտեսական ակտիվությունը:
Տնտեսության իրական հատվածի զարգացմանը նպաստելու նպատակով ձեւավորվել էր Օպերատիվ շտաբ, որը պետք է քննարկեր մասնավոր հատվածից ստացված բիզնես նախագծերը, ինչպես նաեւ` որոշեր աջակցության ձեւաչափը:
Աջակցություն ստացած ընկերությունների թիվը, սակայն, Կառավարության կայքի տարբեր աղբյուրներում տարբեր է, տեղեկությունները եւս իրարամերժ են: Օրինակ` ՀՀ Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացման մասին ամփոփ հաշվետվության մեջ նշվում է, որ Օպերատիվ շտաբի կողմից դրական ընթացք է ստացել 14.1 մլրդ դրամ արժողությամբ 24 նախագիծ, ստացված գործարար ծրագրերի ընդհանուր թիվը հասնում է մոտ 300-ի:
Նույնանուն մեկ այլ փաստաթղթում` ՀՀ Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացման գործընթացի ամփոփ հաշվետվության մեջ (նոյեմբեր, 2009), նշվում է, որ Օպերատիվ շտաբի կողմից հավանության է արժանացել 14.1 մլրդ դրամ արժողությամբ 44 նախագիծ:
Կառավարության «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնի» պատրաստած հոդվածում նշվում է, որ Օպերատիվ շտաբի հավանությանն արժանացած 49 բիզնես-ծրագրերից 24-ում ֆինանսական ներարկումներն արդեն արդյունք ունեն:
Ինչպես երեւում է` խոստացված թափանցիկությունը Կառավարության կայքում տեղադրված հնացած տեղեկություններն են, որոնք ճշտելու համար դիմել էինք Կառավարությանը, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել:
Կառավարության առաջարկն այլեւս արդիական չէ՞
Երբ սկսեցինք ուսումնասիրել Օպերատիվ շտաբով անցած եւ դրական ընթացք ստացած կամ վարկավորված ընկերությունները եւ փորձեցինք ճշտել, թե ինչպես են օգտագործել Կառավարության աջակցությունը, արդյո՞ք ստացած վարկը ծառայել է նպատակին, պարզվեց, որ ցանկում ընդգրկված ընկերությունների մեծ մասը ոչ թե ստացել է, այլ կամ սպասում է, կամ ընդհանրապես չի ստացել, կամ էլ ետ է վերադարձրել:
«Թուֆենկյան հոսփիթալիթի» ընկերությանը Երեւանում հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով անհրաժեշտ է եղել 1 մլրդ դրամ ֆինանսական աջակցություն: Ընկերությունը դիմել է Կառավարությանը` ՓՄՁ-ների աջակցության ծրագրի շրջանակներում վարկ ստանալու ակնկալիքով:
Սակայն բանակցությունները տեւել են ավելի քան մեկ տարի, եւ այդ փուլում կողմերի միջեւ եղել է գրավի առարկայի, գնահատման եւ այլ հարցերի շուրջ անհամաձայնություն, իսկ երբ համաձայնության են եկել, առաջարկն այլեւս արդիական չի եղել, եւ ընկերությունը հրաժարվել է Կառավարության աջակցությունից:
«Այն տոկոսադրույքը եւ պայմանները, որ առաջարկում էին մեզ, արդիական էր այն ժամանակ` տնտեսական ճգնաժամի պայմաններում, բայց այժմ այդ առաջարկն այլեւս արդիական չէ,- մեզ հետ զրույցում ասաց «Թուֆենկյան հոսփիթալիթի»-ի ֆինանսական տնօրեն Ալբերտ Անտոնյանը:- Բանակցություններն ընթացել են 12 տոկոս դրույքաչափի շուրջ, որը 2009-ի մայիսի ճգնաժամի պայմաններում ընդունելի էր, իսկ հիմա 10%-ով է հասանելի, երկու կոմերցիոն բանկերից առաջարկ ունենք»:
Ալբերտ Անտոնյանն ասում է, որ եթե դեռ երկու ամիս առաջ գումարը հատկացված լիներ, կշարունակեին համագործակցել, թեեւ ծրագրի համար այլ միջոցների ներգրավման անհրաժեշտություն դեռ կար:
Բայց հասկացել են, որ վարկավորումը ժամանակ կխլի, ու որոշել են այլ ճանապարհով շարժվել` համագործակցել կոմերցիոն բանկերի հետ:
Ա. Անտոնյանը Կառավարության նախաձեռնությունը դրական է գնահատում, բայց կարծում է, որ ֆինանսական բնութագրիչների` ժամկետների եւ տոկոսադրույքի հարցերում վերանայելու խնդիր ունեն:
Ա. Անտոնյանի կարծիքով, այդ գումարները չեն կարող կոմերցիոն բանկերից ավելի լինել, եթե շուկայում կան 10 տոկոսադրույքով վարկեր:
«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանն էլ ասում է, որ «Թուֆենկյան հոսփիթալիթի»-ն պետք է գտներ ներդրման մնացած մասը, դրա համար էլ այդքան ձգձգվել է գործընթացը:
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բազալտե շինարարական իրերի` երեսպատման սալիկների, ծածկասալիկների, եզրաքարերի, սրբատաշ քարերի ու շիրմաքարերի եւ այլ իրերի արտադրության «Էլեն եւ Անի» ՍՊԸ-ն վարկը վերադարձրել է (սա վարկ ստացած 21 ընկերությունների ցուցակում էր):
Գործադիր տնօրեն Արմեն Անդրեասյանն ասում է, որ Կառավարությունից ստացած 12 տոկոսադրույքով եւ 5 տարի մարման ժամկետով 167 մլն դրամը բավական չի եղել իրենց ծրագրի իրագործման համար, անհրաժեշտ է եղել եւս 130 մլն-ից ավելի միջոցների ներգրավում, որը պետք է իրենք ներդնեին, բայց չեն կարողացել ապահովել, քանի որ ճգնաժամի պատճառով ապրանքի իրացումը կտրուկ նվազել է:
«Մենք վերցրել էինք, որ քարի արտադրությունն ընդլայնեինք, բայց քանի որ արտադրության 10 տոկոսը չէինք կարող իրացնել, ստիպված չընդլայնեցինք»,- ասում է Արմեն Անդրեասյանը: «Էլեն եւ Անի» ՍՊԸ-ն այժմ միավորվել է մեկ այլ ընկերության հետ:
Պետական աջակցությունից հենց սկզբից հրաժարվել էր նաեւ «Մեգա Արարատ» թեյի արտադրության ընկերությունը, որովհետեւ գումարի ստացման ժամանակ պարզվել է, որ պայմանները խոստացածից տարբեր են: Տնօրեն Մխիթար Մաթեւոսյանի խոսքերով` իրենց դա ձեռնտու չի եղել:
«Մեգա Արարատը» 46 աշխատատեղ ավելացնելու եւ արտադրությունը խթանելու բիզնես-ծրագիր էր ներկայացրել` 161 մլն ՀՀ դրամ ներդնելու ակնկալիքով:
Դրական ընթացք է ստացել նաեւ բնական յուղեր եւ սննդային հավելումներ արտադրող «Հագենաս» ընկերության ծրագիրը, որին, սակայն, մինչ օրս ոչ վարկ են տրամադրել, ոչ էլ ակնկալվող ներդրողներին են ներգրավել:
«Հագենասի» ներդրումային նախագիծը քննարկվել է եւ որոշվել, որ մոտ 85 տոկոս (12 մլն ԱՄՆ դոլար) ներդրումը կիրականացնի ներդրումային ընկերությունը, իսկ 15 տոկոսը` մոտ 2,1 մլն դոլար, ներդրում կանի «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն:
Հունգարական «Ուրալ-Դունայ» ընկերությունը ցանկություն է հայտնել ներդրում կատարել, սակայն, ինչպես ասում է «Հագենասի» տնօրենը, ներքին խնդիրների պատճառով սառեցրել է գործընթացը:
«Իմ կարծիքով` նա Հայաստանը համարեց ռիսկային գոտի»,- ասում է Խաչիկ Գեւորգյանը: Մինչ օրս «Հագենասի» տնօրենը սպասում է Կառավարության կողմից նոր առաջարկի, միաժամանակ մտածում նաեւ առեւտրային բանկերի առաջարկությունների մասին:
Տնօրեն Խաչիկ Գեւորգյանը չի դժգոհում, ասում է` Կառավարության ծրագրի շրջանակներում համագործակցությունը, այնուամենայնիվ, ստացվել է, եւ իրենք դեռ շարունակում են համագործակցել, Կառավարությունը մինչ օրս փորձում է ներդրողներ գտնել:
Խաչիկ Գալստյանը միայն ափսոսում է ծախսած ժամանակի համար: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իր ընկերությունը տարեցտարի աճ է գրանցել, նաեւ` ճգնաժամային տարում: Այս դեպքում էլ անհասկանալի է, թե ինչու է ընկերության ծրագիրը հակաճգնաժամային ծրարգրերի շարքում հայտնվել եւ դրական ընթացք ստացել:
Վարկավորման համար դիմել է նաեւ «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկան, որը տնտեսական ճգնաժամի եւ դրամի արժեւորման պատճառով գրեթե դադարեցրել է իր գործունեությունը:
Ընկերությունը, սակայն, պետական աջակցություն չի ստացել: Տնօրեն Սուրեն Բեգիրսկին մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց մերժել են, չնայած ներկայացրած բիզնես-ծրագիրը հավանության էր արժանացել: Մերժման պատճառների մասին չցանկացավ խոսել:
«Տոսպ» ԲԲԸ-ն ստիպված այլ ուղիներ է փնտրել եւ առեւտրային բանկերից վարկ ստացել: «Ցավում եմ կորցրած ժամանակի համար»,- ասում է Սուրեն Բեգիրսկին: Իսկ Արթուր Բադալյանն ասում է, որ «Տոսպ» ԲԲԸ-ն չի ֆինանսավորվել, քանի որ ռիսկայնությունը մեծ է եղել:
Քանի՞ ՓՄՁ է վարկավորվել
Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշել էր, որ ՓՄՁ-ների զարգացումը խթանելու նպատակով 350 մլն դոլարի վարկային ռեսուրսներ պետք է հայթայթվեին: Այդ նպատակով միջոցներ են ներգրավվել ՀԲ-ից, ԵԲ-ից, Ասիական բանկից եւ ՌԴ-ից: ՀԲ-ի տրամադրած 85 մլն դոլար վարկից 50 մլն դոլարն արդեն իսկ ուղղվել է ՓՄՁ զարգացմանը: ՌԴ վարկի միջոցներից` եւս 18.5 մլրդ դրամը: Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը տրամադրել է 17 մլրդ դրամ:
ՓՄՁ-ների ֆինանսավորման հիմնական գումարի մի մասը Կառավարությունը տրամադրել է առեւտրային բանկերին` ՓՄՁ-ների վարկավորման նպատակով, մյուս մասը տնօրինել է ՓՄՁ ԶԱԿ-ը, այնուհետեւ` 2009 թ. օգոստոսից մինչ օրս, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ին, որը, ըստ էության, զբաղվել է առավել փոքր ձեռնարկությունների վարկերով: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին եւ ՈւՎԿ-ին հատկացվել է համապատասխանաբար 3.7 եւ 6.4 մլրդ դրամ:
Այսպիսով, Օպերատիվ շտաբի հաստատած եւ վարկավորած 21 (20) ընկերություններից «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ն վարկ է տրամադրել 8-ին: Եվս 7 ընկերության ներգրավել է ՈՒՎԿ-ն: Իր տնօրինության տակ գտնվող 6.4 մլրդ-ից տեղաբաշխել է ընդամենը 1 մլրդ-ը, եղել է ավելին, բայց արդեն մարվել է:
Այս պահին 10 ծրագիր քննարկման փուլում է, որից 6-ը` վարկավորման, 4-ը` կապիտալի ֆինանսավորման, մոտ 32-ն էլ մերժվել է, որից 15-ը` Օպերատիվ շտաբի կողմից դրական ընթացք ստացածները: Նշենք նաեւ, որ Օպերատիվ շտաբում դրական ընթացք ստացած ծրագրերի հեղինակներից ոմանք չեն էլ ներկայացել` վարկավորման գործընթացը սկսելու: Այդպիսի 8 դեպք գրանցվել է ՈՒՎԿ-ում:
Մեկնաբանել