HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արևը չի ծագում և մայր մտնում նախագահներով և ընտրություններով

27.02.2012-ին հրապարակված «Բարենպաստ հնարավորության հասունացո՞ւմ. քաղաքացիական պետության արմատական սլացքը ճեղքում է քրեաօլիգարխիկ պետությունը»  վերնագրված հոդվածիս մեջ անդրադարձել եմ երկու էապես տարբեր ու իրարամերժ մշակութային մոդելների՝ մի կողմից քրեաօլիգարխիկ համակարգը, մյուս կողմից այն, ինչ Մաշտոցի պուրակում էր ծիլ տվել՝ քաղաքացիականը, իրավականը և սահմանադրականը: Սկսած ՀՀ առաջին նախագահից և ներառյալ երկրորդ ու երրորդ նախագահները՝ Հայաստանի պետական համակարգը սնանկացման, սպառման տենդով է առաջնորդվում: Այն բյուրեղացման պրոցեսների համար, որոնք ընթանում են անցյալ փետրվարից մինչև այսօր, շատ ուրախ եմ:

Այսօր հիմնախնդիրն անձերը չեն, ոչ էլ այն, ինչը կոչվում է ընտրական համակարգ, որը պարզ տեխնոլոգիա, գործիք և միջոց է և որը կարող է իր իմաստն ու էական առաքելությունն իրագործել միայն այն դեպքում, եթե ձեռնարկվում է սահմանադրականության ու քաղաքացիականության գաղափարների ու ստեղծագործ մոդելների կենսագործման ծիրում:

Այդ գաղափարների մասին մարդկային ու քաղաքացիական հասարակաց ընկալում և ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ձևավորելով, իր ստեղծագործական ներուժը զարգացնելով ու գործադրելով՝ մեր ժողովուրդը կկարողանա մշակել ու կենսագործել իրեն յուրահատուկ համակեցության մոդելները, որոնք կապահովեն նրա ազատ, արդար ու սոլիդար ստեղծագործ գոյությունը: Իսկ այնուհետ դրանց հիման վրա նա ընդունակ կլինի կառավարիչներ ընտրելու տեղական ու համապետական մակարդակներում:

Ներկայումս հայ ժողովրդի ու հասարակության կենսական հիմնախնդիրը, քննարկումների ու ստեղծագործական գործընթացների սիրտն ու միտքը՝ ոգին, մարդկային ու ազգային հոգևոր-մշակութային արժեքների ու ժառանգության գիտակցումն ու վերիմաստավորումն է, սահմանադրականության ու քաղաքացիականության գաղափարների ընկալումն ու պատկերացումը և համակեցության այնպիսի որակական մոդելների ստեղծումն ու կենսագործումը, որոնք էությամբ տարբեր են ներկա քրեաօլիգարխիկ մոդելից:

Անհրաժեշտ է հիմնախնդրիներն ըստ իրենց էական կարևորության դասակարգել ու ըստ այդմ էլ վարվել: Այդ իմաստով, պետականաշինության և հասարակաշինության օրակարգերի հիերարխիայում ընտրությունները ներկայումս ածանցյալ, ոչ կենսական տեղում պետք է լինեն, քանի որ դրանք միջոցի կարգավիճակ ունեն: Հակառակ սրան՝ Հայաստանի անկախությունից ի վեր ընտրությունները բերվում են առաջնային ու կենսական օրակարգ: Ուստի տեղի է ունենում էներգիայի ու ներուժի սպառում, քանզի գաղափարների և մոդելների ստեղծագործական պրոցեսներով զբաղվելու փոխարեն բոլորը հիմնականում զբաղված են տարբեր տեխնոլոգիաների փորձարկումներ կատարելով: Նշանակում է` տեխնոլոգիան դարձել է առանցք, այնինչ այն մակերեսային և երկրորդական խնդիր է:

Մեր իրական, խորքային խնդիրը սահմանադրականության գաղափարի շուրջ ստեղծագործական գործընթացներ զարգացնելն է, ինչը մենք իբրև հավաքականություն կենսագործեցինք Մաշտոցի պուրակում, շատ նմուշային և շատ փոքր մակարդակում: Որոշ ժամանահատվածում մարդկանց միտքն ու սիրտը բաբախեցին մի ռիթմով ու համահունչ, սակայն գաղափարի պատկերացումը, այդ պատկերացման հոգևոր-մշակութային ներուժը  սահմանափակ էր. Մաշտոցի պուրակում պայքարող հավաքականությունը կարողացավ պատկերացնել, ձևակերպել միայն հանրային տարածքի՝ այգի դառնալը:

Նա ի զորու չեղավ հոգևոր-մշակութային ավելի բարձր թռիչք կատարել, և հետևաբար չհաջողվեց համընդհանուր միասնական պատկերացում ձևավորել սահմանադրականության շուրջ, որակապես առողջ մշակութային ու սոցիալական համակեցության մոդելի մշակման ու իրագործման շուրջ:

Դրա համար էլ շեշտում եմ, որ Մաշտոցի պուրակի պայքարը մնում է ծիլ ու նմուշ զուտ այնքանով, որքանով քաղաքացիականության իմաստով և ազատության հոգևոր ոլորտում այն որոշ տարրական մակարդակի թռիչք արձանագրեց, սակայն անհատական և հավաքական/համազգային մակարդակներում ավելի բարձր թռիչքի ներուժ չունենալով՝ այդ ծիլը մոլորության մատնվեց և կամ գործող ոչ առողջ արժեհամակարգի ու հետադիմական (ռեակցիոն) մշակութային կարծրատիպերի վերարտադրման առիթ տվեց:

Դրա համար էլ գործընթացներն անկում ապրեցին, և ներկայումս վերականգնումն ու նոր թռիչքը դանդաղում են, սակայն բյուրեղացումը շարունակվում է, և անկախությունից ի վեր տիրող համակարգի փլուզման պրոցեսն անդառնալի է: Ազատագրված մարդը բոլոր հարթություններում՝ իր անհատական կյանքում, պայքարների գործընկերների հետ հարաբերություններում ու տարբեր հանրույթների մեջ, իր լինելիությամբ և էությամբ ՇԻՆԱՐԱՐ է, նա առողջ արժեքների կրողն է, որոնց մասին խոսում է: Նա մշակութային գործոն է: Այդ իմաստով, իր դրական ոգով, ստեղծագործականությամբ ու շինարարությամբ նա վերափոխում է եղածը, առողջացնում ու բյուրեղացնում այն:

Եթե մարդու մոտ կա երկակիություն, եթե այն, ինչ նա հնչեցնում է, չի համապատասխանում նրա էությանը, վարքագծին ու արժեքներին, ապա նա էապես չի տարբերվում այն համակարգից, որի դեմ իբր պայքարում է. գուցե մարդու էգոն շոյում է համարել իրեն ազատ մարդ կամ ինքնորոշված քաղաքացի, նա հայտարարում է, որ պայքարում է հանուն ազատ ու ինքնորոշված պետականության, հանուն արդարության, սակայն իրականում իր անհատական և հավաքական էությամբ ու լինելիությամբ նա ոչ պատկերացնում, ոչ կրում և ոչ էլ սնում է ազատությունը:

Ընդհակառակը, տեսնում ենք թույն, էգոների մրցակցություն, «իմ ու քո» բաժանում, նախանձ և անարդարություն, բացառում, ամենուր թշնամիների ու պատերազմների փնտրտուք: Նման հոգեվիճակով ու վարքագծով անձինք ու խմբավորումներն իրականում վերարտադրում են այն նույն արժեհամակարգն ու համակարգը, որը մերժելի են հայտարարում, և նույնիսկ ներկա փլուզվող համակարգում եղած անձանց տեղը գալու դեպքում որակապես էական խորքային փոփոխություն գեներացնելու ոչ ներուժ, ոչ էլ ընդունակություն չունեն:

Եթե մենք կարողանանք զարգացնել մարդկային ու ազգային արժեքների գիտակցությամբ և սահմանադրականության գաղափարի իմաստով տարբեր ԱԶԱՏ օջախներ, եթե զարգացնենք այդ օջախների փոխադարձ ներթափանցման ու ներգործության խաչմերուկները՝ մշակութային, գիտական, արվեստի, քաղաքացիական, քաղաքական ոլորտներում, եթե կենտրոնանանք դրական ու լուսավոր ստեղծագործականության շուրջ, ապա նոր որակի համակեցության մոդելներ կստեղծենք, որոնք կերաշխավորեն մեր անհատական, պետական ու ազգային ապահովությունն ու զարգացումը:

Մեր խնդիրը մեր ազատ, արդար ու սոլիդար, ստեղծագործ համակեցության առողջ մոդելներ ստեղծելն է: Եթե ընդունակ չենք նման գործընթաց տանելու, ապա պետք է գիտակցենք, որ մեռելի մահը՝ ներկա տիրող համակարգի փլուզումը, երկարաձգում ենք և նպաստում այդ համակարգի կամ նույնորակ մի այլ համակարգի վերարտադրությանը՝ գուցե այլ անվամբ ու այլ մարդկանցով: Իսկ երբ փչացող ու արդեն գերեզմանում գտնվող համակարգի դեմ ես կենտրոնացնում քո ստեղծագործական ներուժը, անգիտակից կամ գիտակից կերպով այն անընդհատ արծարծում ես, օրակարգում ես պահում և բզբզում ես, ապա վերակենդանացնում ես նրան և խորքում վերարտադրում ես նույն որակի մեկ այլ բան:

Ոգով ու էությամբ ՇԻՆԱՐԱՐԸ (ամեն իմաստով և մանավանդ մարդակերտման, հասարակաշինության, պետականաշինության ոլորտներում), գիտակից ու ազատ մշակութային գործոնը, քաղաքական արվեստագետը հիմնականում իր հոգևոր-մշակութային ներուժը սևեռում է ՍՏԵՂԾԵԼՈՒ և ԱՐԱՐԵԼՈՒ վրա` իր ամենօրյա ԿՅԱՆՔՈՎ՝ հենց իր էության ու լինելիության հանգամանքով ու հզոր ուժով և ապա իր հմտություններն ու գիտելիքները կենտրոնացնելով այդ շինարարական գործունեության վրա:

Այդ դրական ոգին և հոգևոր-մշակութային ուժը, զուգորդվելով մտավոր ուժի հետ (գիտելիք, հմտություն) հակակշռում է իրեն էապես հակադիր, բայց իրենից ավելի ցածր ու քանդիչ ուժ ունեցողներին ու համակարգերին շինարարությամբ, ոգու և մտավոր ուժի անհամեմատելի հզորությամբ, առանց ԴԵՄ կանգնելու կամ հակազդելու մոլորությունների մեջ մտնելու, որոնք իրականում  միայն շեղում և թուլացնում է իր սեփական շինարարական ուժն ու թռիչքը:

Դա կարող են անել այն մարդիկ և խմբերը, ովքեր ներքին հոգևոր ինքնաշխատությամբ անընդհատ իրենց ազատագրում են իրենց ներքին ու նաև արտաքին արատներից, ովքեր գիտակցություն ու կամք ունեն՝ ապրելու և կյանքը իմաստավորելու ազատության ու ազատագրման հարթության մեջ` ներդաշնակ բնության ու տիեզերքի հետ:

Նրանք փորձում են բազմակողմանիորեն ճանաչել ու ընկալել իրականությունը, նաև իր ամբողջ դաժան ու արատավոր իմաստով, ընկալել այն, ինչքան էլ տառապալից ու դժվար լինի, բայց հաշվի նստել այդ իրականության հետ և դրանից վեր բարձրանալով՝ մտքում ու սրտում պատկերացնել գեղեցիկը, ձևավորել, մշակել, սնել ու կենսագործել այն վերափոխված իրականությունը, որը պիտի լինի:

Հայ իրականության ազգային ու քաղաքացիական գործոնները դեռ նոր են մուտք գործում ազատության հոգևոր տարածք և դեռևս ծիլեր են: Նրանք կարող են աճել, եթե հիմնականում սնվեն ու ինքնիրացվեն իբրև ազատ ու ստեղծագործ հոգևոր-մշակութային գործոններ, թե անհատական և թե հավաքական հարթություններում: Այդ Ռուբիկոնն անցնելով է, որ սրտերն ու մտքերը սկսում են նույն ալիքի վրա բաբախել և կենսագործում են այն, ինչն անկարելի ու անհավանական է թվում ստամոքսայինով ու նյութականով ապրող մարդկանց ու հավաքականությունների համար: Այստեղ են հրաշքները:

Հերթական այս ընտրություններն էլ կանցնեն: Եթե առողջ ուժ ես, քրեաօլիգարխիկ ուժերից էապես տարբերվում ես արժեքային ու հոգևոր-մշակութային իմաստով, մտածում ու գործում ես որակական տարբերության շուրջ, քո էությամբ կարողանում ես ազատատագրվել ամեն տեսակ կարծրատիպերից ու բացասական սխեմաներից: Եթե խոսում ես ազատությունից, եթե խոսում ես ազատ ընտրություն կատարելու մասին, պետք է կարողանաս  յուրաքանչյուր քայլիդ դա անել:

Հայ մարդու ու հասարակության համար բարդ ու դիսկոմֆորտային է դարձել՝ վեր կանգնել ու թռիչք կատարել, նա ստամոքսի մակարդակից չի բարձրանում, մինչդեռ հարցերը ստամոքսային մակարդակով լուծել հնարավոր չէ, մարդն ու ազգը զուտ ստամոքս լցնելու հարց չունեն, կյանքի իմաստը դրանում չէ: Մարդը, ազգը իր երևակայության ընդունակությամբ ու ներուժով պետք է հաշվի նստի իրականության հետ և վեր կանգնի այդ իրականությունից, կերտի ազատը, արդարն ու սոլիդարը:

Եթե մարդը կամ ազգն անընդհատ փրկիչ փնտրի, խնդիրները իրենց դուրս տեսնի, թշնամիներ փնտրի, զոհի կարգավիճակով «յոլա գնա ու մունաթով ապրի»՝ դժգոհ, պարտավորված, թունոտ ու դառնացած, ապա նա կյանքի երջանկությունից որևէ բան չի ճաշակի: Ստամոքսից պետք է դուրս գալ այլ մակարդակի, պետք է թռիչք ապրել՝ օգտագործելով հոգևոր, մտավոր ներուժը, կոշտ ուտելիքից ու նյութից բացի և դրանից ավելի՝ սնվել ու ստեղծագործել գեղեցիկով, հոգևորով ու մշակութայինով: 

Արևը չի ծագում և մայր մտնում, աշխարհը չի սկսվում ու ավարտվում Սերժ Սարգսյաններով և ընտրություններով, Հայաստանը և հայ ժողովուրդը հոգևոր-մշակութային խաչմերուկներից են եղել և վերականգնելու են այդ դերն ու կարգավիճակը: Այսօր պետք է արժևորել կյանքը, ընտրել հայրենիքը, փորձել բաբախեցնել անհատական ու հավաքական միտքն ու սիրտը՝ ոգին, բարձր ստեղծագործական ալիքի վրա և մենք կստեղծենք մեզ երջանկացնող, մեր կյանքն իմաստավորող ազատ, արդար ու սոլիդար նոր ինքնքուրույն համակեցության մոդելները:

Ես դեռևս չգիտեմ, թե որոշակի ինչ ֆորմատ կունենան մեր համազգային համակեցության նոր որակի մոդելի պարամետրերը, ես համոզված եմ, որ քաղաքացիական, իրավական, սահմանադրական գաղափարների ստեղծագործման արդյունքում էապես այլ համակեցության ձևաչափեր կձևավորենք ու կկենսագործենք, որոնք ոչ կրկնօրինակություններ կլինեն, ոչ էլ կապկված կլինեն ուրիշներից՝ վերցնելով զուտ ձևականը և ոչ խորքայինը: Համազգային ինքնուրույն առողջ որակական  մոդելը, որը մենք ստեղծում ենք, մեր հոգևոր-մշակութային աղբյուրից է բխելու և դրանից է սնվելու, որի մեջ մենք մեզ ազատագրված ու ինքնիրացված ենք ճանաչելու և հենց այդ կարգավիճակով էլ նպաստելու ենք համամարդկային զարգացմանն իբրև մարդ-անհատներ և հայ ազգ:

Արմինէ Առաքելեան
ՄԻԺԻ-ի հիմնադիր, քաղաքագետ, միջազգային իրավաբան
Երևան, 5 փետրվարի, 2013թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter