HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեղրիում հէկ կկառուցվի, արժեքը՝ 300-330 մլն դոլար

Ազգային ժողովում քննարկվում է 2011 թվականի դեկտեմբերի 23-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:

Նախագիծը խորհրդարանում ներկայացնում է էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը: Նրա ասելով՝ Մեղրիում եւ Իրանում կառուցվելու են երկու հէկ՝ 800 կվտ/ժամ հզորության:

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել Մեղրիի հէկի շինարարությունը՝ դրա դիմաց ստանալով էլեկտրաէներգիա: Ներդրած գումարը հետ բերելուց հետո հէկը անհատույց հանձնվելու է Հայաստանին: Ներդրումների վերադարձը պայմանագրով նախատեսված է 15 տարի, իսկ կառուցման ժամկետը 5 տարի է:

Հայկական կողմն էլ պարտավորվում է մի շարք թույլտվություններ տալ կառուցող ընկերությանը եւ տալ մաքսային ու հարկային արտոնություններ:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին հետաքրքրում էին բնապահպանական խնդիրները, բացի այդ՝ նա հետաքրքրվեց հէկի կառուցման արժեքով:

Փոխնախարարը նշեց, որ մտահոգվելու առիթ չկա, քանի որ ուսումնասիրվել են բնապահպանական խնդիրները: Ըստ փոխնախարարի՝ բնապահպանական թողքը 18 խմ/վրկ է լինելու, ինչը միջազգային նորմերով ընդունված չափաքանակ է:

Ինչ վերաբերում է հէկի շինարարությանը, ապա 2010 թ. տվյալներով այն կարժենա 300-330 մլն դոլար:

Պատգամավորին հետաքրքրում էր նաեւ անվտանգության խնդիրները՝ կապված ադրբեջանական ոտնձգություններին: Արա Սիմոնյանը նշեց, որ անհանգստանալու առիթ չկա, քանի որ Նախիջեւանում գտնվող ջրամբարը շահագործում են Իրանը եւ Ադրբեջանը համատեղ ուժերով, եւ Հայաստանի գործընկեր Իրանն այս դեպքում ունի բոլոր լծակները ադրբեջանական ոտնձգությունները չեզոքացնելու գործում:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովում մանրամասն քննարկել են հէկին վերաբերող հարցը եւ խորհրդարանին խնդրեց կողմ քվեարկել համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter