HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարահարթը մարող բնակավայր է (վիդեո)

Լոռու մարզի Սարահարթ գյուղում դեռեւս 1988 թ. աղետալի երկրաշարժի հետեւանքները չեն վերացվել. հարեւան գոգարանցիների նման սարահարթցիներն էլ զրկված են մշակույթի տնից ու մանկապարտեզից: Մանկապարտեզը, ուր 43 երեխա է հաճախում, տեղավորված է դպրոցի շենքում:

Սարահարթի համայնքապետ Վասիլ Փիլոյանը հայտնեց, որ վերջին 4 տարիներին «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպությունը աղետի գոտու պետական ծրագրով Սարահարթում կառուցել է 83 անհատական  բնակարան, որոնցից 11-ը եղել է 1 սենյականոց:

«Լրիվ բնակեցված են»,- ասաց  համայնքապետը:

Վասիլ Փիլոյանը

«Երեք տարի է՝ բնակարանս սարքում են, բայց դեռ կիսատ է: Մերը 3 սենյակ պետք է սարքեին, բայց էս մեկն են սարքել: Պտի կիսեն սենյակը: Քանի անգամ Երեւան նախարարություն եմ գնացել»,- հայտնեց սարահարթցի Սանասար Սուքիասյանը: Վերջինս իր 6 անձից կազմված ընտանիքով արդեն 25 տարի ապրում է տնակում: «Անձրեւները տունս կթափեն, պանելները փթել են արդեն»,- դժգոհեց երկրաշարժից տուժած գյուղացին:

«Սարահարթում աղետի գոտու վերականգնման պետական ծրագրով արդեն շահագործվել է 39 անհատական տուն (8-ը եղել է անավարտ), եւս 18 անհատական բնակարան կառուցման ընթացքում է»,- «Հետք»-ին հայտնեցին «Գլենդել Հիլզ»-ի հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից:

Համայնքապետ Վասիլ Փիլոյանը նաեւ հայտնեց, որ համայնքի 2009-2012 թթ. քառամյա զարգացման ծրագրով լուծվել են գյուղի գազիֆիկացման, փողոցների լուսավորության եւ աղբահանության խնդիրները: Այդուհանդերձ, 1530 բնակիչ ունեցող Սարահարթը մարող բնակավայր է:

Համայնքապետ Վասիլ Փիլոյանը, անդրադառնալով Սարահարթի 2013-2016 թթ. զարգացման քառամյա  ծրագրում ներառված աշխատանքներին, հայտնեց. «Մենք որոշել ենք Փամբակ գետից պոմպերով ոռոգման ջուր բարձրացնել գյուղ, նաեւ մանկապարտեզ ենք կառուցելու, բայց մեկ է սարահարթցիները Ռուսաստանում գործ են ճարում ու ընտանիքներով գնում են»:

Սարահարթի գյուղամիջում թղթախաղով տարված տղամարդկանց հարցրի գյուղի զարգացման մասին:

«Ինչի՞ չի զարգացել, շնորհիվ Պուտինի կերթանք Ռուսաստանից մի երկու կոպեկ կբերենք, ստեղանց նալոգները կփակենք, փողի փոխանակման կետերին փող կուտանք, հարկ ու տուրքը կփակենք, կթողնենք կերթանք»,- ասաց Հենրիկ Բարեկյանը:

Սարահարթցիներն ասացին, որ  տարվա 7 ամիսը «կարտ» կխաղան, 5 ամիսն էլ ռսի դուռը կմաքրեն, որ մի երկու կոպեկ բերեն, ապրեն:

«Մեզի պետք է խաղաղություն, մեզի պետք է աշխատանք: Ուրիշ բան մեզի պետք չէ, 400 տղամարդ գյուղից դուրս կուգան, որ աշխատեն, 400 կնիկ էլ տունը կնստե»,- ասաց Հ. Բարեկյանը:

«Ի՞նչքան պետք է սարահարթցիները Ռուսաստանով ապրեն»,- կրկին դիմում եմ նրանց:

«Սաղ երկիրն ա Ռուսաստանով ապրում, մեր գյուղի ապրելակերպը սաղ խոպանի վրա է»,- բացատրեց համայնքապետ Վասիլ Փիլոյանը: Վերջինս հայտնեց, որ գյուղի 500 հա վարելահողերից հազիվ 100 հա-ն է մշակվում: Գյուղացիներն էլ բացատրում են, թե հող մշակելն այնքան թանկ է, որ «լավ է գնաս փողոց ավլես, փող առնես, քան թե հողը մշակես»: 

Սարահարթցիները արդյունավետ չեն համարում նաեւ անասնապահությամբ զբաղվելը: «Անասուն կպահենք ձրի կուտանք բազարի դալալներին: Հիմա էլ խոտի տուկը 2 հազար դրամով կառնինք»,- հայտնեց Անուշավան Գեւորգյանը:

Սանասար Սուքիասյանի կարծիքով, երկրին լավ պրեզիդենտ է պետք, որ կարողանա ժողովրդին յոլա տանել: Սոցիալական խնդիրների շուրջ ծավալված սարահարթցիների զրույցն աստիճանաբար թեժանում էր: Նրանց ընդհատելով հարցրի, թե ինչ են պահանջելու գյուղ եկող նախագահի թեկնածուներից:

«Այ մարդ, նախագահն արդեն ընտրված է, էդ սաղն էլ գիտեն: Ընտրությո՞ւնը որն է: Ձեւական է ընտրությունը, հա թող դատեն ինձի, արդեն ընտրությունը եղել, պրծել է: Պրեզիդենտը գա ինչ պետք է ընե, ընտրությունը եղած է: Էղած է արդեն, Բարիս ջան, դու քնած ես եղե»,- ասաց  Սուրիկ Հովսեփյանը:

«Էսքան էղավ ի՞նչ հասկացանք, որ հիմա նորից ընտրություն եղնի: Այո, ես շատ դժգոհ եմ Սերժ Սարգսյանից, ի՞նչ է արել, որ»,- ասաց  Բարիս Հարությունյանը: 

Մեկնաբանություններ (3)

ОЛЕГ
ПОМОГАЛИ ВОСТАНАВЛИВАТЬ ВАШЕ СЕЛО ПОСЛЕ ЗЕМЛЕТРЯСЕНИЯ МЫ ТОМИЧИ Я ДУМАЛ У ВАС ТАМ ВСЁ ХОРОШО ОЧЕНЬ ЧАСТО ВСПОМИНАЮ САРААРТ КРАСИВОЕ СЕЛО ЛЮДИ ПРИВЕТЛИВЫЕ БЫЛ У ВАС ДВЕ ВАХТЫ
Генрик Фиданян
Очень больно и обидно за мое село и не только мое.Вся любимая малая родина страдает.Это наш крест,Национальная судьба.
josef
K sazaleniju, Karo, eto pravda. Armjane, vy objazany rabotat na svoej zemle.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter