HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Ստեղծագործելու համար ամենալավ շարժիչ ուժը մահն է

Հունիսի 23-ին Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունենալու Էդուարդ Զորիկյանի 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգը: Համերգից առաջ նա խոսեց մեզ հետ 50-ամյակի իր զգացողությունների մասին:

Ինչո՞վ է այս համերգը տարբերվում մյուսներից:

Ճիշտն ասած` ես մտադրություն չունեի համերգով նշել 50-ամյակս, բայց ընկերներս գրեթե պարտադրողաբար կազմակերպեցին: Առաջին անգամ 45-ամյակիս էր, կրկին Վախթանգ Հարությունյանը համերգ կազմակերպեց: Այս անգամ էլ, ասացի` այ մարդ, ես ոչ հավես ունեմ, ոչ` ժամանակ, բայց ասացին` չէ, պիտի անենք: Համերգային ծրագրի մասին ես էլ քիչ բան գիտեմ, որովհետեւ տղաներն ինչ-որ անակնկալներ են պատրաստել: Մի երկու-երեք բան ականջի ծայրով լսել եմ, բայց դեռ չեմ հասկացել` ինչ է լինելու:

Ինձ ավելի շատ հետաքրքրում է Ձեր անձնական զգացողությունը. այս անգամ բարձրանալու եք բեմ, ու բոլորն անընդհատ պիտի նշեն, որ 50 տարեկան եք. չե՞ք հուզվում:

Չէ, չեմ կարծում, որ ինչ-որ բան փոխվում է… չնայած… հա, 50-ը մի քիչ այլ կերպ է հնչում, քան 49-ը: Բայց չմոռանանք, որ 51-ն էլ է ավելի թույլ հնչում, քան 50-ը: Մի բան գիտեմ հաստատ, որ բոլոր ընկերներիս հնարավորինս նվագակցելու եմ: Չեմ կարծում, որ վերածվելու է ինչ-որ մեծարման երեկոյի. «Բարդ» ակումբի նույն ջերմությունն ու մտերմությունը կպահպանվի:

Տարբեր տարիների տարբեր ստեղծագործություններ եք գրել. ստեղծագործական ո՞ր շրջանն եք առավել գնահատում:

Ես տարբերակում չեմ դնում, չեմ առանձնացնում, բայց մի բան հաստատ կարող եմ ասել… տարիներ առաջ ես մինինգիտով էի հիվանդացել եւ ականջի ծայրով լսել էի, որ դա բավականին բարդ հիվանդություն է: Հիշում եմ, որ բուժվելուց հետո սկսեցի արժեւորել կյանքի յուրաքանչյուր օրը: Ուզում էի հասցնել գրել, ձայնագրել այն, ինչ պիտի գրեի: Ինձ թվում է, որ մարդու ամենալավ շարժիչ ուժը ստեղծագործելու համար հենց մահն է… դրա գիտակցումը: Հասցրիր` հասցրիր, չէ` գնացքը գնաց… Ինչքանով ինձ է հայտնի` շահված գործը մահացու մեղքերի մեջ է, այսինքն` այն, ինչ քեզ տրվել է, պետք է հասցնես քո ուժերի սահմաններում տաս կյանքին: Դատարկ ապրելն ո՞ւմ է պետք. ստեղծագործությունն է ապրում:

Դուք խոսում եք տալու, ստեղծագործությունը մարդկանց հանձնելու մասին: Բայց ստեղծագործողն ինքն ի՞նչ է վերցնում դրանից, չէ՞ որ մարդը նաեւ էգոիստ է:

Ինքս էլ գիտեմ, որ էգոիզմ կա: Գիտեմ, որ արտիստի համար շատ կարեւոր է դահլիճում եղած հանդիսատեսի քանակը, նրանց ծափողջույնների, բրավոների եւ մյուս գնահատականների չափը: Բայց անկեղծ պիտի ասեմ, որ ես երբեք չեմ ձգտել համերգներ տալ, կազմակերպել: Իհարկե, բազմաթիվ համերգներ ունեցել ենք. գրեթե համերգասրահ չկա, որտեղ համերգ տված չլինենք, բայց միշտ բախտս բերել է. կողքիս եղել են ընկերներ, ովքեր զբաղվել են կազմակերպչական աշխատանքներով: Ուղղակի ինձ մոտ այդ պահանջը չի եղել համերգի, գնահատվելու: Հասկանում եմ, որ մարդ պետք է ձգտում ունենա բեմելի, բեմ դուրս գալու, բայց չգիտեմ, ես միշտ բավարարվել եմ գրելով: Գրեցի, դնում եմ պահարանում, եւ դա ինձ համար բավարար է:

Ի՞նչ եք երազում:

Ես միշտ զարմացել եմ, որ մարդիկ ինչ-որ երազանքներ են ունենում: Ես չեմ կարող ասել, որ երազանք կամ նպատակ եմ ունեցել կյանքում: Միշտ ապրել եմ այնպես, ինչպես ապրվել է. մի օր լավ, մի օր վատ, մի օր մենակ, մի օր ընկերներիս հետ մինչեւ լուսաբաց… գինարբուքներով: Չեմ էլ կարող ասել, որ ամեն ինչ ունեցել եմ. դա դրանից չէ: Ընկերներ ունեմ, որ բավականին ապահովված մարդիկ են, բայց դեռ նպատակներ ունեն: Գուցե ենթագիտակցությանս մեջ ինչ-որ երազներ եղել են, բայց ծրագրված նպատակներ երբեք չեմ ունեցել:

Որքանով տեղյակ եմ` Դուք նաեւ դրսում եք ապրել…

Ամենաերկար ժամկետը, որ ապրել եմ դրսում, 6 ամիսն էր` Գերմանիայում: Հետո շատ այլ տեղեր եմ կարճ ժամկետներով այցելել: Ես դրսում չեմ համակերպվում. թեպետ ամեն ինչ մարդու համար է: Ես միշտ հյուրի աչքերով եմ նայել այդ ամենին: Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր հյուրընկալվելով մեկի տանը` ամեն ինչ անում են, որ այդ տանն ապրեն: 15 օր, մեկ ամիս կարող եմ հյուր լինել, բայց 6 ամիսը շատ ծանր էր, ինձ համար չէր…

«Հուսո առագաստ» երգում այնքան բնական եք ներկայացնում ծովի ու ալիքի թեթեւությունը, կարծես հեղինակը ժայռապատ Հայաստանի բնակիչ չլինի:

Այդ երգը Արմեն Մովսիսյանի հետ եմ գրել` նվիրված «Կիլիկիա» նավին: Երգն անկեղծ էր, ինքնաբուխ, պատմություն ուներ, այդ պատճառով էլ սիրվեց: Ծովի մասին խոսելիս երեւի արմատներս են արթնացել: Հայրական կողմս պոլսեցի է` արեւմտյան կողմերից, մայրական կողմս` արեւելյանից:

Ձեր 50-ամյակին նվիրված համերգի հանդիսատեսն ո՞վ է լինելու:

Հաստատ գիտեմ, որ մի մեծ հատված ուսանողություն-երիտասարդություն է լինելու: Գալու է նաեւ «Ակումբի» հանդիսատեսը. նրանք այն մարդիկ են, ովքեր իրոք սիրում են հեղինակային երգը: Համերգը բավականին երկար է լինելու. գրեթե երկու համերգային ծրագրի չափ: Ամեն դեպքում, գալու են նրանք, ովքեր մնալու են մինչեւ վերջ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter