HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բաց նյարդով աբստրակցիոնիստ նկարչուհին. Մոկո Խաչատրյան

1991թ. գեղանկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը Երեւան էր եկել ցուցահանդեսով` նոր ոճի նկարներով...Ի պատասխան շատերի զարմանքի` ասել էր. «Մենք իրականությունը սոսկ վկայող չենք. մենք ստեղծում ենք մի աշխարհ, որը նույնքան իրական է, որքան հենց ինքը`իրական աշխարհը»:

Ռուդոլֆ Խաչատրյանն աղջկան` Մարիամին, երկու տարեկանում Մոկո անվանեց: Իսկ հետո նկարեց այս նկարը (տես` «Մոկո») եւ կրկին հաստատեց իր կողմից տրված անունը:

Եվ հիմա պետք է զրուցեմ նկարչուհու հետ, ում մասին գրում են՝ մշտապես հիշատակելով հորը` Ռուդոլֆ Խաչատրյանին: Նա Հայաստան տեղափոխվեց հոր մահից հետո եւ շարունակում է ստեղծագործել Մոկո Խաչատրյան անունով:

Արվեստագետը, կարծում եմ, արդեն վաղուց առանձնացրել է իր եւ հոր արվեստը: 

Ռուդոլֆ Խաչատրյան, «Մոկո»

Առաջին հարցը գուցե մի քիչ տարօրինակ թվա, բայց հակված եմ դրանից սկսելու: Ձեր գիտակցական կյանքի առաջին պահից մինչ այս պահը, երբ սկսեցիք գրել ինձ, եթե մեկ պարբերությամբ նկարագրելու լինեք՝ ո՞վ է Մոկո (Մարիամ) Խաչատրյան արվեստագետը:

Միայն այն, որ հայրս Ռուդոլֆ Խաչատրյանն էր, շատ բան է ասում, թե ինչպես ընթացավ իմ կյանքի ուղին. ես վաղ հասակից պտտվել եմ արվեստի հոգեւոր աշխարհում, որը շատ բարդ, բայց նաեւ շատ հետաքրքիր, անսպասելի է...

Եվ անցել եմ նույն ուղին` հասկանալով, որ դա այն է, առանց որի ապրելն անիմաստ է`իմանալով, որ շատ դժվար ճանապարհ պիտի անցնեմ եւ նաեւ հասկանալով, որ կին եմ:

Բայց երբ հետ եմ նայում, երջանկանում եմ եւ չեմ զղջում ոչ ձեռքբերումների, ոչ կորուստների համար...Այդ ամենն ինձ ուժեղացրեց որպես արվեստագետ եւ որպես անձ:

Եվ աբստրակցիան միա՞կ ձեւն էր այդ ամենից գլուխ հանելու: 

Գիտե՞ս` ես աբստրակցիային եկա կամաց-կամաց...Սա մի ուղղություն է արվեստում, որտեղ նկարիչը լրիվ մերկացնում է հոգին, բացվում` անսպառ եւ տանում ամենատարբեր ֆանտաստիկ վիճակների:

Եվ շատ կարեւոր է, որ աբստրակցիայի մեջ ստել չես կարող. ամեն մանրուք երեւում է եւ շատ վտանգավոր է. դրան պետք է զգուշությամբ հասնես: Այլ կերպ ասած` յուրաքանչյուր աբստրակտ նկարի մեջ երեւում է նկարչի հոգեւոր անձ լինելը, ինտելեկտը: 

Աբստրակցիան ամբողջական մտքի վերջնակա՞ն արդյունք է:Եթե այդպես է, ստացվում է, անկյուններ ունի միտքն ազատ թողնելու, որը հնարավոր է նաեւ շատերի կողմից չընկալվի, կեղծ թվա: 

Հենց դրա համար եմ ասում, որ աբստրակցիայում կեղծիքը շատ շուտ է երեւում եւ դրանից է, որ հազարավոր մարդիկ զբաղվում են աբստրակցիայով, բայց եզակիներն են իսկապես նկարիչ կոչվում:

Դեռ մեր զրույցի սկզբում առանձնացրեցիք կին-արվեստագետ լինելու դժվարագույն հանգամանքը:Հաճախ են կանանց թերահավատորեն վերաբերվում արվեստի եւ գիտության ոլորտում: Կարծես փաստերն էլ հօգուտ դրա չեն խոսում:Մայրանալու, ընտանիքի կին լինելու հանգամանքներն արդյո՞ք տարրալուծում են այն էներգիան, որը կարող էր ներդրվել նոր գաղափարի, ապա՝ նկարի մեջ: 

Իհարկե: Կին արվեստագետ լինելը շատ դժվար է, բայց նաեւ հետաքրքիր, երբ մրցության մեջ ես տղամարդ արվեստագետների հետ: Շատ ուժեղ պետք է լինես, որ կարողանաս չկոտրվել եւ հաստատել քեզ որպես լուրջ արվեստագետ: Ինձ համար նաեւ շատ դժվար է եղել այն առումով, որ հետեւումս մի մեծ անուն կար` Ռուդոլֆ Խաչատրյան...Այլ ընտրություն չունեի` պետք է լինեի լուրջ նկարիչ եւ ոչ հորս կրկնելով, այլ անցնեի իմ ճանապարհը, համոզեի եւ՛ ինձ, եւ՛ միջավայրին, որ առանձին արվեստագետ եմ, ոչ թե շողքի տակ եմ ստեղծագործում:

Ինչ վերաբերում է մայրությանը...Իսկապես 10 տարի չեմ նկարել. այդ ժամանակ փոքրիկ մահ էի ապրում. կուտակվել էին մտքեր, գաղափարներ, ապրումներ եւ չէին իրագործվում: Եվ ես կործանվում էի հոգեպես: Հայրիկիս մահից հետո Մոսկվայից տեղափոխվեցի Երեւան եւ 5 տարվա մեջ արեցի այնքան, ինչ չէի արել 10 տարվա ընթացքում: Սովի նման մի բան էր...Եվ հիմա եմ հասկանում, որ պատահական ոչինչ չի լինում: 

Մոկոյի աշխատանքները

Ուսումնասիրելով Ձեր աշխատանքները` չեմ կարողանում եզրեր գտնել: Սուպրեմատիզմի հիմնադիրը լինելով՝ Մալեւիչը երկրաչափական պարզագույն մարմիններով ստանում էր կտավներ, որտեղ պարզության մեջ, կարծում եմ, հավասարեցնում էր բնությունն ու մարդու ստեղծածը: Պարզի միջոցով ցույց տալով բարդագույնը՝ նա կարողացավ ցույց տալ նաեւ բարձրագույնը` սուպրեմատիզմի հիմքը դնելով: Ձեր աբստրակցիան զուրկ է մարմիններից. այն ամբողջական է`առանց սահմանների, բայց ավարտուն միտք է...Այդպե՞ս է: 

Ես Մալեւիչին լրիվ ուրիշ կերպ ընկալեցի, երբ առաջին անգամ Փարիզում տեսա: Դա մի ուրիշ զգացողություն էր. ես կողքի նկարներն այլեւս չէի տեսնում: Թվում էր` նա ինձ տանում է անսահմանության, սարսափ կար մեջս. դա հենց այն էներգետիկան է, որը նկարիչը, անկախ իրենից, վերարտադրում է կտավի վրա:

Այո, ճիշտ ես նկատել` ես ուրախ մարդ չեմ. իմ մեջ կա տրագիզմ, դրամա, շատ անգամ ավելի, քան պետք է: Չափից ավելի էմոցիոնալ լինելով եւ ամեն ինչին տրվելով մինչեւ վերջ, վերապրելով եւ հասնելով ծայրահեղին` ես այրվում եմ, ամեն նկար ստեղծելիս վերապրում եմ փոքրիկ մի մահ եւ հետո նորից ծնվում, շարունակում ապրել:

Սա այն դեպքն է, երբ լրիվ ցուցադրում եմ վիճակս, իմ` կյանքի հանդեպ ունեցած զգացողությունը…Եվ շատ հաճախ բարդ է նույնիսկ ինքս ինձ հասկանալը:

Դա է իմ արվեստի հոգեբանական վիճակը. վիճակ, երբ հասկանում ես, որ անզոր ես, հասկանում ես, որ ամեն բան անցողիկ է, երբ դու սիրում ես եւ լավ իմաստով խճճում ես մարդկությանը, որը պայքարի մեջ է մտնում ցանկացած օր եւ՛ իր, եւ՛ մարդկության հանդեպ:

Ես սիրում եմ այդ ամենը…Դա է կյանքը, եւ մեծ երջանկություն է, երբ դու արվեստագետ ես եւ կարող ես ամենը վերապրել ու ցուցադրել մարդկությանը:

Զարմանալի է...Ես էսպես երբեք խոսքով չեմ անկեղծացել...Այո, դիտարկմանդ հետ համաձայն եմ: Ուրեմն տեսել եւ հասկացել ես արվեստս: 

Աբստրակցիան հնարավորություն տալի՞ս է ամբողջությամբ ազատություն տալ գաղափարին, թե՞ միտքը, այնուամենայնիվ, սահմաններով է ձեւափոխվում: 

Իհարկե, աբստրակցիան նկարչին ազատում է ամեն վիճակից, բայց դրան զուգահեռ ամեն բան ազդում է նկարչի հոգեբանական վիճակի վրա...Այլապես անհեթեթ կլինի: Եվ արվեստագետը վերապրում է, անցկացնում իր միջով (դա վերաբերում է ամեն ինչին) եւ հետո վերարտադրում այն ամենն, ինչ հետք է թողել իր վրա եւ չի թողնում մնալ հանգիստ ու շարունակել գոյատեւել: 

Հետաքրքիր է «գոյատեւել» բառի կիրառումը:Կարո՞ղ եմ ասել, որ Ձեր գոյություն ունենալու տեւողությունը` կյանքը, նկարչությամբ է պայմանավորված, այն պրոցեսով, որը նկարագրեցիք: 

Բոլոր պարագաներում մենք գոյատեւում ենք, քանի որ գոյություն ունի մահ, եւ գիտե՞ս` արվեստագետն ավելի սուր է զգում վերջինիս գոյությունը, քանի որ զգայարանները չափազանց լարված են եւ զարգացած:

Իմ գոյություն ունենալը միայն նկարչությամբ չի պայմանավորված. գոյություն ունի սեր, մարդկային հարաբերություններ, բնություն, գրականություն, բայց, իհարկե, այդ ամենի մեջ արվեստ կա...Եվ որքան էլ պարադոքսալ է այս ամենը, մեկ է, դրվում է նկարչությանս մեջ...Երբ սիրում ես դու ինքդ ստեղծել մի կերպար, որը շատ անգամ չի համապատասխանում իրականությանը եւ սկսում ես ստեղծագործել, նույնպես մարդկային հարաբերություն ես ստեղծում...Ինձ համար իրական կյանքը հետաքրքիր չէ, դրա համար ես ինձ համար ստեղծում եմ եւ հավատում եմ իմ ստեղծածին: 

Եղածի մեջ նոր բան ստեղծելը եւ դրանով ապրելը պետք է որ շատ վտանգներ ունենա...Նամանավանդ, երբ նյարդդ բաց է: 

Ես ոչնչից չեմ վախենում, այլապես կդադարեի նկարել, իսկ ինչ վերաբեում է նոր բան ստեղծելուն, այո, թվում է` աշխարհում ամեն բան արդեն կա եւ վաղուց ստեղծված է, բայց դա այդպես չի մնում, հենց ծնվում է քո գործը, որի տակ գրված է քո անունը...Դա է ֆանտաստիկը, երբ զգում ես, որ մասնիկ դարձար: 

Կարծես դրանով ապացուցում ես, որ այս բազմազանության ու առատության մեջ գոյություն ունի Մոկո Խաչատրյանը... 

Հենց դա էլ ուզում էի ասել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter